Կորսվող արհեստներ. Ամեն օր աղոթում ենք, որ եզակի մասնագետները մեզ չլքեն

  05 Նոյեմբեր 2021  169 դիտում
Կորսվող արհեստներ.  Ամեն օր աղոթում ենք, որ եզակի մասնագետները մեզ չլքեն

21-րդ դարը, բազմաթիվ մարտահրավերների ու կորուստների շարքում, մեզ է հրամեցրել մի նոր մարտահրավեր՝ կորսվող, մեռնող արհեստները, որոնք նվիրյալները փորձում են փրկել «կյանքի գնով» ու ատամներով, երբեմն՝ փոքրիկ խորամանկություններով։ Նրանք զուտ ռոմանտիկներ չեն. պարզապես հասկանում են՝ այն, ինչ այսօր ակտուալ չի թվում, վաղը լինելու է ամենապահանջվածը։

Այս կապակցությամբ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը ասում է.

«Օրինակ՝ «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» բաժին ունենք, որ պահանջված չէր. այլ բաժիններից դուրս մնացած երեխաներին էինք խնդրում, համոզում այդ բաժնում ուսանել։ Հիմա ի՞նչ ունենք. ուժեղ մրցակցություն, անհավատալի հետաքրքրություն։ Այսօր արդեն հարգի է էկոլոգիական շեշտադրումներ անելը, օրինակ՝ սպասքը բացի նրանից, որ գեղեցիկ պիտի լինի ու գեղագիտական վայելք պատճառի, պիտի նաև էկոլոգիապես մաքուր լինի, ինչը առաջին պլան է բերել խեցեգործությունը։ Համագործակցում ենք իտալական «Սերամիսա» գործարանի հետ, որը մեր երեխաներին սիրով տանում է աշխատելու։ Ընդհանրապես, մեր սաները դառնում են ունիվերսալ աշխատակիցներ գործատուների համար... Այսինքն՝ այդ արհեստը վերածնունդ ապրեց, իսկ եթե փակեինք բաժինը, ի՞նչ կունենայինք առաջարկելու։ Մասնագետ էլ չէինք ունենալու, որ պահանջարկի դեպքում գտնեինք, բերեինք սովորեցներ նոր սերնդին։ Մանագիտություններ կան, որ սերնդեսերունդ փոխանցելու կապը դժվարացել է։ Դրանցից է նաև ձուլող-կաղապարողը. մի մասնագետ ունենք, եթե նա էլ մի որոշի չգալ, ի՞նչ ենք անելու։ Քանդակագործներն ինչպե՞ս են աշխատելու։ Ամեն օր աղոթում ենք, որ եզակի մասնագետները մեզ չլքեն մինչև նոր սերունդ հասցնենք ձևավորել։ Այդ կապը չկորցնելը այսօրվա մարտահրավերներից է։ Մասնագետներին պետք է գտնել, ոգևորել, խրախուսել»։

Կան մասնագիտություններ, որ պահանջված են. Օրինակ՝ դիզայնը։ Այս բաժնի համար միշտ դիմորդներ կան, երեխաներին թվում է՝ այս հմտությամբ հեշտ կգտնեն իրենց  տեղը աշխատաշուկայում։ Մնացականյանը կարծում է, որ պետությունը պիտի օգնի, խրախուսի, պիտի սահմանի՝ ի՞նչն է արժեք, բայց դեռ չունի կոմերցիոն հետաքրքություն, որ պետք է պահպանել, որ չկորսվի, որովհետև մի գեղեցիկ օր դա էլ կարող է դառնալ կոմերցիոն հետաքրքրություն առաջացնող։

Շեշտը, ըստ Մնացականյանի,  պետք է դնել կոնկրետ արհեստների վրա՝ դիտարկելով որպես «փեշակ», մի բան, որը կօգնի երեխային աշխատաշուկայում իր տեղը գտնել։ Նա հիշում է, որ Խորհրդային Միության ժամանակ մի կարծրատիպ կար ձևավորված, որ բարձրագույն կրթությունը պարտադիր պայման է, իսկ միջին մասնագիտականն եկավ ապացուցելու, որ որորոշակի գիտելիքներ ձեռք բերելով, ունակություններ ունենալով կարող ես շատ ավելի լավ քեզ գտնել այս կյանքում։

Խնդիրն այն է, որ հիմա կրթությունն անվճար չէ, ընտանիքը պետք է առնվազն տնտեսական վերլուծություն անի, որ, օրինակ, ես այսքան ծախս եմ անում երեխայի կրթության վրա, նա քանի՞ տարում դա հետ կբերի, կամ արդյոք այդ գիտելիքը նրան անհրաժե՞շտ է, որպես ունիվերսալ գործիք կծառայի՞, թե՞ ոչ։

«Մեր քոլեջը մշտապես՝ այս 100 տարիների ընթացքում, ապացուցում է, որ միջին օղակը անհավանական կարևոր է տնտեսության զարգացման համար։ 100 տարի առաջ, երբ ազգի կեսը որբ էր, կեսը գաղթական, իշխանությունները ճիշտ կողմնորոշվեցին, կրթօջախներ սկսեցին ստեղծել։ Այս դաշտը՝ միջին մասնագիտական օղակը, շատ կարևոր է տնտեսության զարգացման համար։ Չմոռանանք, որ Խորհրդային Միությունն իր ողջ արդյունաբերությանը միջին մասնագիտական դաշտով զարկ տվեց։ Հետխորհրդային տարիներին անտեսված ենք եղել․ անգամ օրենսդրական դաշտում, երբ կարգավորող օրենքներ էին ընդունվում, վերաբերում էին դպրոցներին, ԲՈՒՀ-երին և ոչ քոլեջներին ու ուսումնարաններին։ Վերջին 7 տարիներին սառույցը, կարծես, սկսեց հալվել։ Ուշադրություն սկսեցին մեզ դարձնել, ինչ-որ քայլեր, ծրագրեր արվում են հեղինակությունը բարձրացնելու համար. փորձի փոխանակման ծրագրեր, միջազգային համագործակցություն և այլն։ Շատ հաջող համագործակցում ենք Բրիտանական խորհրդի հետ։ Նրանք շեշտը դնում են արհեստների վրա, դա երեխաների մոտ բարձրացնում է այդ արհեստի բարոյական արժեքը, երեխան, ինքն իրեն ասում է՝ եթե եվրոպական այս մեծ գերտերությունը կարևորում է այս արհեստը, ուրեմն՝ արժե սովորել»։

Փորձի փոխանակման ծրագրերի, մեր ու եվրոպական երկրների ընդհանրությունների ու տարբերությունների  մասին խոսելիս, Մնացականյանը նշում է, որ կան ընդհանրություններ, բայց կան նաև շատ տարբերություններ, տարբեր փիլիսոփայություն, կրթության հանդեպ վերաբերմունք և այլն․

«Երևի թե, երկուստեք շատ կարևոր հանդիպումներ են դրանք՝  և՛ տալու և՛ վերցնելու շատ բան ունենք։ Օրինակ՝ արևելքում կորսվել է կերպարվեստը. այնտեղ ավելի շատ տեխնոկրատական , վիրտուալ դաշտն է զարգացած։ Ձեռքի աշխատանքը վերանում է և մեր որակական հատկանիշները այդ մասով շատ բարձր են գնահատվում։ Նրանք էլ մեր օգնությամբ դա են փորձում իրենց մոտ վերականգնել։ Այնպես որ՝ նրանք էլ մեզնով, մեր սաներով են հիացած, վերցնելու բան էլ ասում  են, որ շատ ունեն։ Այնտեղ շատ գնահատում են մեր որակական հատկանիշները։ Ես դա միշտ շեշտում  եմ. խեղճ «Գիքորի» կերպարն ինձ դուր չի գալիս»։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ