Ուսուցիչները՝ «Չարենցյան ոտնահետքերով»

  04 Նոյեմբեր 2021  209 դիտում
Ուսուցիչները՝ «Չարենցյան ոտնահետքերով»

Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ՝ ևս մեկ անգամ արժևորելով ուսուցիչների դերը, փորձելով նրանց օրը լցնել չարենցյան շնչով ու ոգով, ընդարձակելով միջթանգարանային և թանգարան-դպրոց համագործակցության սահմանները, ներկայացնելով Երևանի՝ «արևային քաղաքի» չարենցյան ոտնահետքերի հետագիծը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տրվել է «Չարենցյան ոտահետքերով» քաղաքային էքսկուրսիայի մեկնարկը, որի առաջին մասնակիցները Երևանի տարբեր դպրոցներից հրավիրված ուսուցիչներն էին։

Քաղաքային էքսկուրսիայի մանրամասները, երթուղին, չարենցյան ճանապարհները ներկայացրել է մեր զրուցակիցը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

«Մեր ամենօրյա  վազքում մենք  քայլում-անցնում ենք  Երևանի փողոցներով  և գուցե  չենք էլ պատկերացնում, որ տարիներ առաջ այդտեղով քայլել է նաիրցի մի մեծ պոետ՝ Եղիշե Չարենց անունով»,- ասում է Ժաննա Մանուկյանը։ Վերաժևորելով, հանրայնացնելով  ինչպես Չարենց ստեղծագործող  անհատի, այնպես էլ պատմություն դարձած, պատմություն ստեղծած, կարևոր, դեռևս կանգուն  կամ  վերակառուցված  մշակութային կառույցների դերն ու նշանակությունը՝ «Չարենցյան ոտնահետքերով» քաղաքային էքսկուրսիայի ընթացքում ներկայացվել են այն վայրերը, որտեղ ապրել, ստեղծագործել և աշխատել  է  Եղիշե Չարենցը, կրթական, մշակութային այն կարևոր հաստատությունները, որոնք կրում են Եղիշե Չարենցի անունը։

«Էքսկուրսիայի առաջին կանգառը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն էր, որտեղ ներկայացվեց 100-ամյա թանգարանի ստեղծման և անվանակոչության, թանգարանի՝ չարենցյան հատվածում ցուցադրվող բացառիկ  ցուցանմուշների  պատմությունը,- ներկայացնում է մեր զրուցակիցը և հիշեցնում,-հասցեական շփոթից խուսափելու համար ևս մեկ անգամ պետք է նշել, որ այդ թանգարանը իշխանությունների որոշմամբ սկսել է կոչվել Չարենցի անունով պոետի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ»։  

Ժ. Մանուկյանը պատմում է, որ հաջորդ կանգառը եղել է «Ամբոխները խելագարված» հուշակոթողը, որտեղ խումբը հարգանքի տուրք է մատուցել մեծ պոետի անմահ հիշատակին. «Խումբը ծանոթացավ հուշակոթողի ստեղծման ինքնատիպ ու հետաքրքիր պատմությանը՝ թե ինչպես նշանավոր քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը որոշեց ստեղծել այս քանդակը՝ ի նշան հարգանքի և զղջման»:

«Չարենցյան ոտնահետքերով» քաղաքային էքսկուրսիայի հաջորդ հասցեն «Երևան»՝ հետագայում «Ինտուրիստ», իսկ այսօր արդեն «Grand Hotel Yerevan» հյուրանոցն է եղել. «անսովոր սովորականը» ինչպես խորհրդահայ իրականությունում, այնպես էլ այսօր։

«Հյուրանոցի աշխատակիցը հանգամանալից ներկայացրեց հյուրանոցի ստեղծման պատմությունը, ծանոթացրեց հյուրանոցի կառուցվածքին։ Իր տանիքի տակ համախմբելով բնակիչների` ժամանակի հայտնի մտավորական, քաղաքական, հասարակական գործիչներին` գրողներին, նկարիչներին, գիտնականներին, ճարտարապետներին, հյուրանոցը նրանց համար դարձել է ոչ թե ժամանակավոր կացարան, այլ ապրելու, բնակվելու տաքուկ վայր. Եղիշե Չարենց, Գուրգեն Մահարի, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Փանոս  Թերլեմեզյան, Արա Սարգսյան, Սերգեյ Փարաջանով, Երվանդ Քոչար..»,- ասում  է Ժաննա Մանուկյանը:

 

Մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ ուսուցիչները ծանոթացել նաև Չարենցի ինտուրիստյան կյանքին և հուշերին. «Չարենցի կարճատև կյանքի ամենաերջանիկ պահերը կապվում են ինտուրիստյան «բնակարանի» հետ։ Նա այստեղ  ապրել է 1928-ից մինչև 1935 թվականը` երկրորդ հարկի 21 լյուքս համարում, որը խնամքով պահպանվել է և Չարենցյան շնչով վերակահավորվել: Այստեղ է տեղի ունեցել Չարենցի և Իզաբելլայի ամուսնության արարողությունը, այստեղ են ծնվել  նրանց երկու դստրիկները՝ Արփենիկն ու Անահիտը։ Հայտնի և տարածված լուսանկարը արվել է հենց այս բնակարանում, որտեղ Չարենցը կնոջ՝ Իզաբելլայի և գաղափարակից ընկերների՝ Միքայել Մազմանյանի  ու  Մարտիրոս Սարյանի հետ նշում է իր գրական գործունեության 20-ամյակը»։

Չարենցի սիրելի Աբովյան փողոցում երթևեկելով՝ խումբը շրջայցի ընթացքում ծանոթացել է Չարենց հրատարակչի պետհրատյան գրական և մշակութային գործունեությանը։

Վերջին՝ խորհրդանշական կանգառը Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էր։ «Մաշտոցի 17 հասցեում գտնվող, Չարենցի սիրելի «արևային» Երևանի դիմանկարը ամբողջացնող այս շենքում է կյանքի վերջին երկու տարիներին իր ընտանիքի  հետ  ապրել ու ստեղծագործել Եղիշե Չարենցը»,- ասում է պոետի տուն-թանգարանի տնօրենը։

Եզրափակելով «Չարենցյան ոտնահետքերի» ընթացքի պատմությունը՝ Ժաննա Մանուկյանը ասաց, որ սա հրաշալի հնարավորություն է՝ ընդլայնելու բազմաբովանդակ համագործակցության սահմանները, ինչպես նաև ընդարձակելու չարենցյան ոտնահետքերի սահմանները՝ դրանք հասանելի դարձնելով ինչպես միջին և ավագ դպրոցների աշակերտների, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների  և արվեստասեր հանրության համար։

Նյութը պատրաստեց՝ Լալա Բադոյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ