Կինոն զգացմունքի պես է. կարևորը կիսատ չթողնեն. Հայկ Մկրտչյան՝ Փելեշյանից ու Մանսուրյանից կյանքի դասեր ստացած ռեժիսորը

  04 Նոյեմբեր 2021  403 դիտում
Կինոն  զգացմունքի պես  է. կարևորը կիսատ չթողնեն. Հայկ Մկրտչյան՝ Փելեշյանից ու Մանսուրյանից կյանքի դասեր ստացած ռեժիսորը

«Փելեշյանի հետ ամեն օր սև սուրճ էինք խմում, հաճախ Կոպոլայի ֆիլմերը դիտում, իր ֆիլմերը դիտում,զրուցում, քննարկում, ծխում. այդ ժամանակ նա դեռ չէր թողել ծխելը... մեր զրույցները հիշելիս միշտ գալիս է այդ սրճածխախոտային հոտը։ Նրա կարծիքները երբեք երկար չէին լինում․ խոսում է կարճ, կտրուկ, հստակ»,- ասում է ռեժիսոր Հայկ Մկրտչյանը, ով երկար ժամանակ աշխատել է գեղարվեստական և վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Արտավազդ Փելեշյանի հետ՝ նրա երկհատոր գրքի ստեղծման վրա։ Հայկն ասում է, որպեսզի Փելեշյանը մեծ ազդեցություն ունենա ռեժիսորի կյանքի ու գործունեության վրա, անգամ պարտադիր չի նրան իրական կյանքում տեսած լինելը. Փելեշյանի ֆիլմերը տեղով դպրոց են. «Ես ուղղակի բախտավոր եմ, որ իմ կյանքում եղել է Փելեշյան»։ Հայկի հետ զրուցել ենք Հայաստանում ռեժիսոր դառնալու հնարավորությունների, բարդությունների, ֆիլմերի ու իր անցած ճանապարհի մասին։ Նշենք, որ երիտասարդ ռեժիսորը հայ հանդիսատեսին ավելի հայտնի է իր դիմանկար-կենսագրական ֆիլմերի շարքով։

- Հայկ, հայ հանդիսատեսը քեզ գիտի 3 մեծերի՝ Մանսուրյանի, Ամիրխանյանի և Մուշեղյանի մասին քո հեղինակային դիմանկար- ֆիլմերով։ Ինչպե՞ս ստացվեց,որ դու ընտրեցիր հենց այդ ժանրը։

- Ստացվել է, կարելի է ասել, ինքն իրեն. եղել են առաջարկները, հետաքրքրել են ինձ, ընդունել եմ պատվերը։ Շատ հարստացնող նախագծեր են. խոսքս հոգևոր արժեքների մասին է։ Կարող եմ ասել՝ սա մի էտապ էր իմ կյանքում՝ որպես ռեժիսոր, բայց արդեն զգում եմ նոր շնչի, փոփոխության կարիք. մտածում եմ գեղարվեստական ֆիլմերին վերադառնալու մասին։ Բայց, իհարկե, չեմ բացառում, որ էլի հետաքրքիր առաջարկ լինի, համաձայնեմ։ Ուղղակի, որպես ռեժիսոր, նոր միջավայրի կարիք ունեմ։

- Հետաքրքիր փորձառություն էր, իսկ նման հեղինակությունների հետ աշխատելը հե՞շտ էր։

- Նրանց հետ աշխատելը բախտավորություն եմ համարում։ Իմ բոլոր հերոսները եղել են լիբերալ, բաց, երբեք չեն խցկվել  ստեղծագործական աշխատանքի մեջ և շատ օգնել են։ Դիմանկարներիս հերոսների հետ կոնտակտ գտնելը, նրանց հետ աշխատելը շատ հեշտ է եղել, հաճելի։

Մանսուրյանը«Մաեստրո Մանսուրյան»

- Մանսուրյանի մասին ֆիլմ նկարելու Գաղափարը ծնվել է շատ վաղուց: Այդ ժամանակ ես աշխատում էի «Օրդֆիլմ»-ում և մենք մեկ այլ ֆիլմի համար հարցազրույց էինք անում Տիգրան Մանսուրյանի հետ: Հասկացա, որ չկար մի ֆիլմ, որը պատմեր նրա միջազգային գործունեության մասին: Ֆիլմի նկարահանման գաղափարն առաջարկեցի Հայկ Օրդյանին, ով ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է, և 2014 թ-ի գարնանը սկսեցինք նկարահանման աշխատանքները: Մանուսարյանը Հայաստանում հայտնի է որպես «Կտոր մը երկնքի» և այլ ֆիլմերի երաժշտության հեղինակ, իսկ աշխարհի մակարդակով նա հանրահայտ ավանգարդիստ է, կոմպոզիտոր, հայտնի ոչ թե մեր սիրտը գրաված, այլ բոլորովին ուրիշ երաժշտությամբ, օրինակ «Ռեքվիեմով»։ Մենք Մանսուրյանի հզորությունը չգիտեինք։ Ես իմ ֆիլմի ստեղծման ժամանակ իմացա, թե ինչ բեմերում է հնչել Մանսուրյան, ինչ պրոդյուսրներ են նրա հետ աշխատում, ովքեր են նվագում Մանսուրյան, ինչ պահանջարկ ունի աշխարհում. դա ֆիլմ բացահայտում էր նաև ստեղծագործական կոլեկտիվի համար։ Շատ ցավալի է, երբ մեր կողքին ապրում է Մանսուրյանի պես կոմպոզիտոր, ու մենք չգիտենք նրա իրական մեծությունը։ Ֆիլմի հիմնական ուղղությունը եղել է հնարավորինս բացահայտել Մանսուրյանի մեծությունը, թե ինչով է ինքը հայտնի ամբողջ աշխարհին որպես կլասսիկ, ավանգարդ երաժշտության ստեղծող։ Դրա համար շատ բարդ աշխատանք ունեցավ ֆիլմը արխիվների հայթայթման, մշակման առումով, որովհետև աշխարհի շատ երկրներում կային նյութեր՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ամերիկա և այլն. դրանց ստացման վրա պրոդյուսերական թիմերը լավ աշխատանք տարան։ Ֆիլմի ճամփորդությունը այսքանով չի ավարտվել․ հիմա կա ծրագիր ֆիլմը ցուցադրել ֆրանսիական երաժշտական ալիքով։

Ամիրխանյանը«Սիրտն իմ»

- Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը, մտքերը, հիշողությունը ամփոփեցինք նոր ֆիլմում․ կենտրոնում հենց ինքն է, իր երաժշտությունը, մտքերը, իր փիլիսոփայությունը, ընտանիքը, իր հիշողությունները, իր հետ կապված արխիվային ձայնագրությունները։
Նախքան նկարահանելը, տարբեր տարբերակներ են քննարկվել՝ օրինակ ներգրավել տարբեր հերոսների։ Սակայն հասանք նրան, որ ֆիլմում հիմնական հերոսը պետք է լինի ինքը: Կադրում գերիշխողը նա է: Ես փորձել եմ 52 րոպեի միջոցով տալ, ներկայացնել մաեստրոյի ստեղծածը։

Ամիրխանայնի ֆիլմի ստեղծման աշխատանքները շատ դրամատիկ էին։ Ֆիլմի նկարահանումները սկսել էինք պատերազմից մեկ տարի առաջ. ֆիլմի հիմնական գիծը Ամիրխանյանի ճանապարհորդությունն է դեպի Արցախ՝ նրա համերգը Ստեփանակերտում, մենք էլ նրա հետ գնացել էինք, նկարել։ Մոնտաժի ժամանակը համընկավ պատերազմին. ծանր էր շատ, զուգահեռ իրականություններ էին. մեկում դու Քարվաճառում ես, մյուսում՝ հեռուստացույցով հայտարարում են, որ Քարվաճառը հանձնել են։

Գուրգեն Մուշեղյան«Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան»

- Եթե Ամիրխանյան, Մանսուրյան գոնե մի քիչ գիտենք, Մուշեղյանը լրիվ բացահայտում էր...Մուշեղյանով սկսեցինք խորանալ՝ ինչ է Սովետական մոդեռնիզմը, ինչով են տարբերվում տեսակները ճարտարապետության, որպեսզի սկսես հասկանալ հերոսիդ, զգաս՝ ինչով է արժևորվում նրա ստեղծածը։ Նախաձեռնությունը եղել է Մուշեղյանի դուստրերինը: Աննա Մուշեղյանը ֆիլմի համապրոդյուսերն է, իսկ գլխավոր պրոդյուսերն է Հայկ Օրդյանը, սցենարիստը Սառա Նալբանդյանն է։ Ֆիլմի ստեղծման համար համագործակցել ենք նաև ռուսաստանցի մասնագետների հետ, օրինակ` հնչյունային ռեժիսորը Ալեքսեյ Չերեմիսինովն է։ Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, Մոսկվայում: Անձամբ Գուրգեն Մուշեղյանը մասնակցել է ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ։ Մուշեղյանի հետ աշխատեցինք երկար, բայց մի ցավալի բան եղավ, մեր վերջին նկարահանումից հինգ օր հետո նա Քովիդից մահացավ ու չտեսավ մեր համատեղ աշխատանքի պտուղները...իսկ ինքը սպասում էր, անհամբեր էր, մեզ էլ շտապեցնում էր։

- Բայց չնայած կենսագրական ֆիլմերի ստեղծման մասին այսքան սիրով ու գորովանքով ես պատմում, այդուհանդերձ նոր բան ես փնտրում։

- Սա միջավայր փոխելու պես մի բան է զուտ։ Միջավայր փոխելը ինձ վրա դրական է ազդում։ Նոր շփումներն են կարևոր, երբ դու շփվում ես տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ, քեզնից լավին ես տեսնում, քեզնից վատին ես տեսնում, նոր ձգտումներ են առաջանում մոտդ, նոր ֆիլմերի գաղափարներ են, ի վերջո, ծնվում։ Հիմա մտքումս կան շատ դեռ հում խաղարկային ֆիլմերի գաղափարներ, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել։

- Իսկ մանագիտությամբ բանասերիդ ֆիլմերի աշխարհ ո՞վ է բերել ընդհանրապես։

- Դե մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն չեմ ունեցել, որովհետև իմ ընդունվելու ժամանակ ուղղակի խումբ չհավաքվեց, և ես ստիպված գնացի Հայ բանասիրության ֆակուլտետ։ Բայց հիմա չեմ ափսոսում, որովհետև գրականությունը այն առարկան է, որ ստեղծագործական ոլորտի յուրաքանչյուր մասնագետի միշտ ու շատ պետք է գալու։ Այդ առումով շատ շնորհակալ եմ իմ ֆակուլտետին։ Ռեժիսուրան այն մասնագիտությունն է, որում քեզ պետք է վարպետ, ոչ թե ԲՈՒՀ, ռեժիսոր պրոցեսի մեջ ես դառնում։Կարող եմ ասել՝ իմ վարպետը, ով ինձ սովորեցրել է ռեժիսուրայի այբուբենը, Հայկ Օրդյանն է։ Կայացմանս փուլը եղել է «Օրդֆիլմում»։ Ամենատարրական բաներից սկսած՝ այնտեղ եմ սովորել։ Ֆիլմ նկարելու առաջարկ էլ նրանից եմ ստացել։ Երբ ես դեռ բանասիրականի ուսանող էի, արդեն զբաղվում էի ռեժիսուրայով, առաջին ֆիլմս էլ հենց համալսարանի մասին էր։ Հետո մի առաջարկին հաջորդեց մյուսը և, ի վերջո, որպես հիմնական աշխատանքի առաջարկ ստացա ռուսական ֆիլմարտադրող ընկերությունից, տեղափոխվեցի Մոսկվա ու մինչ այսօր աշխատում եմ այնտեղ։ Աշխատում եմ բոլորովին այլ կոնտենտի հետ, շատ տարբեր թեմաներով. Ծովային նավատորմի մասին պատմող ֆիլմից մինչև կրոնական թեմայով՝  «Ավագ Հինգշաբթի», Չինացիների մանկատներում լքած երեխաներից՝ մինչև գլոբալ տաքացում. ամենաանսպասելի թեմաներով ֆիլմեր ունեմ՝ փաստավավերագրական։ Չեմ հաշվել դրանց քանակը․․․ Սկզբնական շրջանում, հիմնականում, մոնտաժ էի անում, հետո անցա ռեժիսուրային։ Բայց պիտի ասեմ, որ մոնտաժը ստեղծագործական մասի աղն է, կայծը։ Բոլոր լավ ռեժիսորները նաև հիանալի մոնտաժ անող են... ասենք՝ Փելեշյանը հենց մոնտաժն է, հո նկարահանո՞ւմը չի։ Իհարկե, նկարահանումն էլ է կարևոր, բայց ինքդ քո արածի հաճույքը վայելում ես հենց մոնտաժի ժամանակ։

- Այլ լեզվամտածողությամբ այդ շրջանակում դժվար չէ՞ր։

- Դժվար էր, իհարկե, բայց հետո էլ այստեղ է դժվար լինում՝ այնտեղ սովորելուց հետո։ Պրոֆեսիոնալիզմի առումով շատ ենք զիջում, եթե խոսում ենք թիմային աշխատանքի մասին, որովհետև կինոն առաջին հերթին թիմային աշխատանք է՝ սկսած պրոդյուսինգից, վերջացրած մոնտաժով ու փոսթփրադաքշնով։ Այնտեղ շատ հստակ ամեն մարդ գիտի իր անելիքը որն է և անում է։ Հայաստանում դրա խնդիրը անընդհատ զգացվում է, հիմնականում պրոդյուսերի, համակարգողի պակասն է շատ զգացվում։ Ու ցանկացած աշխատանք տանջանքի է վերածվում։

- Ներշնչանք որտե՞ղ ես գտնում։

- Շատ տարբեր, երբեմն անսպասելի բաներ կարող են ներշնչանքի աղբյուր դառնալ՝ կյանքի դրվագներ, բնության երևույթներ, ինչ-որ արարք, տեսարան և այլն... Օրինակ Ամիրխանյանի ֆիլմի պրեմիերային իմ որդին՝ Վահանը, կյանքում առաջին անգամ մտավ կինոթատրոն և նայեց ֆիլմ։ Ինքը 52 րոպե վավերագրական ֆիլմ նայեց, վերջում ծափ տվեց, եկավ, մոտեցավ ինձ։ 5 տարեկան է։ Երևի հաջորդ մի քանի ֆիլմերի ոգեշնչում էր նրա ուրախությունը տեսնելը։ Մի ուրիշ զգացողություն է, որ որդիդ հպարտ է քեզնով։

 - Իսկ դու ֆիլմեր տա՞նն ես սիրում նայել, թե՞ կինոթատրոնում։

-Ավելի հաճախ տանը, որովհետև ինձ կոմֆորտ է պետք. կինոթատրոնը շատ լավ բան է, կինո գնալը կուլտուրա է, թատրոնի պես մի բան է, կարելի է գնալ, լավ ֆիլմեր նայել՝ լավ միջավայրում, կիսելով մթնոլորտ, բայց երբեմն ինձ ուղղակի կոմֆորտ է պետք տնական։ «Սոլյարիս», «Ստալկեր»  չես նայի պոպկոռնով նստած մարդկանց կողքին։ Կինոթատրոնում Տարկովսկի եմ նայել, տանջվել։



- Կինոյից հեռու մարդիկ այն ընկալում են զուտ որպես ժամանց։ Որպես մասնագետ  ինչպե՞ս ես նայում  կինո։

- Ես մոռանում եմ, որ ռեժիսոր եմ, եթե, իհարկե, խնդրած չեն լինում որպես մասնագետ նայել, և նայում եմ որպես Հայկ։ Իհարկե, ներքին խոհանոցին ծանոթ լինելու փաստը երբեմն խանգարում է, բայց փորձում եմ չֆիքսվել, որ չզրկեմ ինձ ռելաքսի մեջ ֆիլմ նայելու հաճույքից։ Դա նույնն է, որ կոմպոզիտորը երաժշտություն լսելուց անընդհատ ուղեղի մեջ դիագնոստիկա գծի, նոտայագրի և այն։ Չնայած, Մանսուրյանն ասում էր, որ, երբ միայանակ ու պարապ է լինում, նստում Բախ է արտագրում։ Ասում է՝ արտագրելիս լսում է և իր մոտ այն տպավորությունն է, որ ինքն է գրել, այլ վայելք է զգում։

- Իսկ ունե՞ս իդեալական հանդիսատեսի  կերպար։

- Շատ տարբեր նախագծեր եմ արել տաբեր լսարանների համար՝ իրարից ծայրահեղ տարբեր, ու միշտ լսել եմ շատ տարբեր արձագանքներ։ Ֆիլմի ընթացքի ժամանակ շատ չեմ մտածում հանդիսատեսի մասին, ռեժիսորին դա կխանգարի էլ, բայց վերջում, երբ արդեն հայտնվում է էկրաններին՝ սկսում ես հուզվել. կհավանե՞ն արդյոք։ Իմ փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր պրոդուկտ ունի իր աուդիտորիան, դա արդեն մարքեթինգային թիմի խնդիրն է, որ հասնի ճիշտ լսարանին։ Իմ երազած հանդիսատեսը երկրորդ անգամ է ցանկանում իմ ֆիլմը նայել, փնտրում է իմ այլ ֆիլմեր, այսինքն՝ սրտին մոտ է եղել, սիրել է, խոսել ենք իրար հետ։ Կինոն  զգացմունքի պես  է. կարևորը կիսատ չթողնեն՝ կեսից դուրս գան կինոթատրոնից։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ