Սահմանամերձ համայնքների երիտասարդները՝ «Մեդիագրագիտության դեսպաններ»

  26 Նոյեմբեր 2021  227 դիտում
Սահմանամերձ համայնքների երիտասարդները՝ «Մեդիագրագիտության դեսպաններ»

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Եղի՛ր տեղեկացված. մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության խթանում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է Հայաստանի 3 մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում բնակվող 18-30 տարեկան երիտասարդների շրջանում բարելավել քննադատական մտածողությունը և քաղացիական գիտակցությունը, խրախուսել երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի պատասխանատու սպառումը՝ հատկապես ՔՈՎԻԴ-19 համավարակի, հետպատերազմյան և սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրականության համատեքստում։

Erit.am-ի հետ զրույցում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանն ասում է, որ կեղծ ու շահարկվող լուրերը դարձել են հայաստանյան առցանց լրատվամիջոցների և մեդիա դաշտի խնդիրը, իսկ առցանց հարթակներից օգտվողների մեծ մասը 16-35 տարեկան երիտասարդ անձինք են։

«Հայաստանում այս պահին երիտասարդները ներկայացնում են հասարակության ամենակտիվ և նախաձեռնող խումբը: Որքան ավելի իրազեկ է երիտասարդը, այդքան ավելի հեշտ է նա կարողանում ինքնաարտահայտվել, սակայն այսօր շատ երիտասարդներ ունեն նաև տեղեկատվության ստացման, կիրառման և տարածման հետ կապված խնդիրներ։ Շատ կարևոր է, որ հատկապես մարզերում բնակվող երիտասարդները լինեն գրագետ մեդիա սպառողներ և կարողանան իրենց գիտելիքները ներդնել սեփական համայնքներում և հասակակիցների շրջանում»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ չնայած որ մարզերում ապրող երիտասարդները առօրյայում հաճախ են օգտվում սոցիալական հարթակներից, սակայն նրանցից քչերն են տիրապետում լրատվական դաշտում տեղեկատվոււթյան զտմանը, տարբեր թվային գործիքների օգտագործման ձևերին և իրենց առցանց տվյալների  պաշտպանության ձևերին։