Ինտերակտիվ կրթության հնարավորություն Ճամբարակում․ «Միջանցք» լաբորատորիայի օրինակը

  18 Նոյեմբեր 2021  168 դիտում
Ինտերակտիվ կրթության հնարավորություն Ճամբարակում․ «Միջանցք» լաբորատորիայի օրինակը

Ճամբարակի ավագ դպրոցի աշակերտ Մամիկոն Կիրակոսյանը նաև համայնքի երիտասարդական աշխատողներից մեկն է։ Վերջին երկու տարիներին «Նոր շունչ» երիտասարդական ակումբով Ճամբարակում և հարակից գյուղերում իրականացրել են 40-ից ավելի դասընթացներ մարդու իրավունքների, բուլինգի և բռնության կանխարգելման թեմաներով։ Այս տարի «Վորլդ Վիժնի» աջակցությամբ կյանքի կոչվեց ակումբի մեկ այլ նախաձեռնություն՝ «Միջանցք» ինտերակտիվ լաբորատորիան։

Erit.am-ի հետ զրույցում Մամիկոնը պատմել է Ճամբարակում իրականացրած ծրագրերի, ինչպես նաև դրանց միջոցով ՀՀ-ում ապրող մարդկանց կյանքի որակը փոխելու ցանկության մասին։

-Ճամբարակն ինչպիսի՞ միջավայր է երիտասարդների համար, ինչպիսի՞ հնարավորություններ և դժվարություններ կան։

-Հնարավորությունները բավականին քիչ են, առհասարակ բոլոր մարզերում են հնարավորություններն ավելի քիչ, թեև վերջին տարիներին ավելի շատ են։

Քանի որ Ճամբարակը Գեղարքունիքի մարզում է, իսկ բոլորիս հայտնի է, որ Գեղարքունիքը բավականին կոնսերվատիվ ու կարծրատիպացված մարզ է, ինձ թվում է՝ այստեղ մի փոքր ավելի բարդ է։

Երիտասարդական ոլորտը նույնպես վատ վիճակում էր, որովհետև շատ քիչ էին ՀԿ-ները, կառույցները, ովքեր պատրաստ էին աջակցել փոքր նախաձեռնող խմբերի։ Ամեն դեպքում ինչ-որ կերպ մեզ մոտ ստացվեց։

-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ «Միջանցք» ինտերակտիվ լաբորատորիայի գաղափարը։

-Գաղափարն առաջացել է 2019 թվականին, երբ ես ու գաղափարակից ընկերս՝ Միլենան քննարկում էինք «Նոր շունչի» ծրագրերը։ Այդ ժամանակ, սակայն,  ոչ թե ինտերակտիվ լաբորատորիա էր, այլ ընթերցասրահ-լաբորատորիա, այսինքն՝ ծրագրի հիմնական ու ամենակարևոր մասը հենց ընթերցասրահն էր։  Հիմա էլ այն պահպանվել է, բայց շեշտադրումն ավելի շատ ինտերակտիվի վրա է, այսինքն՝ ներկայանում ենք որպես ինտերակտիվ կրթություն  մատուցող լաբորատորիա։

Լաբորատորիան «Նոր շունչի» ենթանախագիծն է, բայց վերջերս ավելի շատ հանդես ենք գալիս լաբորատորիայի անունից։

-Ի՞նչ միջոցներով, ո՞ւմ աջակցությամբ ստացվեց իրագործել գաղափարը։

-Ես ու Միլենան կամավորական տարբեր աշխատանքներ էինք անում «Վորլդ Վիժնի» Ճամբարակի գրասենյակում, ներգրավված էինք պրոցեսներում։

Նախ «Նոր շունչ» ակումբի գաղափարը ներկայացրինք, ու մեզ աջակցեցին։ Արդեն այս տարի «Վորլդ Վիժնի» շնորհիվ հնարավոր դարձավ լաբորատորիայի ստեղծումը։ Համագործակցություն ստեղծվեց նաև Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հետ։ Հիմա «Միջանցք» ինտերակտիվ լաբորատորիան դպրոցում ունի ֆիզիկական տարածք։

-Որո՞նք են «Միջանցքի» հիմնական նպատակները։

-Հիմնական նպատակները երեքն են։ Առաջին հերթին փորձում ենք իրականացնել կարիքի վրա հիմնված երիտասարդական աշխատանք։ Մյուս նպատակն ապակենտրոն երիտասարդական զարգացումն է։ Կոտրում ենք կարծրատիպը, թե՝ երիտասարդական աշխատանքն ու կյանքն առհասարակ եռում են միայն մայրաքաղաքում։

Երրորդն ինտերակտիվ կրթությունն է, այսինքն՝ սովորել ոչ միայն  ֆորմալ, այլ նաև խաղալով, պարելով, երգելով, իրար հետ հմտություններ ու կարծիքներ փոխանակելով։

Մեր գործունեության հիմքում պետականամետ մտածողությունն է, բայց առանց պաթետիկ գաղափարների։ Ուզում ենք, որ երիտասարդները փորձեն ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ իրենց համայնքի, պետության և այստեղ ապրող մարդկանց կյանքի որակի բարձրացման վրա։

-Ինտերակտիվ լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղությունը կրթական ծրագրերն են։ Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում, և ի՞նչ տեղ ունի դրանցում քաղաքացիական կրթությունը։

-Մեր բոլոր ծրագրերը կապ ունեն քաղաքացիական կրթության հետ։ Այն, ինչ անում ենք, ինքնին քաղաքացիական կրթություն է։ Այս պահին ունենք մեկ երկարաժամկետ ծրագիր, կոչվում է “Interactive EducatiON”:

Ծրագրի շրջանակներում երիտասարդները կարդում են «Աննա Ֆրանկի օրագիրը», տեղի է ունենում քննարկում, կինոդիտում ու հանդիպում այնպիսի մարդկանց հետ, ովքեր ինչ-որ կերպ կապ ունեն գրքի հետ։

Բացի ընթացիկ ծրագրերից լաբորատորիան իրականացնում է կինոդիտումներ, գրքերի քննարկումներ։ Փորձում ենք առաջին հերթին երիտասարդներին կապել իրար հետ, համայնքի հետ ու դա անել ոչ թե չոր, կոպիտ եղանակներով, այլ հանդիպումներով, խաղերով, քննարկումներով։ Շաբաթներ առաջ հանդիպում ունեցանք GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ։ Գրեթե 60 երիտասարդներ, այդ թվում՝ այլ մարզերից, եկել էին լաբորատորիա այդ հանդիպմանը մասնակցելու։

-Հիմա, երբ ունեք ֆիզիկական տարածք, լաբորատորիան տեղակայված է դպրոցում, ավելի հե՞շտ է ստացվում երիտասարդներին ներգրավվել տարբեր ծրագրերում։

-Առաջին հերթին ֆիզիկական տարածքը մեծ ռեսուրս է։ Երբ ինչ-որ բան էինք ուզում կազմակերպել, նախ պետք է ֆինանսական միջոցներ գտնեինք տարածքի վարձակալության, տրանսպորտի և մնացած ծախսերը հոգալու համար։ Տարածք չունենալու պատճառով սահմանափակվում էինք ժամանակ առ ժամանակ ինչ-որ ծրագրեր անելով։

Հիմա ավելի հեշտ է, երիտասարդներն էլ ավելի ներգրավված են պրոցեսներում։ Մինչ այս դժվարությամբ էին կարողանում մեզ գտնել․ ավելի քիչ ծրագրեր էինք իրականացնում ու ավելի քիչ էինք ակտիվ նաև սոցիալական ցանցերում։

«Նոր շունչի» ծրագրերն իրականացնելիս հիմնականում կապ էինք հաստատում ոչ թե երիտասարդների, այլ նրանց ծնողների հետ․ միայն նրանց կոնտակտներն ունեինք։  Իսկ ծնողները մի փոքր այլ կերպ էին ընկալում մեր նպատակներն ու գործունեությունը։ Այժմ ուղիղ կապ ենք հաստատում երիտասարդների հետ։ Բացի այն, որ մասնակցում են մեր դասընթացներին, երբեմն գալիս են լաբորատորիա պարզապես գիրք կարդալու կամ աշխատելու։

-Նշում եք, որ «Նոր շունչ»-ի և լաբորատորիայի հիմնական նպատակը երիտասարդական ակտիվիզմի խթանումն է։ Ի՞նչ բաղադրիչներ եք տեսնում այդ ձևակերպման տակ։

-Երիտասարդական ակտիվիզմի խթանումը մեր նախաձեռնող խմբի կարևոր նպատակներից մեկն է։ Փորձում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հիմնված են երիտասարդների կարիքների վրա, ծրագրեր, որոնք նրանց համար կդառնան փափուկ (soft) հմտությունները զարգացնելու միջոց։

Ուզում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կինքնակազմակերպվեն, կսկսեն ինչ-որ բաներ իրականացնել՝ իմանալով, որ կարող են օգտագործել լաբորատորիայի տարածքն ու ռեսուրսները։

-Ի՞նչ միջոցներով ես փորձում ինքնարտահայտվել։ Գիտեմ, որ ակտիվ ես նաև 17am հարթակում, հրապարակում ես տեքստեր ու ֆոտոշարքեր։

-Ինձ համար շատ կարևոր է ինքնարտահայտվել նաև այլ ձևերով, որոնցից են լուսանկարչությունն ու տեքստեր գրելը: Այդ կերպ փորձում եմ խոսել, ցույց տալ սոցիալական խնդիրները, գյուղական միջավայրում առկա կարծրատիպերը, որոնք խանգարում են երիտասարդներին։

Իհարկե արտահայտչամիջոց է նաև երիտասարդական աշխատանքը․ ինձ համար շատ կարևոր է դարձել ստեղծել ինչ-որ լավ բան, որը կարող է այլ երիտասարդների համախմբել մի գաղափարի շուրջ։

-Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում։

-Հետաքրքրված եմ սոցիոլոգիայով և մարդու իրավունքներով։ Ուզում եմ ուսումս շարունակել Գերմանիայում։ Կարծում եմ՝ դպրոցում ստացած գերմաներենի գիտելիքները լավ հիմք կարող են լինել։

Ինչ վերաբերում է լաբորատորիային, մի դրամաշնորհային ծրագրի ենք դիմել, սպասում ենք ֆինանսավորման։ Եթե ստացվի, ապա Ճամբարակում կհյուրընկալենք երիտասարդների այլ մարզերից, փոխանակման ծրագիր կիրականացնենք։ Երիտասարդները չորս օր կմնան Ճամբարակում, տեղի երիտասարդների հետ կստեղծեն մասնակցային արվեստ, ինչպես նաև պրոդուկտ, որի վաճառքի արդյունքում կապահովվի ծրագրի շարունակականությունը։ Բացի այդ՝ մասնակիցները կծանոթանան մի շարք թեմաների՝ սոցիալական ձեռներեցություն, բիզնես և այլն։

Փորձում ենք նաև ընթացիկ միջոցառումներ կազմակերպել, մեր ու մեր ընկերների կապերի միջոցով Ճամբարակ հրավիրել այնպիսի խոսնակների, ովքեր իրենց օրինակով կվարակեն երիտասարդներին։

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարները՝ Մամիկոն Կիրակոսյանի անձնական արխիվից

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ