Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժն ուղղել Հայաստան. Արևիկ Օրբելյան

  10 Նոյեմբեր 2021  302 դիտում
Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժն ուղղել Հայաստան. Արևիկ Օրբելյան

2016 թվականի մայիսն էր։ Արևիկ Օրբելյանը հյուրախաղերով մեկնել էր Դոնի Ռոստով։ Հենց այնտեղ նկատեց, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ուշադրության, իրենց արած գործերի մասին պատմելու, լսելի լինելու կարիք ունեն։ Նկարահանեց քաղաքն ու այնտեղ ապրող հայերին։ Այն դարձավ «Հայկական գաղթօջախներ» հաղորդաշարի առաջին տեսանյութը։



Հաղորդաշարն արդեն 5 տարեկան է։ Այս ընթացքում մտահղացման հեղինակը հասցրել է լինել բազմաթիվ հայաշատ վայրերում՝ Վրաստանում՝ Թբիլիսիում և Ջավախքում, Ռուսաստանի տարբեր երկրամասերում, ինչպես նաև Ղազախստանում, Աբխազիայում։

Առաջին հաղորդումները նկարահանվեցին սեփական միջոցներով, այնուհետև ստեղծվեց համագործակցություն ՀՀ Սփյուռքի նախարարության հետ, բայց պետական աջակցություն նախագիծը չստացավ։ Արևիկ Օրբելյանը որոշեց համագործակցել բարերարների հետ։ Մինչ օրս էլ հաղորդաշարը նկարահանվում և եթեր է հեռարձակվում հայ համայնքների ներկայացուցիչների՝ անհատ բարերարների ֆինանսական աջակցությամբ։

 «Հիմա հաղորդաշարը հեռարձակվում է 21 TV-ով, ժամանակին՝ «Արարատ» հեռուստաընկերությամբ։ Համագործակցում ենք նաև «Հանրային ռադիոյի» «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի հետ»,- erit.am-ի հետ զրույցում նշում է Արևիկ Օրբելյանը։

Ասում է՝ թեև համայնքներում հայերի հետ մեծ աշխատանք են տանում մեր հոգևոր հովիվները, բայց միևնույն է՝ լեզվի, մշակույթի և աշխարհայացքի հետ կապված խնդիրներն առկա են։ Դրանք հնարավորինս մեղմելու լավագույն տարբերակը Հայաստան-Սփյուռք կապը սերտացնելն է․ «Հսկայական ներուժ ունենք, բայց չենք կարողանում այդ ներուժն ամբողջությամբ ուղղել Հայաստան, որպեսզի տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»։

Մեկ տարի է, ինչ «Հայկական գաղթօջախներ» հաղորդումն ունի նոր խորագիր՝ «Հայկական ներուժ»։ Օրբելյանը զրուցում է բժիշկների, գիտնականների, սպորտսմենների, ամենատարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ։

«Օրինակ՝ ներկայացրի Ներսես Ավդալյանին  (“Nout.am” ընկերության հիմնադիր), ով շրջել է աշխարհով մեկ, մի քանի երկրներում կրթություն ստացել, վերադարձել է Հայաստան, բիզնես հիմնել ու առանց հանձնվելու գնում է առաջ։

Ուզում էի՝ Սփյուռքում ապրողները տեսնեն՝ կարելի է Հայաստանում բիզնես սկսել և հասնել հաջողությունների»,- պատմում է Արևիկ Օրբելյանը։

Կարծում է՝ Հայաստանում աշխատանք գտնել պետք է կարողանա հայրենիք վերադարձած յուրաքանչյուր 10 երիտասարդից գոնե 8-ը, ոչ թե միայն մեկը։

 «Մարդիկ հրաշալի կրթություն են ստացել, լավ ճանապարհ են անցել և ունեն ցանկություն վերադառնալու, այստեղ ապրելու, արարելու, բայց, ցավոք, չի ստացվում․ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է աշխատում»,- կարծում է «Հայկական գաղթօջախներ» հաղորդաշարի հեղինակը։

Արևիկ Օրբելյանը որպես ուրախալի փաստ դիտարկում է նաև այն, որ դրսում ապրող հայերը նախընտրում են, որ իրենց երեխաներն ընդունվեն երևանյան բուհեր՝ ամրացնելով կապը հայրենիքի հետ։

Վերջերս «Հայկական գաղթօջախների» ստեղծագործական կազմը բարեգործական ծրագիր իրականացրեց 44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր տղաների, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողների համար․ բարերարների աջակցությամբ նրանք հանգստի մեկնեցին Կրասնոդարի երկրամաս։ Արևիկ Օրբելյանը հույս ունի, որ այդ ծրագիրը կկարողանան իրագործել նաև հաջորդ տարի։

«Բոլորս մենք ենք»։ Այս կարգախոսով են շարժվում առաջ։ Առաջիկա հաղորդումները նկարահանելու են Ուկրաինայում և Ուզբեկստանում։

Նյութը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարները՝ Արևիկ Օրբելյանի անձնական արխիվից

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ