Այսօր

Հարազատի հետ աշխատել չի լինում. մայրիկս դրա վառ օրինակն է. ատամնաբույժի խոստովանությունները

  30 Նոյեմբեր 2021  606 դիտում
Հարազատի հետ աշխատել չի լինում. մայրիկս  դրա վառ օրինակն է. ատամնաբույժի խոստովանությունները

Նրանք կապում են կամուրջներ, փակում խոռոչներ, իսկ երեխաներին հենց նրանց կերպարով են ստիպում հաց ուտել, ատամները լվանալ։ Նրանք ատամնաբույժներն են։ Իսկ ատմնաբույժի համար ի՞նչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը, ինչի՞ց են վախենում նրանք, որքա՞ն են վաստակում և արդյոք ունե՞ն երազանքի հաճախորդ։ Հարցերի պատասխանները փորձենք գտնել ատամնաբույժ Իննա Գազազյանի հետ։ «Ստոմատոլոգիան ապրելակերպ է: Մարդ, ով նվիրյալ է իր երդմանը և գործին»,- ասում է Իննան։ Ի դեպ, բժշկուհին «ինտերնացիոնալ» անցյալ ունի. ծնվել է Ռուսաստանում, ապրել Վրաստանում, ավարտել ռուսական դպրոց, բայց մասնագիտակա կրթություն ստացել Հայստանում՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Ընդ որում, այնտեղ ավարտել է 2 բաժին. սկզբում՝ ստացել է բժիշկ– ստոմատոլոգի որակավորում, ապա դիմածնոտային վիրաբույժ-իմպլանտոլոգի։

- Հիշո՞ւմ ես առաջին հաճախորդիդ։ Սկսնակ բժշկին մի՞շտ են կցում հմուտ մասնագետի հետ, ինչպե՞ս է տեղի ունենում բժշկության աշխարհ մուտքը։

- Իհարկե, հիշում եմ առաջին պացիենտիս, անգամ կարող եմ ասել, որ 12 տարի անց նա նույնպես այցելում է ինձ: Անգամ կատակեր ենք անում՝  «հիշո՞ւմ ես՝ իմ ատամների վրա  աշխատել  սովորեցիր»։

Իմ կարծիքով, ստոմատոլոգը այս ոլորտում կայանում է ինքնուրույն, հմուտ մասնագետը օրեր և ժամեր չի կարող անցկացնել սկսնակի հետ: Թև ու թիկունք կլինի, իհարկե, բայց շատ բան կախված է հենց իրենից: Պահանջվում է ձգտում, ցանկություն, սեր ստոմատոլոգիայի նկատմամբ և դրական էմոցիաներ:

- Ի՞նչ հմտություններ են պետք լավ ատամնաբույժ դառնալու համար։

- Աշխատասիրություն, ձգտում, համբերատարություն, հարգանք հաճախորդի նկատմամբ։ Գիտակցում, որ մինչև կյանքիդ վերջ դու ուսանող ես և ամեն օր սովորելու բան ունես, հիասթափություններից չվախենալ: Այլ կերպ ասած, այս գործի նվիրյալ պետք է լինես: