Մարզերի երիտասարդները կներգրավվեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը

  19 Նոյեմբեր 2021  176 դիտում
Մարզերի երիտասարդները կներգրավվեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը

«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Երիտասարդների կարողությունների հզորացում՝ ուղղված Սևանա լճի պահպանությանը» ծրագիրը: Այն նպատակ ունի բարձրացնել ՀՀ մարզերի դպրոցների երիտասարդների գիտելիքներն ու կարողությունները Սևանա լճի էկոլոգիական խնդրի վերաբերյալ՝ դրանով իսկ խթանելով նրանց ակտիվ ներգրավվածությունը լճի էկոհամակարգի վերականգնման գործողություններում։ Երկամսյա ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 15-ին, որի միջոցառումներին ակտիվ մասնակցում են 50-ից ավելի դպրոցների աշակերտներ և մանկավարժներ՝ ՀՀ բոլոր մարզերից։

Erit.am-ի հետ զրույցում «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի նախագահ,  տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Լիանա Մարգարյանն ասում է, որ Սևանա լիճը հանդիսանում է Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղցրահամ ջրի և ձկնատեսակների կարևորագույն աղբյուրներից մեկը, էական ներդրում ունի ՀՀ տնտեսության մեջ։ Նրա խոսքով՝ Սևանա լճի ջրի մակարդակն և մակերեսն անցյալ դարի ընթացքում զգալիորեն փոխվել են, և այդ տատանումները հանգեցրել են լճի ջրի որակի ու էկոհամակարգի փոփոխությունների:

«1970-ականներից ի վեր շարունակվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բնապահպանական միջոցառումները, մասնավորապես, ջրի մակարդակի բարձրացում, պայքար ապօրինի ձկնորսության դեմ, սակայն լճի էկոլոգիական վիճակը շարունակում է վատթարանալ: 2020թ.-ին Երիտասարդական կոալիցիայի հետ համատեղ իրականացրած մեր առցանց հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 93,5%-ը կարծիքով՝ Սևանա լիճն ունի էկոլոգիական խնդիր, սակայն միայն 48,7%-ն է գտնում, որ լիճը կանգնած է էկոլոգիական աղետի առջև՝ պայմանավորված մարդկային գործոնով»,-նշում է մեր զրուցակիցը՝ փաստելով, որ հատկապես երիտասարդ սերունդը վատատեղյակ է Սևանա լճի էկոլոգիական խնդրին, ինչպես նաև տեղյակ չէ լճի «ծաղկման» նախադրյալների և ջրի մակարդակի բարձրացման կարևորության մասին:



Հարցվածների կարծիքով՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և պահպանմանն ուղղված միջոցառումների անարդյունավետության հիմնական պատճառը հասարակության անտարբերությունն է, որը չունի բավարար տեխնիկական ներուժ և գիտելիքներ՝ լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու կամ մասնակցելու համար:

Այդ նպատակով «Երիտասարդների կարողությունների հզորացում՝ ուղղված Սևանա լճի պահպանությանը» ծրագիրը նպատակ ունի ՀՀ մարզերի երիտասարդության շրջանում բարձրացնել Սևանա լճի հիմնախնդրի վերաբերյալ իմացության մակարդակը դյուրամատչելի եղանակներով՝ կիրառելով ոչ ֆորմալ կրթական մեխանիզմներ, նրանց  ներկայացնել լճի էկոհամակարգի վերականգնման հանրամատչելի գործողություններ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի օրինակների վրա, ինչպես նաև տեղական և ազգային մակարդակով միավորել ՀՀ մարզերի աշակերտներին և երիտասարդ մանկավարժներին Սևանա լճի էկոլոգիական հիմնախնդիրների շուրջ՝ ստեղծելով միասնական գործողությունների համախումբ։