Երկխոսության կամուրջ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների միջև

  23 Նոյեմբեր 2021  108 դիտում
Երկխոսության կամուրջ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների միջև

«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Երկխոսության և գործընկերության խթանում ՀՀ, Արցախի և սփյուռքի երիտասարդների և երիտասարդական կառույցների միջև» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «ՀՀ, Արցախի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» ծրագիրը: Նախագծի նպատակն է ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ՝ համախմբելով հայ երիտասարդությանը համընդհանուր գաղափարի շուրջ, նրանց կարողությունները ծառայեցնել Հայաստան-Սփյուռք կապի զարգացմանը և նպաստել սփյուռքահայ երիտասարդների ինտեգրմանը հայաստանյան կյանք:

Erit.am-ի զրույցում «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» կազմակերպության հիմնադիր Սամվել Մկոյանն ասում է, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն են տալիս գտնվելով աշխարհի մյուս ծայրում` ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում:

«Սփյուռքահայ երիտասարդը կարիք ունի ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու նրա հարստություններին, բնակիչներին, նրանց առօրյային ու կարիքներին: 11 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ սփյուռքահայ երիտասարդը Հայաստանում ուսանելու տարիներին բախվում է բազմաթիվ խնդիրների: Մեր փորձը հաստատվեց նաև 2010-2016թթ. արված մեր հետազոտության արդյունքում, որն այս պահին միակն է Հայաստանում: Բացահայտված հիմնական խնդիրներից են սփյուռքահայ երիտասարդների` նոր հասարակության մեջ ինտեգրվելը, ինչպես նաև քիչ տեղեկացվածությունը Հայաստանի մասին: Մենթալիտետի տարբերությունը, միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպերը տեղացի և սփյուռքահայ երիտասարդների համար ստեղծում են որոշակի անդունդ և շփման դժվարությունների պատճառ դառնում: Բացի այդ, 2020թ․-ի պատերազմը ցույց տվեց, որ մեր երիտասարդները պետք է միշտ պատրաստ ու զինված լինեն բոլոր առումներով՝ սկսած արագ ինքնակազմակերպումից մինչև տեխնոլոգիաների տիրապետում` օնլայն հարթակում ճիշտ կողմնորոշվելու և տեղեկատվական պատերազմում պայքարելու համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` այս խնդիրների լուծմանն է ուղղված ծրագիրը, որի շրջանակում Ծաղկաձորում կայացել է Սփյուռքահայ ուսանողների խորհրդի և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կազմակերպած «ՀՀ, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ինտենսիվ դասընթացը։ Միջոցառման ընթացքում երիտասարդները մասնակցել են բազմաթիվ հետաքրքրիր և արդյունավետ դասընթացների՝ ազգային երգ ու պար, բանակցություններ, SMM և PR գործիքների, առաջնորդություն և այլն։ Դասընթացներն  իրականացվել են ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի ժամանակ մասնակիցները պրակտիկ վարժությունների ու քննարկումների միջոցով ամրապնդել են ստացած գիտելիքները: