Այսօր

«Խաղ Էմոցիաների հետ». թվային պատերազմների ամենաուժեղ զենքերից մեկը՝ Messenger մարքեթինգ

  03 Դեկտեմբեր 2021  433 դիտում
«Խաղ Էմոցիաների հետ». թվային պատերազմների ամենաուժեղ զենքերից մեկը՝ Messenger մարքեթինգ

Messenger մարքեթինգը թվային էվոլյուցիայի` վերջերս զարգացող ուղղություններից մեկն է։ Պարզ լեզվով ասած՝ անհատական նամակագրության դաշտում տեղի ունեցող ցանկացած մարքեթինգային կոմունիկացիա համարվում է messenger marketing: Հաճախ ոլորտը շփոթում են SMM (social media marketing)-ի հետ կամ էլ համարում են դրա մաս, սակայն իրականում messenger marketing-ն առանձին ուղղություն է, որի թիրախային պլատֆորմները կարող են լինել սոցիալական ցանցերը, նամակագրական հավելվածներն ու կայքերը։ Այս ամենի մասին մեզ պատմում է Messenger մարքեթինգի «սև գոտի» Ինեսսա Արշակյանը։

Ինեսսան, լինելով ամբողջական սպեկտրի թվային մարքեթինգի մասնագետ, ճանապարհը սկսել է դեռ 10-12 տարեկանում՝ առանց հասկանալու, որ հենց դա է երազանքների մասնագիտությունը. «Այդ ժամանակ, որպես այդպիսին, ոլորտը գոյություն չուներ, սակայն ընկերներիս հետ զբաղվում էինք կայքերի առաջխաղացմամբ, սոցցանցերում էջեր էինք վարում․․․մի խոսքով, եկամուտի աղբյուրներ էինք ստեղծում, չգիտեինք էլ, որ դա մասնագիտություն է։

Արդեն 16 տարեկանից ունեի հիմնական ոլորտային աշխատանք։ Լավ մոտիվատոր գործատուներ ու գործընկերներ եմ ունեցել։ Հենց իրենք էլ ազդել են աշխատանքային ոճիս ու մեսսենջերների նկատմամբ մեծ սիրո ձևավորման վրա։ Ստացել եմ մասնագիտական կրթություն։ Սովորել եմ Հայ-Ռուսական համալսարանի Գովազդ և հասարակայնության հետ կապեր բաժնում, այնուհետև նույն համալսարանի MBA բաժինը»։

Ինեսսան ասում է, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ մեսսենջեր կոմունիկացիաների հետ առնչվում ենք շատ հաճախ, ուղղակի երբեմն չենք նկատում. «Վաճառքի համար նախատեսված օնլայն մարկետներից մինչև փոքր բիզնեսներ։ Սովորական օգտատիրոջ համար messenger-ների կիրառությունն ավելին, է քան ուղղակի անհրաժեշտությունը։ Այժմ նամակագրական հավելվածները դարձել են մեր առօրյայի զգալի մասը։ Այստեղ շփվում ենք, գնումներ կատարում, այլ գլոբալ որոշումներ կայացնում։ Իհարկե, մարքեթինգային կոմունիկացիաներն օգնում են (որոշ դեպքերում նաև խանգարում) ընտրություն կատարել։ Առհասարակ, նմանատիպ կոմունիկացիաները ճիշտ կառավարելու դեպքում, օգտատերերին դրական էմոցիաներ փոխանցելու ու ուղղություն տալու լավագույն լուծումն են։ Մարդկանց դուր է գալիս գրագետ ու ճիշտ ուղղորդումը»։ 


- Սա սովորական օգտատիրոջ համար, ի՞սկ պրոֆեսիոնալի տեսանկյունից, եթե դիտարկենք Messenger մարքեթինգը։
- Թվային մարքեթինգի մասնագետների տեսանկյունը որոշակիորեն այլ է․ մեսսենջեր մարքեթինգը տրամադրում է թիրախային կոմունիկացիաների ստեղծման հրաշալի հնարավորություններ։ Եթե օրինակ սոցիալական մեդիա առաջխաղացման արդյունքում ունենում ենք 30 % CTR՝ (click-through rate, քլիքերի ցուցանիշ), դա մեծ ձեռքբերում է։ Համեմատելու համար, մեսսենջեր մարքեթինգում 30 % CTR-ը ֆանտաստիկ ցածր ցուցանիշ է։ Միջինում կարող ենք հասնել 70-80 %, իսկ ճիշտ թիրախավորման արդյունքում՝ ընդհուպ մինչև 100 %-ի։ Մասնագիտական տեսանկյունից մեսսենջեր մարքեթինգը հենց այն ուղղությունն է, որը կարող է զգալիորեն փոխել մարքեթինգային կոմունիկացիաների արդյունքը։ Ռուսերենում լավ արտահայտություն կա․ вишенка на торте։ 

- Կարո՞ղ է վտանգավոր լինել, վատ նպատակներով օգտագործվել։
- Ցավոք, մեսսենջեր մարքեթինգը թվային պատերազմների ամենաուժեղ զենքերից է, ինչն ապացուցվել է Ղրիմի հակամարտության ու հայկական վերջին պատերազմական տարվա ընթացքում։ Դեռևս նախորդ տարվա հուլիսյան բախումների ժամանակ թշնամին օգտագործում էր Messenger պլատֆորմներում գործող կեղծ լրատվական կոմունիկացիա, որի նպատակն էր ապատեղեկատվության տարածումը։ 

- Մեր աշխատաշուկայում որքանո՞վ է պահանջված այս աշխատանքը։
- Հայաստանում թվային մարքեթինգի շուկայի առանձնահատկություններից մեկն էլ պահանջարկի խիստ սահմանափակ լինելն է։ Ռազմավարական առումով շարունակաբար տրամադրում եմ խորհրդատվություններ։ Հիմնականում, աշխատանքի տեսակը հետևյալն է․ սահմանվում է ստրատեգիան, արվում են կարգավորումներն ու մշակվում է կոմունիկացիոն ուղին։ Դրանից հետո արդեն աշխատանքը փոխանցվում է համապատասխան մասնագետներին ու անցնում ենք առաջ։ Եթե գլոբալ խոսենք, աշխատանքի այս ֆորմատն այդքան էլ չի խանգարում բնականոն ընթացքին, քանի որ գոնե մասնագիտական առումով անընդհատ կապի մեջ ենք գործընկերների հետ։

Դրսի հետ աշխատելն, իրականում, ավելի լուրջ ու խորքային է։ Այստեղ, խորհրդատվություններից զատ, նաև մշտական աջակցման կարիք է լինում։ Ֆինանսական տեսանկյունից ևս տարբերությունները շատ զգալի են։ Երբ արդեն երկար տարիներ է ինչ ոլորտում ես, այլևս այդքան էլ աշխատանք չես փնտրում, աշխատանքն է քեզ գտնում։ Սա, մասնավորապես, ակտուալ է արտասահմանյան գործընկերների դեպքում։

- Հայաստանում կա՞ն սովորելու հնարավորություններ։
- Հայաստանում թվային մարքեթինգի մասնագետների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար սովորելու հնարավորություն միանշանակ կա։ Հանդիսանալով Manychat պլատֆորմի պաշտոնական գործընկեր և էքսպերտ՝ իրականացնում եմ անհատական և խմբային դասընթացներ։ Ոլորտում դեռևս չկան միայն messenger մարքեթինգի ավելի կոմպետենտ, ամբողջական դասընթացներ։ Լինելու դեպքում էլ այն մատուցվում է որպես SMM մաս, ինչն էլ կտրականապես տարբերվում է այն ուղուց, որն աշխատում եմ տարածել ոլորտում։

- Արդյո՞ք, դասավանդում ես նաև։
- Ինչպես արդեն նշեցի, իրականացնում եմ անհատական և խմբային դասընթացներ ինչպես մեսսենջեր մարքեթինգի, այնպես էլ թվային մարքեթինգի այլ ուղղությունների վերաբերյալ։ Ամբողջական սպեկտրի մասնագետ լինելու առավելությունն էլ հենց այն է, որ երբ շուկան հստակ պատկերացնում ես, դասավանդելն ավելի հեշտ է լինում։ Առաջին ու միակ բանը, ինչի վրա ուշադրություն եմ դարձնում, մարդու հետաքրքրվածությունն է։ Առանց մոտիվացիայի անհնար է ինչ-որ բանի հասնել, անգամ, եթե ուղղորդում են լավագույնները։ Գլխավոր պահանջը հստակ է․ ինձ կարող են հարցեր հղել թե՛ դասընթացի ժամանակ, թե՛ հետո․ սակայն ամեն հարցից առաջ հարկավոր է փնտրել պատասխանը, նոր դիմել։ Կարծում եմ, որ թվային մարքեթինգում հաստատվող մասնագետն առաջինը պետք է լավ հետազոտող լինի։ Դե, իսկ մասնագետը պարտավոր է տրամադրել բոլոր այն ռեսուրսները, որոնք կօգնեն ուսանողին դասընթացից հետո։ Օրինակ՝ դասընթացի ձայնագրությունները, վիզուալները, հավելյալ գրքերն ու հոդվածները։ Պատասխանատու մոտեցումը պարտադիր է։

- Ի՞նչ հմտություններ են պետք այս մասնագիտությունը յուրացնելու համար։
- Հայկական լավ խոսք ունենք՝ քթածակ։ Դե, ու մոտիվացիա։ Այլ բանի կարիք չկա։

- Արհեստական բանականությունն ու Հայաստանյան շուկան։
- Արհեստական բանականությունը հաջորդ քայլն է։ Messenger marketing-ի վրա էլ է ազդելու, ավելի ճիշտ՝ արդեն սկսել է։ Ապագան մեկ քայլ առաջ կանխատեսելու համար հենց հիմա է պետք սկսել ինտեգրել այն։ Ֆանտաստիկ մասնագետներ ու ազգային արժեքներ ունենք։ Հուսամ՝ պոտենցիալը կօգտագործենք։

- Մասնագիտական ի՞նչ վախեր ունես։
- Ամենամեծ վախս թեմայի մեջ չլինելն է։ Թեմայի մեջ չես՝ լավ մասնագետ չես։ Իրավիճակին տիրապետում ես՝ լավ արդյունքի կհասնես։

- Ի՞նչն է ամենագայթակղիչը այս գործում։
- Էմոցիաների հետ խաղը։ Ինքս էմոցիաների կծիկ եմ, հեշտ եմ ընկալում մարդու հոգեբանությունն ու ապրումները։ Messenger marketing-ն ամբողջությամբ հիմնված է էմոցիաներ փոխանցելու ու ստանալու վրա։ Հենց դա է գրավել։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ