Այսօր

Երիտասարդները՝ հանուն Չարենցավանի

  29 Նոյեմբեր 2021  354 դիտում
Երիտասարդները՝ հանուն Չարենցավանի

Չարենցավանի երիտասարդական, ուսանողական հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երիտասարդության շրջանում երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացման խթանում և երիտասարդական նախաձեռնություններին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացրել է «Երիտասարդները հանուն Չարենցավանի» ծրագիրը։ Ծրագրի նպատակը Չարենցավան խոշորացված համայնքի բոլոր 6 բնակավայրերից ընտրված 18-35 տարեկան 30 մասնակցի կարողությունների զարգացումն է՝ երիտասարդական նախաձեռնություններին մասնակցության և ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորման համար։

Erit.am-ի հետ զրույցում Չարենցավանի երիտասարդական, ուսանողական հասարակական կազմակերպության նախագահ Գառնիկ Բեգլարյանն ասում է, որ Չարենցավան համայնքը խոշորացվել է 2017 թվականին։ Այն ներառում է Չարենցավան քաղաքը և հարակից 5 գյուղական բնակավայրերը՝ Արզական, Ալափարս, Ֆանտան, Կարենիս, Բջնի։

«Ընդհանուր առմամբ համայնքում կա 18-35 տարեկան շուրջ 10000 բնակիչ, որոնցից 700-ն ամեն տարի սովորում է ՀՀ բուհերում, սակայն Չարենցավան համայնքում երիտասարդների ժամանցն ու ակտիվ կյանքը բացակայում է, երիտասարդները հազվադեպ են հանդես գալիս նախաձեռնություններով կամ կազմակերպում միջոցառումներ։ Ուստի, կարիք կար երիտասարդներին ցույց տալ համախմբված աշխատանքի կարևորությունն ու երիտասարդական նախաձեռնությունների բնույթն ու իրականացման սկզբունքները։ Սա կարևոր է Չարենցավան համայնքի զարգացման ու երիտասարդական ներուժի արդյունավետ օգտագործման առումովի»,- նշում է մեր զրուցակիցը։