Իտալուհի Ջեսիկա Սերվա. Հայաստանում ձեր առջև կբացվեն աներևակայելի հնարավորություններ

  15 Նոյեմբեր 2021  205 դիտում
Իտալուհի Ջեսիկա Սերվա. Հայաստանում ձեր առջև կբացվեն աներևակայելի հնարավորություններ

Ջեսիկա Սերվան Իտալիայի Բոլոնիայի համալսարանի 2021-2022 ուստարվա «Overseas» ծրագրի շրջանակում մագիստրոսական կրթություն է ստանում Երևանի պետական համալսարանում: Այս ծրագիրն իրականում շատ նման է Էրազմուս ծրագրին, ուղղակի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացում է Բոլոնիայի համալսարանը:

- Ինչու՞ որոշեցիք ընտրել Հայաստանը՝ ուսանողական ծրագրին մասնակցելու նպատակով:

 -Այս գեղեցիկ, բայց միաժամանակ անհայտ երկիրն ընտրելու համար կային և՛ կրթական, և՛ սոցիալ-հոգեբանական պատճառներ: Նախևառաջ, իմ մագիստրոսական ուսումնասիրությունն ուղղված է միջազգային համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, ուստի ես ուզում էի որոշակի գիտելիքներ ունենալ մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք, ցավոք, հայ ժողովրդի նկատմամբ իրականացվել են անցյալ դարից ի վեր: Այնուհետև, ես հայտնաբերեցի բազմաթիվ դասընթացներ Երևանի պետական համալսարանում, որոնք համահունչ էին Մերձավոր Արևելքի ուսումնասիրության մեջ խորանալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ավելին իմանալու իմ նպատակների հետ: Երկրորդը` Մերձավոր Արևելքին այսքան մոտ լինելու ցանկությունն ինձ իսկապես համոզեց ընտրել Հայաստանը: Եվ ամենավերջում, ոչ պակաս կարևոր պատճառ էր նաև այն, որ ինձ գերեց վանքերից, բնությունից, համեղ ուտելիքներից և լավ գինուց ստեղծված այս զարմանահրաշ երկիրը:

- Նախապես գիտե՞իք՝ ինչպիսի երկիր եք ուղևորվում և ինչպե՞ս եք պատրաստվել այդ այցին:

- Շատ քիչ, բայց տեղեկացված էի Հայաստանի պատմության մասին, քանի որ անցյալ տարի մասնակցել էի Հայաստանում մարդու իրավունքների և ժամանակակից հակամարտության մասին իմ համալսարանում կազմակերպված կոնֆերանսին, բայց, իհարկե, դա բավարար չէր այստեղ ապրելու համար: Ուստի, նախքան ժամանելը համացանցում կարդում էի նյութեր, հետաքրքրվում այստեղի բարքերի մասին, ինչպես նաև նախապես կազմել էի ամենահետաքրքիր և համեղ ուտեստներ համտեսելու վայրերից բաղկացած, այսպես կոչված, «պարտադիր կատարման» ցանկը:

 - Նկարագրեք ձեր առաջին տպավորությունները:

- Իմ առաջին զգացողությունը եղել է Հայաստանի տաքությունը: Խոսքը գնում է ոչ միայն օգոստոսի վերջին ինձ ընդունած երկրի տաք ջերմաստիճանի, այլև մարդկանց բարության ու ջերմության մասին: Այստեղ մարդիկ մշտապես առաջարկում են համեղ ուտեստներ, գեղեցիկ պատմական վայրեր այցեր և այլն: Ես հիացած և զարմացած եմ այն փաստից, որ այս ամենը տեղի է ունենում և´ մայրաքաղաքում, և´ հատկապես փոքրիկ գյուղերում, որտեղ մարդիկ միշտ պատրաստ են օգնել։

 - Հայաստանի բուհերի դասավանդումն արդյոք շա՞տ է տարբերվում Ձեր ուղարկող բուհից: Խնդրում եմ պատմել ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունների և նմանությունների մասին:

- Կկրթական համակարգն այստեղ բավականին տարբեր է` հատկապես ուսանող-դասախոս հարաբերությունների տեսանկյունից: Իտալիայում ավելի ֆորմալ բնույթ է այն կրում, իսկ Հայաստանում` ավելի անձնական և ոչ ֆորմալ: Ավելին, միջազգային ուսանողների քիչ քանակությունը ստեղծում է շատ տեղական միջավայր: Դասերի և քննությունների առումով ես քիչ թե շատ նման մոտեցումներ եմ գտել իմ երկրի բուհական համակարգի հետ: Բուհը կազմակերպում է բազմաթիվ քննարկումներ և սեմինարներ, որոնք թույլ են տալիս բաց բանավեճեր անցկացնել դասախոսների հետ: Ավելին, առաջադրանքները հաճախ գրավոր են, շարադրանքները և բանավոր քննությունները նույնպես առկա են երկու համալսարաններում:

- Ի՞նչ դժվարություններ եք հանդիպել այստեղ:

- Առաջին դժվարությունները հիմնականում կապված էին ինձ ընդունող համալսարանի կազմակերպչական աշխատանքների հետ, որոնք բավականին տարբերվում են Բոլոնիայից։ Օրինակ, այստեղ ես անձամբ մշտապես կապի մեջ եմ գտնվում դասախոսներից յուրաքանչյուրի հետ, և դասընթացները կազմակերպվում են անհատապես: Ես սովոր չէի նման մոտեցմանը։ Այստեղ նաև առկա են լեզվական խոչընդոտներ, քանի որ հայ ուսանողները հազվադեպ են ընտրում անգլերենի դասընթացներ: Ընդհանուր առմամբ, ԵՊՀ-ն շատ լավ համալսարան է, ես շատ արագ ընտելացա և հիմա արդեն դասախոսներին ուղղում եմ ինձ հուզող բոլոր հարցերը: Մի քանի այլ դժվարություններ հանդիպել եմ իմ ապրած վայրում, որի հեռավորությունը քաղաքի կենտրոնից անհարմարություններ է պատճառում, հատկապես զբաղված օրերին։

- Որո՞նք էին այն ամենավառ իրադարձությունները, որոնք Ձեզ հետ պատահել են փոխանակման առաջին շաբաթներին:

- Շատ անմոռանալի հիշողություններ կան, անկասկած, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան թեկնածու թիմի կազմակերպած ճամփորդություններց, ինչպես նաև այլ միջազգային ուսանողների միջոցառումներից: Այս երկիրը բացահայտելն ինչպես միայնակ, այնպես էլ ընկերների հետ իմ լավագույն հիշողությունն է: Հանդիպումներ երևանյան տաք գիշերներում, Կասկադի տեսարանը վայելելը, գիշերվա յուրահատուկ լույսերի փայլը ես ապագայում միշտ հիշելու եմ:

- Որտե՞ղ եք ընդունող երկրում անցկացրել Ձեր ազատ ժամանակը, օգտվե՞լ եք արդյոք մշակութային կյանքից:

- Ես այստեղ ընկերացել եմ Իսպանիայից, Շվեյցարիայից, Չեխիայից և Լատվիայից ժամանած մի քանի միջազգային ուսանողների հետ: Ես նաև շփում եմ հաստատել իմ հանրակացարաններից շատ այլ ուսանողների հետ, որոնք նոր են ժամանել աշխարհի տարբեր մասերից, օրինակ՝ Պորտուգալիայից, Բրազիլիայից, Թաիլանդից, Իրանից և Լիբանանից։ Դասապրոցեսներից դուրս ազատ ժամանակս անցկացնում եմ նրանց հետ՝ որոշ փաբերում զրուցելով, ինչպես նաև քայլում եմ քաղաքի կենտրոնում, բացահայտում եմ նոր վայրեր, հանգստանում եմ շատրվաններով լի գեղեցիկ զբոսայգիներում: Ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս մայրաքաղաքային կյանքը՝ կենսունակ, ակտիվ, բայց և միաժամանակ հանգիստ ու հանգստացնող:

- Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր պատրաստվում են գալ սովորելու Հայաստանում:

- Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստանում սովորելու, ես խորհուրդ կտամ չկենտրոնանալ այն փաստի վրա, որ այն միջազգային կրթական տեսանկյունից հայտնի վայր չէ, այլ դրա փոխարեն փորձել խորասուզվել նրա հին ու ջերմ մշակույթի մեջ: Երբեմն անսպասելի վայրերը կստեղծեն լավագույն հիշողություններն ու փորձառությունները: Փորձեք մտածել առանց սահմանների, և ձեր առջև կբացվեն աներևակայելի հնարավորություններ:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ