Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Առողջ ապրելակերպ

«Բեռնաթափեք» ուղեղը. 3 վարժություն մտավոր դետոքսի համար


26 Նոյեմբեր 2021

Ժամանակակից մարդն իրոք չափազանց շատ տեղեկատվության աղբյուրներ ունի, ուստի նա անընդհատ ստիպված է առնչվել հակասությունների, ասեկոսեների, նախկինում ստացած տվյալների հերքման և հաստատման հետ: Մենք ամեն օր հայտնվում ենք տարբեր տեղեկատվական հոսքերի կիզակետում, ինքներս մեզ տալիս տասնյակ հարցեր մեր և մեզ շրջապատող մարդկանց մասին, ինչը հանգեցնում է անհանգստության, մեղքի կամ սեփական անարժեքության զգացման: Հոգեբանները նման ծանրաբեռնվածությունն անվանում են «մտավոր թունավորում», որն առաջանում է տեղեկատվության և բացասական մտքերի ավելցուկից: Ուստի չափազանցված չի լինի ասել, որ մեզ համար կենսական նշանակություն ունի սովորել մի լավ բեռնաթափել ուղեղը և ազատվել ավելորդ մտքերից: Ահա երեք վարժություն մտավոր դետոքս սկսելու համար:

Թղթին փոխանցեք այն ամենը, ինչ մտածում եք

Գլուխը խառնաշփոթից ազատելու հասանելի միջոցներից մեկը՝ գրել։ Հոգեբանները փաստում են, որ գրավոր վարժությունները լավ սովորություն են և առողջ ապրելակերպի մաս են կազմում: Ինչպես հիգիենան, առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, դրանք ինքնուրույն չեն բուժի հիվանդությունը, բայց կուժեղացնեն օրգանիզմը և կօգնեն հաղթահարել վիրուսները, այդ թվում՝ մտավոր։  Ստորև ներկայացված է ուղեղի բեռնաթափման մի քանի տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը կտևի 5 րոպեից ոչ ավելի։ Վարժությունները կարող եք փորձել գրիչով, մատիտով, ստեղնաշարով. որ տարբերակն առավել հարմար է ձեզ:

  • Կազմեք գլխում պտտվող բոլոր պարտավորությունների և «պետք է»-ների ցուցակը:
  • Էջը վերնագրեք «Հիմա ինձ ամենաշատն է անհանգստացնում…» և հետո գրեք այն, ինչ առաջինն է մտքին գալիս:
  • Նկարեք այն ամենի ասոցիատիվ քարտեզը, ինչն այժմ զբաղեցնում է ձեր միտքը:

Վերընթերցրեք գրածը և չզարմանաք, երբ մի լավ թեթևություն զգաք:

Զբոսնեք… աչքով

Սոկրատեսի և Պլատոնի զրույցները Աթենքի փողոցներում, Կանտի զբոսանքները Քյոնիգսբերգի այգիներում... Բոլոր ժամանակների մտածողները զգացել են զբոսանքների բարերար ազդեցությունը: Ո՞րն է գաղտնիքը: Այն փաստը, որ հանգիստ քայլելը հիանալի միջոց է գլուխն անպետք մտքերից մաքրելու համար։ Ընդ որում, այդ դրական ազդեցության համար մենք պարտական ​​ենք ոչ այնքան ոտքերին, թեև, անկասկած, քայլելը օգտակար է ֆիզիկական առողջության համար, որքան աչքերին:

Զբոսանքի ժամանակ մեր հայացքն ուղղված է դեպի շենքերը, երկինքը, ծաղիկները... Աչքերի միապաղաղ շարժումները թույլ են տալիս համաժամանակացնել ուղեղի աջ և ձախ կիսագնդերի աշխատանքը և վերացնել նյարդային բլոկերը, որոնք առաջանում են հուզական ցնցումների, բացասական մտքերի հետևանքով: Արդյունքում բարելավվում է նյարդային համակարգի աշխատանքը: Առաջինն այս մասին խոսել է ամերիկացի հոգեբան Ֆրենսին Շապիրոն, ով աչքի շարժման միջոցով ապազգայունացման և հոգեկան վնասվածքների բուժման հոգեթերապևտիկ մեթոդի (DPDG կամ EMDR թերապիա) հեղինակն է։ Ուստի ամեն օր 20 րոպե հատկացրեք զբոսանքին։ Քայլեք հանգիստ` ոչ շատ դանդաղ, ոչ շատ արագ: Զգացեք շնչառությունը՝ շնչեք խորը և հանգիստ, ամբողջովին թուլացնելով մկանները: Թող ոչինչ չզբաղեցնի ձեր միտքը, բացի ներշնչումից և արտաշնչումից: Ահա այս պարզ ֆիզիկական վարժությունը թույլ կտա հանգստանալ: 

Մտքից դուրս մղեք վատ հիշողությունները

Անընդհատ բացասական իրադարձություններին և մտքերին վերադառնալը դրանք ամրապնդում է ոչ միայն մտքում, այլև մարմնում։ Վատ մտքերի պատճառ են դառնում բարդ իրավիճակները, չլուծված կոնֆլիկտները։ Սովորաբար դրանք ուղեկցվում են օրգանիզմում տհաճ զգացողություններով։ Եթե ժամանակին չազատվենք այդ մտքերից, դրանք կարող են աստիճանաբար խաթարել մեր հոգեկան ու ֆիզիկական վիճակը։ Ստորև ներկայացված վարժությունը կօգնի ձեզ այդ հարցում:

Գրեք այն ամենի ցանկը, որը փչացնում է ձեր տրամադրությունը։ Մտածեք չարտահայտած զայրույթի, չլուծված կոնֆլիկտների, գործընկերոջ կողմից անբարեխիղճ վերաբերմունքի, ընկերոջ հետ տհաճ խոսակցության կամ սիրելիի հետ վիճաբանության մասին... Գրի առեք անցած երեք ամիսների բոլոր տհաճ իրադարձությունները՝ մեծ ու փոքր, որոնք, ասես, դաջվել են ձեր մտքում ու մարմնում: Ցանկն ավարտելուց հետո վերադարձեք կետերին և հնարավորինս ճշգրիտ նկարագրեք, թե ինչ եք զգացել թվարկված տհաճ իրավիճակներից յուրաքանչյուրում: Այժմ փակեք աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա: Հանգիստ շնչեք։ Պատկերացրեք նկարագրված իրավիճակները մեկը մյուսի հետևից՝ փորձելով վերստեղծել յուրաքանչյուր դեպքում ապրած հույզերը: Անվանեք դրանք՝ «Այդ պահին ես զգացի ...»: Այժմ խորը շունչ քաշեք և արտաշնչելիս, ասես, ուժով դուրս մղեք այս զգացմունքներից յուրաքանչյուրը:

Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022