Այսօր

ԿԳՄՍՆ ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 25 երիտասարդական աշխատողներ

  26 Նոյեմբեր 2021  493 դիտում
ԿԳՄՍՆ ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 25 երիտասարդական աշխատողներ

Նոյեմբերի 24-ին Աղվերանում ամփոփվել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի արդյունքները, մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։

Ծրագիրը մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին։ Նոյեմբերի 22-24-ը ընթանում էր վերջին՝ երրորդ փուլը։

Այս ընթացքում երիտասարդական աշխատողները հասցրել են ծանոթանալ մի շարք թեմաների՝ ինքնաճանաչում և ինքնակատարելագործում, նոր դարաշրջանի աշխատաշուկայի յուրահատկություններ, մասնագիտական կողմնորոշմանն աջակցող երիտասարդական աշխատանքի մեխանիզմներ, երիտասարդակենտրոն մոտեցումներ և այլն։

Դասընթացին մասնակցում էին մարզերն ու Երևանը ներկայացնող 25 երիտասարդներ՝ երիտասարդական աշխատողներ կամ մասնագետներ, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների խնդիրների լուծմանը։

Լուսինե Քոսակյանը երիտասարդական աշխատանքով է զբաղվում արդեն 5 տարի։ Տավուշի մարզի Բերդ քաղաքից է։ Հենց Բերդում էլ գործում է «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն, որի համահիմնադիրն է Լուսինեն։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի մասին մարզպետարանն է տեղեկացրել։ Որոշել է մասնակցել ու թարմացնել գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր։ Դասընթացն արդյունավետ է համարում։

«Երիտասարդական աշխատանքը շատ ոլորտներ կարող է ներառել, ես բոլորի հետ չէ, որ գործ եմ ունեցել։ Փորձել եմ նպաստել երիտասարդների քաղաքացիական ակտիվիզմին, ոչ ֆորմալ կրթության միջոցով որոշակի արժեհամակարգ ձևավորել։ Ծառայությունների մատուցմանը, երիտասարդների աջակցությանն ու ուղղորդմանն առնչվող թեմաներն ինձ համար նոր էին ու հետաքրքիր»,- erit.am-ի հետ զրույցում պատմել է Լուսինեն։

Դասընթացի երեք փուլերի ընթացքում հասցրել են ուսումնասիրել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-25 թթ․-ի ռազմավարության նախագիծը, դուրս բերել այն կետերը, որոնք կարևոր են իրենց գործունեության համար․

«Առաջադրանք է եղել նաև ուսումնասիրելու մեր համայնքն ու վերհանելու հիմնական խոչընդոտները, որոնց երիտասարդները բախվում են, վերլուծելու այն գործիքները, որոնք հաճախ կիրառում ենք»։

Այս առաջադրանքները որոշիչ դեր են խաղացել նաև ծրագրի ամփոփիչ փուլում։ Նոյեմբերի 24-ին հավաստագրերի են արժանացել դասընթացի այն մասնակիցները, ովքեր կատարել են ընթացիկ առաջադրանքներն ու ապահովել 80% և ավելի մասնակցություն։

ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի գնահատմամբ՝ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստումը» վարչության ամենակարևոր ծրագրերից մեկն է։

«Մեծ ոգևորությամբ ենք իրականացնում այս դասընթացը։ Ծրագիրը զարգացնելու և ավելի մասնագիտական դարձնելու պլաններ կան։ Հույս ունենք, որ նաև ձեր աջակցությամբ, ձեր տեսակետների միջոցով ենք կարողանալու այն բարելավել և շարունակական զարգացման միջոցով ավելի լավ արդյունքների հասնել»,- դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասել է Մամիկոնյանը։

Վարչության պետն Աղվերանում էր ծրագիրն ամփոփելու և մասնակիցներին հավաստագրեր հանձնելու նպատակով։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի փորձագետներից Մանե Պապոյանի խոսքով՝ մասնակիցների միջև ստեղծվել են գործընկերային կապեր, որոնք լավ հիմք կարող են դառնալ նոր համագործակցությունների համար։

«Երիտասարդական աշխատողների ցանցի մաս են դառնում։ Նախարարությունն էլ տարբեր ծրագրերի մասին է իրազեկում։ Օրինակ՝ վերջերս ՌԴ գործընկերները ԱՊՀ երկրների երիտասարդական աշխատողների էին հրավիրել։ Մեր այս ծրագրի մասնակիցներից էլ մեկնեցին»,- erit.am-ի հետ զրույցում նշել է փորձագետը։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությունն է։ Իրականացվում է «Ֆիչըր» ՍՊԸ-ի կողմից՝ «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի հետ համագործակցությամբ:

Նյութը՝ Աննա Կարապետյանի

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ