Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը

  03 Նոյեմբեր 2021  210 դիտում
Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական  կարողությունների զարգացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Էյ ընդ դաբլյու դաբլյու վիրտուալ դպրոց» ՍՊԸ-ն կազմակերպում է տեղեկատվական հանդիպումների շարք: Ծրագիրը նախատեսված է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի՝ հիմնականում 16-45 տարեկան անձանց համար, որոնք հետաքրքվում են ձեռնարկատիրությամբ, ներկա պահին զբաղվում են կամ ցանկանում են զբաղվել ձեռնարկատիրությամբ։

Erit.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն, Սմարթ բիզնես բջջային հավելվածի հեղինակ Անուշ Կոստանյանը պատմում է, որ ծրագրի նպատակը երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացումն է, որն իր հերթին կարող է մեծ ներգործություն ունենալ համայնքների զարգացման գործում:

«Այդ իսկ պատճառով ցանկալի է, որ  նախագծին մասնակցեն յուրաքանչյուր համայնքից 2 ներկայացուցիչներ և փորձեն բիզնես հիմնել իրենց համայնքում: Երիտասարդների  ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը կարող է մեծ դեր խաղալ նաև երիտասարդների կողմից իրականացվող նախաձեռնությունների միջոցով պետության համար գերակա ոլորտներում առկա որոշ հիմնախնդիրների համար լուծումների մշակման տեսանկյունից: Այն կնպաստի նաև գործազրկության կրճատմանը, երիտասարդների զբաղվածության հարցի կարգավորմանը և, առհասարակ, Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը»,-մեզ հետ զրույցում ասում է Անուշ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ տեղեկատվական առցանց հանդիպումների ընթացքում, որոնք տեղի կունենան գործարար․հայ կայքում, կներկայացվեն կարևոր տեղեկություններ, օգտակար գործիքներ, ռեսուրսներ և տեխնոլոգիաներ՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ դրանք հնարավորություն կտան նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքների, կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը, կօգնեն խուսափել որոշ սխալներից և ռեսուրսների (ժամանակ, փող և այլն) վատնումից, ինչպես նաև կօգնեն հիմք դնել ժամանակի զարգացումներին համահունչ խելացի բիզնեսի:

Ըստ «Էյ ընդ դաբլյու դաբլյու վիրտուալ դպրոց» ընկերության տնօրենի՝ տեղեկատվական առցանց հանդիպումների ընթացքում կտրամադրվի մասնագիտական (բիզնես վերլուծաբանի, ֆինանսիստի, շուկայագետի, արտահանման և ներմուծման փորձագետի) խորհրդատվություն, ինչպես նաև հանապատասխան աջակցություն՝ բիզնեսում տեխնոլոգիաների ինտեգրման հարցում: Հրավիրված փորձագետները կպատասխանեն մասնակիցներին հուզող հարցերին, որոնք հնարավոր է նաև նախապես ուղարկել:

«Մենք շատ կարևորում ենք համապետական նշանակության այս նախաձեռնության մասին մեր շահառուններին ծանուցելու և տեղեկացնելու հարցը։ Սիրով կքննարկենք ոլորտին առնչվող նախագծերում համատեղ հնարավոր համագործակցության հեռանկարները։ Թեև հանդիպումներն առցանց են, և տարածքային սահմանափակումներ չկան, սակայն հանդիպումներն տարանջանտվել են ըստ մարզերի՝ հաշվի առնելով տվյալ մարզի առանձնահատկությունները և ներկայացնելով տվյալ մարզում առկա հնարավորությունները»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առցանց տեղեկատվական յուրաքանչյուր հանդիպման  կմասնակցեն 1 կամ 2 մարզի ներկայացուցիչներ:

Ակնկալվում է, որ նախագծի ավարտից հետո դրա մասնակիցները տեղեկացված կլինեն ձեռնարկատիրական ոլորտի մասին, կկարողանան սկսել, կազմակերպել և ինքնուրույն շարունակել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը, ծանոթ կլինեն օգտակար գործիքների և տեխնոլոգիաների, որոնք կբարձրացնեն նրանց աշխատանքների արդյունավետությունը։ Հարկ է նշել, որ ծրագրի ավարտից հետո Սմարթ բիզնես (SM՛ART BU$INE$$) հավելվածը կշարունակի հասանելի լինել 24/7 ռեժիմով՝ առանց տարածքային և այլ բազմաբնույթ սահմանափակումների ու խոչընդոտների:

«Օրինակ, հաճախ բնակության վայրի հետ կապված՝ մրցույթներում սահմանված չափանիշների պատճառով շատ կազմակերպություններ և անհատներ ընդհանրապես չեն կարողանում օգտվել այդ հնարավորություններից, մինչդեռ որոշ թիմեր/կազմակերպություններ բազմաթիվ անգամներ օգտվում են տարբեր ծրագրերից, դրամաշնորհներից և ռեսուրսներից։ Բջջային հավելվածը ստեղծելու գաղափարն առաջացավ, երբ անձամբ անցելով որոշակի ճանապարհ և հաղթահարելով բազմապիսի դժվարություններ՝ հասկացա, թե որքան օգտակար կլիներ և շատ ռեսուրսներ, հատկապես ժամանակ, կխնայեի, եթե շատ տեղեկություններ ունենայի ձեռնարկատիրությամբ զբաղվելու սկզբնական փուլում: Այդ պատճառով բջջային հավելվածում ներառեցի այն փորձառությունն ու գիտելիքները, որոնք կուտակել էի սեփական փորձով, ինչպես նաև կատարած ուսումնասիրությունների արդյունքում։ Թեև բջջային հավելվածը գոյություն ունի արդեն մի քանի ամիս, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հնարավոր դարձավ կազմակերպել տեղեկատվական առցանց հանդիպումներ շահառուների հետ, իրազեկել նրանց և ընձեռել փորձագետներից ձեռնարկատիրական ոլորտին առնչվող տարբեր հարցերի պատասխաններ ստանալու հնարավորություն»,-փաստում է Անուշ Կոստանյանը։

Նշենք, որ տեղեկատվական հանդիպումները կկազմակերպվեն նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը: Մասնակցության համար, որն անվճար է, անհրաժեշտ է գրանցվել գործարար․հայ կայքում: Տեղերը սահմանափակ են, հետևաբար մասնակցության հնարավորություն կստանան շուտ գրանցվողները։

 

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ