Նոր հնարավորություններ՝ Ստեփանավանի երիտասարդների համար

  05 Նոյեմբեր 2021  743 դիտում
Նոր հնարավորություններ՝ Ստեփանավանի երիտասարդների համար

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Երիտասարդների հզորացում՝ հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» նախագիծը: 2021թ.-ի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ծրագիրը կիրականացվի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում՝ թիրախավորելով համայնքի չորս (մեկ քաղաքային և երեք գյուղական) բնակավայրեր: ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո այս բնակավայրերում նոյեմբեր ամսին առաջին անգամ նոր՝ համամասնական ընտրակարգով կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

Erit.am-ի հետ զրույցում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հկ-ի նախագահ Նազելի Ավագյանն ասում է, որ նոր ընտրակարգի և տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության վերաբերյալ ամռանը հարցումներ են իրականացրել համայնքի երիտասարդության շրջանում, մասնավորապես, Ստեփանավանում գործող մեկ բարձրագույն և մեկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաև համայնքի չորս բնակավայրերի մարդաշատ վայրերում՝ 16-30 տարեկան երիտասարդների շրջանում: Նրա խոսքով՝ հարցվողների 68%-ը տեղյակ չէ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության նոր կարգից, 40%-ը չի հավատում, որ կարող են մասնակցություն ունենալ համայնքային զարգացումներին, իսկ 53%-ը տեղյակ չէ, որ որպես քաղաքացի իրավունք ունի մասնակցել համայնքում որոշումների կայացմանը:  Հարցվողներից շատերի կարծիքով՝ համայնքի կառավարումը և զարգացումն իրենց ընտրած ՏԻՄ-երի, մասնավորապես, համայնքի ղեկավարի գործն է:

«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հկ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ համայնքում ցածր է նաև երիտասարդների ներգրավվածությունը գործող ավագանու կազմում: Ըստ մեր զրուցակցի՝ չկա նաև համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող երիտասարդական խորհուրդ, և դա այն դեպքում, երբ 2014-16թթ.. Ստեփանավանում գործել է նման խորհուրդ, որը նպաստել է Ստեփանավանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք դարձնելու գործում, սակայն ներկայում այն լուծարվել է:

«Վերոնշյալ դիտարկումներից եզրահանգում ենք, որ երիտասարդությունը չի մասնակցում տեղական մակարդակում որոշումների կայացմանը, թեև «Տեղական ինքնակառավաման մասին» ՀՀ օրենքը սահմանում է համայնքի՝ 16 տարին լրացած  բնակիչների մասնակցությունն այդ գործընթացին: Իրավիճակը բացատրվում է ինչպես կարծրատիպերի առկայությամբ, օրինակ՝ «ես ինչ գործ ունեմ խառնվեմ», «վատամարդ կլինեմ», «իրենց գործն է, ինչ ուզում են, թող անեն» և այլն, այնպես էլ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու վերաբերյալ իրավունքներից իրազեկ չլինելու և ցածր մոտիվացիայի պատճառով»,-նշում է Նազելի Ավագյանը՝ հավելելով, որ խնդիրն ավելի է խորացել վերջին շրջանում՝ պայմանավորված COVID-19 համավարակով և Արցախյան երկրորդ պատերազմով: