-Մի փոքր պատմեք Ձեր մասին. ինչու՞ որոշեցիք հենց Հայաստանում շարունակել Ձեր կրթությունը:
-Էրազմուս+ ծրագրի շրջանակում իմ հնարավորությունները, ցավոք, չափազանց փորք էին, և առկա ուղղություններից ոչ մեկն ինձ համար գրավիչ չէր, այդ իսկ պատճառով ես որոշեցի ինքնուրույն փնտրել հնարավոր տարբերակներ: Երևանի պետական համալսարանը լավագույն ընտրությունն էր, քանի որ իմ մագիստրոսական աշխատությունը նվիրված էր Հայաստանին և Հարավային Կովկասին: Բացի այդ՝ Նոյշատելի համալսարանում սովորել էի ռուսերեն, ինչը ինձ հնարավորություն է տալիս հեշտությամբ շփվել հասարակության այն հավածի հետ, որն անգլերենին չի տիրապետում: եվ ահա, իմ մայր բուհի հայ դասախոսն ինձ օգնեց կապ հաստատել ԵՊՀ միջազգային կապերի վարչության հետ, այնուհետև ինքնուրույն կազմակերպեցի փոխանակումս։
-Նախօրոք գիտե՞իք՝ ինչպիսի երկիր Հայաստանը և ինչպե՞ս եք նախապատրաստվել այցին:
-Այո, ես արդեն եղել էի Հայաստանում 2016 թվականին, բացի այդ՝ բավականին շատ ուսումնասիրել էի նրա պատմությունը և քաղաքական ներկայիս իրավիճակը։ Առաջին հերթին ես սկսեցի հայերեն լեզվի դասընթացների հաճախել Ժնևի համալսարանում՝ որոշ տարրական գիտելիքներ ունենալու համար։

-Նկարագրեք Ձեր առաջին տպավորությունները:
-Անկեղծ ասած՝ առաջին տպավորություններս բավականին տարբեր էին: Ընդհանրացնելով՝ կարող եմ ասել, որ Երևանն ուղղակի հսկա, բացարձակապես գեղեցիկ քաոս է՝ մշտապես ծանրաբեռնված երթևեկություն, փողոցներում շատ մարդիկ, ձայներ և շարժումներ: Սակայն երևի թե աշխարհում չկա որևէ այլ վայր, որտեղ ես կնախընտրեի լինել հատկապես ամառվա երեկոներին. դիտել պարող շատրվանները Հանրապետության հրապարակում, դանդաղ քայլել դեպի Կասկադ, փողոցներում անզգույշ խմել ջուր և լսել երգող երաժիշտներին:
-Ի՞նչ դժվարությունների բախվեցիք Հայաստանում:
-Ինձ համար հիմնական դժվարություններից էին հանրակացարան գտնելը և դասապրոցեսին հարմարվելը: Նախնական փուլում տեղեկատվությունը շատ սահմանափակ էր. ինձնից պահանջվեց որոշակի ժամանակ, որպեսզի ընտելանամ դասախոսական կազմին և ժամանակացույցին: Բավականին դժվար էր նաև հասարակական տրանսպորտի համակարգին ընտելանալը:
-Նշեք փոխանակման առաջին մեկ շաբաթվա ընթացքում Ձեզ մոտ տպավորված պահերից մի քանիսը:
- Հայաստանում ամենահիշարժան պահերը մեր փոքրիկ ճամփորդություններն են` հայաստանյան Էրազմուսի ուսանողների ցանցի և տեղացիների հետ: Մտաբերում եմ հանգստյան օրերին Դիլիջան քաղաք մեր այցը, որի ժամանակ մոլորվեցինք Գոշավանքի շրջակայքի գեղատեսիլ անտառներում, իսկ ավելի ուշ երկու օր անցկացրինք նաև Սևանա լճի արևելյան ափին։ Հայկական բնությունն իսկապես ապշեցուցիչ է, և հատկապես շոգ ամռանը հաճելի է փախչել մայրաքաղաքից:

-Որտե՞ղ եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը Երևանում և ի՞նչը կառանձնացնեիք մայրաքաղաքի մշակութային կյանքում:
- Ավանի մերձակայքում գտնվող ուսանողական հանրակացարանում մեկ ամիս մնալուց հետո երեք այլ միջազգային ուսանողների հետ տեղափոխվեցինք քաղաքի կենտրոն: Ես հաճախ եմ այցելում մայրաքաղաքի սրճարաններ, ռեստորաններ և փաբեր։ Վայելում եմ նաև մշակութային հնարավորությունները` այցելելով թանգարաններ, կինոթատրոններ, գրախանութներ և այլ հաստատություններ:
- Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են սովորել Հայաստանում:
-Հայաստանն արևմտաեվրոպական երկիր չէ, և նրա բնակչության անգլերենի մակարդակը միշտ չէ, որ լավագույնն է: Մշակույթը և արժեհամակարգը շատ տարբերվող են: Պատրաստեք ձեզ այդ ամենին և փորձեք համբերատար գտնվել: Թեև հաճախ որոշ բաներ այնպես չեն ընթանում, ինչպես պլանավորել եք, սակայն հայերը շատ պրագմատիկ են և միշտ ուղիներ են գտնում խնդիրները լուծելու համար: Ամեն դեպքում դուք պետք է գաք այստեղ բաց մտքով և պատրաստ լինեք շփվելու Հայաստանի, նրա պատմության ու ժողովրդի հետ: Միայն այս պարագայում դուք այստեղ կանցկացնեք ամենահիասքանչ ժամանակը: Իսկ խորհրդանշական «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելուց առաջ վստահ եղեք, որ մտովի կասեք՝ սիրում եմ քեզ, Հայաստա՛ն:
Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը