Ճանապարհ դեպի կինոաշխարհ՝ երիտասարդ ռեժիսորի համար

  10 Նոյեմբեր 2021  196 դիտում
Ճանապարհ դեպի կինոաշխարհ՝ երիտասարդ ռեժիսորի համար

«Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-18-ը ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացրել է «Կարճամետրաժ ֆիլմերի 4-րդ միջազգային կինոփառատոն» նախագիծը: Կինոփառատոնի անցկացումը միտված էր երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը և տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական ու ստեղծագործական կապերի ամրապնդմանը:

Erit.am-ի հետ զրույցում «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» հիմնադրամի համահիմնադիր, փառատոնի հիմնադիր տնօրեն Գուժ Թադևոսյանն ասում է, որ փառատոնը նպատակ ունի նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակումը: Նրա խոսքով՝ փառատոնի նպատակներից է նաև զարգացնել մարզային կինոարտադրությունը և խթանել մարզային մշակութային կյանքի աշխուժացումը:

«Այդ պատճառով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացված առաջին կինոփառատոնից հետո կազմկոմիտեն որոշեց առաջիկա փառատոնների որոշ ծրագրեր իրականացնել մարզերում: Երկրորդ կինոփառատոնը, որը նույնպես իրականացվեց նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ Լոռու մարզի հինգ քաղաքներում: Արտերկրից ժամանած կինեմատոգրաֆիստները ծանոթացան մարզի բնության և քաղաքների հետ, որոնցից շատերը հետագայում վերադարձան՝ իրենց ֆիլմի նկարահանումներն այդ մարզում անցկացնելու նպատակով: Երկրորդ կինոփառատոնի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ երեք երիտասարդ կինոռեժիսորների ֆինանսական աջակցություն հատկացվեց՝ նկարահանելու իրենց դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հայաստան-Ֆուտուրա» թեմայով:   Ֆիլմերն արդեն մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների՝ արժանանալով մրցանակների: Հատկանշական է, որ մրցույթի հաղթող մասնակիցներից Վլադիմիր Պոլուսյանի «Ժամանակի անիվ» ֆիլմի նկարահանումն իր ապագա մասնագիտությունը կողմնորոշելու հանգամանք հանդիսացավ. նա այժմ սովորում է Իռլանդիայի Ստիրլինգի համալսարանում»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ երրորդ փառատոնը համավարակի պատճառով անցկացվել է առցանց ձևաչափով: