Amazon-ի և Bolt-ի հայ ծրագրավորողը պատմում է՝ ինչպես դառնալ պահանջված մասնագետ

  08 Նոյեմբեր 2021  221 դիտում
Amazon-ի և Bolt-ի հայ ծրագրավորողը պատմում է՝ ինչպես դառնալ պահանջված մասնագետ

Ծրագրավորումը Հայաստանում ամենպահանջված ու ցանկալի մասնագիտություններից է և ամենաշատ հումորներն ու անեկդոտներն էլ նրանց մասին են։ Եթե առաջ բոլոր երեխաները ցանկանում էին դառնալ բժիշկ, երգիչ ու մանկավարժ, իսկ ավելի ռոմանտիկները՝ տիեզերագնաց, ապա այսօր բոլորը, անգամ ոչ երեխաները, այլ՝ բժիշկ, երգիչ ու մանկավարժ դարձածները փորձում են սովորել այս մասնագիտությունը։ Նպատակը պարզ է. ամենալավ վարձատրվողներից է, կարող ես աշխատել հեռավար և այլն։ Ծրագրավորման մասին խոսել ենք Amazon-ի և Bolt-ի ծրագրավորող Մերուժ Քերոբյանի հետ։ Մերուժը ծնվել և մեծացել է Երևանում, կյանքի մեծ մասն ապրել է այստեղ։ Համալսարանում սովորել է Ֆիզիկայի ֆակուլտետում, սակայն ասպիրանտուրայի վերջին տարիներին հասկացել է, որ ուզում է զբաղվել ծրագրավորմամբ։ Հիմնականում, ինքնուրույն է սովորել։ Երեք տարուց ավելի աշխատել է Հայաստանում, որից հետո որոշել է նոր փորձությունների համար մեկնել արտասահման. «Այդ պահին աշխատանքի առաջարկ ունեի Amazon-ից, որտեղ էլ աշխատեցի հաջորդ երեք տարիներին։ Հիմա աշխատում եմ Եվրոպայի ամենարագ աճող ստարափներից մեկում՝ Bolt–ում»։ Մերուժի համար ծրագրավորումը ապրելակերպ է, ոչ թե աշխատանք։ Երիտասարդ մասնագետին զվարճացնում են թյուրընկալումները մասնագիտության հետ կապված. «Հիմնական կարծրատիպայիններից են՝ «Կարո՞ղ ես Ֆեյսբուքի էջ կոտրել», կամ «Կարո՞ղ ես այնպես անել, որ համակարգիչս արագ աշխատի»»։

- Իսկ ի՞նչ է իրականում ծրագրավորումը։
- Ծրագրավորումը լինում է շատ տարբեր տեսակների, բայց դրանց բոլորին համախմբում է մեկ ընդհանուր բան․ դրանց արդյունքում ստեղծված ծրագրերը լուծում են ինչ–որ խնդիր։ Կարող է թյուր կարծիք ձևավորվել, որ ծրագրավորողի աշխատանքը ծրագիր գրելն է։ Իրականում, ծրագրավորողին վճարում են դրված խնդիրը լուծելու համար, ուղղակի այնպես է ստացվել, որ այս պահին ծրագիր գրելը ամենաարդյունավետ միջոցն է՝ տվյալ խնդիրը լուծելու համար։ Նաև կարծիք կա, որ ծրագրավորողը ամբողջ օրը համակարգչի հետ է աշխատում։ Դա նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես ասացի, ծրագրավորողի առաջադրանքը խնդիր լուծելն է, և լավ ծրագրավորողը պետք է հասկանա խնդիրը՝ այն լուծելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է անընդհատ համագործակցել տարբեր մարդկանց հետ։ Ծրագրավորումը միայն ծրագիր գրելը չէ։ Դա գործի շատ չնչին մասն է։

- Ինչքանո՞վ ենք մենք՝ ոչ մասնագետներս, առօրյա կյանքում առնչվում դրա հետ։
- Առավոտյան քնից արթնանում ենք զարթուցիչով, թեյնիկով ջուր ենք տաքացնում, կամ սուրճ պատրաստում սարքով, սառնարանից հանում ենք մեր սիրելի նախաճաշը, հեռախոսով ստուգում ենք այսօրվա մեր օրացույցը կամ հետևում եղանակին, տաքսի ենք պատվիրում կամ մեքենայով ու ավտոբուսով գնում ենք աշխատանքի։ Այս բոլոր քայլերում մենք օգտագործում ենք մեկ կամ մի քանի «համակարգիչներ», շատ հաճախ նույնինսկ առանց գիտակցելու։ Լուսացույցները, վերելակները, նույնիսկ շենքում ելքը ցույց տվող փոքրիկ ցուցանակները, բոլորը այսօր աշխատում են «համակարգչով», իսկ ինչ–որ ծրագրավորող դրանց համար ծրագիր է գրել։ Բժշկական սարքավորումների, ինքնաթիռների, նույնիսկ բանկային քարտերի մեջ կան չիպեր, որոնք պարունակում են որոշակի ծրագիր։

- Ո՞րն է դրան տիրապետելու կարևորությունն այսօր, ի՞նչ է տալիս մարդուն, ինչպե՞ս է հեշտացնում կյանքը, նպաստում դրա որակի բարձրացմանը։
- Ծրագրավորումը սովորական մասնագիտություն է, որը, սակայն, ի տարբերություն ուրիշ մասնագիտությունների, կարող է կիրառվել շատ ավելի բազմազան ոլորտներում։ Այն կարող է կիրառվել սարքերում, որոնցից մարդկային կյանքեր են կախված, կամ կարող է կիրառվել ինչ–որ հեռախոսային հավելված կամ խաղ ստեղծելու համար, որով մարդիկ, ուղղակի, ժամանակ են անց կացնում։

- Կարո՞ղ է վտանգավոր լինել, վատ նպատակներով օգտագործվել։
- Ծրագրավորողը ստեղծում է գործիք, ծրագիր։ Եվ ինչպես ցանկացած գործիք, այն կարող է օգտագործվել «լավ» կամ «վատ» նպատակներով։

- Ի՞նչ հմտություններ են պետք ծրագրավորող դառնալու համար։
- Կարևոր հմտություններից կարող եմ առանձնացնել անալիտիկ մտածելակերպը, մանրուքներին ուշադրություն դարձնելը, համբերությունը։ Ոչ տեխնիկական հմտություններից կարևոր են պունկտուալությունը և հաղորդակցվելու կարողությունները։