Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի երիտասարդները՝ մեդիագրագիտության դեսպաններ

  13 Նոյեմբեր 2021  241 դիտում
Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի երիտասարդները՝ մեդիագրագիտության դեսպաններ

Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզի 17 երիտասարդներ մեդիագրագիտության մեկշաբաթյա դպրոց են անցել, ձեռք բերել տեսական ու պրակտիկ գիտելիքներ փաստերի ստուգման, անձնական տվյալների պաշտպանության, թվային մարքեթինգի վերաբերյալ և ոչ միայն։

Ծրագիրն իրականացրել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։

Նոյեմբերի 11-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունեց դպրոցի մասնակիցներին ու նրանց հավաստագրեր հանձնեց։

Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունը կարևորում է նման ոչ մեծամասշտաբ, բայց թիրախային ծրագրերը։ Հանրակրթության առարկայական նոր չափորոշիչները ևս կազմվել են՝ հաշվի առնելով մեդիագրագիտության կարևորությունը մեր օրերում։

«Սա հմտությունների փաթեթ է, որով երիտասարդները պետք է զինված լինեն։ Մեր ակնկալիքն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը ոչ թե շարքային օգտատեր լինի, այլ իր համայնքի մեդիագրագիտության դեսպան»,- դպրոցի մասնակիցներին ուղղված խոսքում ընդգծեց փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Երիցյանը նշեց, որ դպրոցի մասնակիցներին նոր հմտություններ են փոխանցել ոլորտի լավագույն մասնագետները և հույս հայտնեց, որ համայնքային ծրագրեր իրականացնելիս երիտասարդները կօգտագործեն այն մեդիա գործիքները, որոնց սկսել են տիրապետել դասընթացի արդյունքում։

Մեդիագրագիտության դպրոցում սովորելու համար դիմել է 80-100 երիտասարդ։ Ընտրական փուլերը հաղթահարել են միայն 17-ը։ Ավելի շատ դիմումներ ստացվել են Սյունիքի մարզից։ Ոչ ֆորմալ կրթական ծրագիրը հետաքրքրել է հիմնականում աղջիկներին։ Ամենաերիտասարդ մասնակիցը 16-ամյա Լաուրա Մկրտչյանն է։

«Երկու-երեք տարի առաջ իմ ֆեյսբուքյան էջով բացել եմ անհայտ հղում, ինչի արդյունքում էջս կոտրել են»,- erit.am-ի հետ զրույցում նախքան դասընթացը թույլ տված սխալներն է հիշում Լաուրան։

Այն, ինչ սովորել է այս շաբաթվա ընթացքում, պատրաստվում է փոխանցել իր համայնքի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցականներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին ու ծնողներին։

Լաուրան ուզում է հոգեբան դառնալ, բայց վստահ է՝ անկախ մասնագիտությունից մեդիագրագետ պետք է լինեն բոլորը։

Հրաչ Մինասյանն էլ Սիսիանի Ախլաթյան գյուղից է։ Երիտասարդական աշխատող է։ Քանի որ մեդիագրագիտության դասընթացներ  անցկացնում է նաև իր ՀԿ-ն, որոշել է անցնել այս ինտենսիվ կուրսն ու լրացնել գիտելիքների պակասը։

Ինչպես դասընթացի մյուս մասնակիցները, այնպես էլ Հրաչը արդեն մտածել է՝ ինչ ծրագիր է իրականացնելու իր համայնքում։

«Պատկերացնում եմ, որ երիտասարդների համար կլինի ինտելեկտուալ խաղ, հարցից հետո պատասխանը կհայտնվի էկրանին, այդ ժամանակ շահառու կդառնան ոչ միայն այն երիտասարդները, ովքեր խաղում են, այլև ներկա ուսուցիչները, ծնողները»,- erit.am-ի հետ զրույցում պատմում է Հրաչը։

Ասում է՝ դասընթացներն իրականացնելիս պետք է կենտրոնանալ դպրոցականների ծնողների վրա․ «Հայաստանում մեդիագրագիտության պակասով ավելի շատ աչքի են ընկնում մեծերը, երիտասարդներն ինչ-որ չափով կարողանում են թացը չորից տարբերել, իսկ մեծերը հավատում են այն ամենին, ինչ կարդում են, օրինակ՝ ֆեյսբուքում»։

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ սկսված ծրագիրը կշարունակվի ԵԽ «Եվրոպական երիտասարդական հիմնադրամի» աջակցությամբ։ Մեդիագրագիտության դպրոցի 17 մասնակիցներն իրենց համայնքներում ծրագրեր կիրականացնեն՝ դասընթաց, սեմինար, ինտելեկտուալ խաղ և այլն։

Ծրագրի ղեկավար Նելլի Փայտյանի խոսքով՝ սա մեդիագրագիտության թեմայով «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի չորրորդ ծրագիրն է։։ Նախկին ծրագրերի շնորհիվ կազմակերպությունն ունի փոդքասթերի իր ալիքը, որին միանալու հնարավորություն կունենան նաև այս դպրոցի մասնակիցները։ Շարունակելու են նաև փորձագիտական աջակցության տրամադրումը։

«Մոտակա չորս ամիսների ընթացքում մենք նրանց աջակցելու ենք, որ ստեղծեն մեդիա պրոդուկտներ, ու նրանց ստացած գիտելիքը չմնա թղթի վրա կամ ավարտվի այս դասընթացով։ Բացի այդ՝ հետևելու ենք, որ գիտելիքների փոխանցումը համայնքի երիտասարդներին իսկապես տեղի ունենա»,- erit.am-ի հետ զրույցում ընդգծեց Նելլի Փայտյանը։

Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի երիտասարդները նաև մարզային խնդիրներն են հավաքագրելու։ Հանրային ռադիոյի եթերում կազմակերպվելու է յուրաքանչյուր մարզի մեկ՝ ամենակարևոր հիմնախնդրի լուծմանը նվիրված քննարկում։ Մարզը ներկայացնող դպրոցի մասնակիցները ևս ներգրավված են լինելու։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ