Հարգեք ձեր մարմինը․ վարժություններ սեփական անձը սիրելու համար

  17 Նոյեմբեր 2021  105 դիտում
Հարգեք ձեր մարմինը․ վարժություններ սեփական անձը սիրելու համար

Մենք հաճախ դժգոհություն ենք հայտնում մեր մարմնից. այն բավականաչափ ձգված չէ, քիթը չափազանց մեծ է, մաշկը՝ խամրած... Սեփական թերությունների ցանկը միշտ պատրաստ է, շատ բան չենք սիրում և նույնքան հաճախ մոռանում ենք, թե որքան ենք պարտական մեր մարմնին: Սեփական մարմնի մասին կարծիքն ուղիղ համեմատական է երջանկությանը և բարձր ինքնագնահատականին, ուստի ժամանակն է խաղաղություն հաստատել ձեր ֆիզիկական անձի հետ: Ներկայացնում ենք մի քանի արդյունավետ վարժություն՝ սեփական մարմնի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Խոսեք ձեր զգացմունքների մասին: Գտեք ժամանակ, երբ ոչ ոք ձեզ չի խանգարի։ Ինքներդ ձեզ հետ մենակ մնացեք և կանգնեք հայելու առաջ (ցանկալի է՝ ամբողջ երկարությամբ): Ուշադիր նայելով ինքներդ ձեզ, բարձրաձայն խոսեք այն ամենի մասին, ինչ տեսնում եք: Մարմնի յուրաքանչյուր մասի մասին արտահայտեք բոլոր զգացմունքներն ու մտքերը, որոնք տվյալ պահին ծագում են ձեր գլխում՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Օրինակ՝ «Ես հպարտանում եմ իմ մազերով, բայց ինձ թվում է, որ ականջներս մի փոքր մեծ են, ես իսկապես սիրում եմ իմ քիթը․․․»: Նկատեք մարմնի բոլոր մասերի վերաբերյալ բացասական և դրական զգացմունքների աստիճանը․․․ Սա կօգնի ձեզ ապագայում հետևել դրական տեղաշարժին:

Նամակ գրեք ձեր մարմնին: Արտահայտեք երախտագիտություն, հիացմունք կամ դժգոհություն՝ ինչ էլ զգաք ձեր մարմնի նկատմամբ: Ուշադրություն դարձրեք՝ արդյո՞ք մարմինը ձեզ լավ է «ծառայում»:

Մարմնի հետ զինադադար կնքեք։ Կրկնեք առաջին վարժությունը 10 օր՝ փորձելով ավելի ու ավելի ընդունել ձեր մարմինը։ Ապա գրեք նոր, ավելի դրական նամակ՝ խոստանալով հարգել և գնահատել ձեր մարմինը:

Գրեք այն ամենը, ինչ գիտեք ձեր մարմնի մասին: Ինչպես է այն ազդում ձեր վարքի, ինքնավստահության և ձեր մասին ընդհանուր ընկալման վրա: Որտեղի՞ց եք ստացել այս համոզմունքները: Թերևս ժամանակն է դրանք վերանայելու։

Կանգնեցրեք ինքներդ ձեզ, երբ ձեր մարմնի մասին բացասական մտքեր եք ունենում: Դրա համար կարևոր է սովորել նկատել այն պահերը, երբ այդ մտքերը նոր են սկսում սողոսկել գլուխ և փոխում են պատկերացումները: Սովորեք հումորով վերաբերվել ինքներդ ձեզ և կտեսնեք, որ մարմինը ձեզ երախտագիտությամբ կպատասխանի:

Հարգել մարմինը՝ նշանակում է հոգ տանել նրա մասին։ Ամենայն հավանականությամբ, ուշադրությամբ եք ընտրում այն ամենը, ինչով սնուցում եք ձեր միտքը՝ գրքեր, ցուցահանդեսներ, ֆիլմեր… Այդպես էլ ճիշտ ընտրեք այն, ինչը կհագեցնի ձեր մարմինը։ Ինքնազարգացմամբ զբաղվելիս մի անտեսեք մարմինը. գտեք ձեր ճաշակին համապատասխան զբաղմունք, որը թույլ կտա պահպանել այն լավ ֆիզիկական վիճակում:

Սովորեք չհամեմատել ձեր մարմինն ինչ-որ իդեալների, ձեր ընկերուհիների կամ ձեր անցյալի հետ: Այլևս ոչ ոք նման մարմին չի ունենա։ Թույլ տվեք ինքներդ ձեզ ընդունել սեփական մարմնի յուրահատկությունը և սկսեք ապրել նրա հետ ներդաշնակ:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ