Այսօր

Արտասահմանում սովորող ուսանողը իր երկրի դեմքն է

  08 Դեկտեմբեր 2021  629 դիտում
Արտասահմանում սովորող ուսանողը իր երկրի դեմքն է

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR & Communication Techniques» մագիստրոսական ծրագրի I կուրսի ուսանողուհի, լրագրող Լիլիթ Մկրտչյանը ուսումը մեկ կիսամյակով շարունակում է Պորտուգալիայի Մինհոյի համալսարանի «Communication Sciences» մագիստրոսական ծրագրում։ Արտասահմանում կրթություն ստանալու ճանապարհով գնալիս զրուցել ենք Լիլիթի հետ։

Սկիզբը․ դեդլայնից րոպեներ առաջ

Հստակ նպատակ չեմ ունեցել կրթությունս արտասահմանում շարունակելու, սակայն միշտ մեծ հետաքրքրությամբ հետևել եմ կրթությունը Հայաստանից դուրս շարունակելու նպատակով ծրագրերի դիմած ծանոթներիս։ Նման հայտարարություններ տեսնելիս բացել եմ, կարդացել նկարագրությունները, սակայն «Erasmus +»-ը չուներ իմ մասնագիտությանը համապատասխան որևէ ծրագիր։

«Communication Sciences»-ին վերաբերող հայտարարությունը պատահմամբ եմ տեսել ԵՊՀ-ի կայքում։ Նկարագրությունը կարդալուց հետո հասկացա, որ հնարավորություն ունեմ դիմելու։ Այդ ընթացքում դիպլոմային աշխատանքիս և որոշ հարցերով զբաղվածության պատճառով մոռացել էի դրա մասին։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետի վերջին օրը հիշեցի և հայտը ուղարկեցի դեդլայնից մոտ կես ժամ առաջ։

Դժվարությունները

Մինչ մեկնելը հիմնական դժվարություններն առնչվել են դեսպանատանը և թղթաբանությանը․ Հայաստանում չկա Պորտուգալիայի դեսպանատուն։ Վիզայի հետաձգման պատճառով երկու շաբաթ ուշացա դասերից։ Թեև ծրագրերով արտասահմանում կրթություն ստացած ուսանողներն ասում էին, որ որևէ խնդիր չի լինում, համալսարանը հասկանում է, այնուամենայնիվ ինձ համար դժվար էր սպասելը։

Պատասխան նամակը

Ծրագրի նկարագրության մեջ նշված էր, որ ընտրվելու պատասխանը  ստանալու ենք մայիսի սկզբին։ Երկար ժամանակ սպասում էի, ու չկար արձագանք։ Մտածեցի՝ չեմ անցել։ Որոշ ժամանակ անց ծավալուն հաղորդագրություն ստացա։ Երբ հասա ընտրվելուս որոշման հատվածին, չէի հավատում։ Նույնիսկ մի քանի անգամ թարգմանել եմ տեքստը (հեղ՝ ծիծաղում է)։

Էմոցիաներս շատ բուռն էին․ ուրախության հետ նաև անհանգստություն ու վախ կար, քանի որ պատկերացնում էի թե՛ թղթաբանության, թե՛ օտար երկիր գնալու դժվարությունները։ Ծրագրին դիմելուս մասին միայն երկու հոգի էին տեղյակ․ ծնողներիս չէի ասել։ Երբ իմացան իմ՝ Մինհոյի համալսարանում սովորելու հնարավորության մասին, խորհուրդ տվեցին մեկնել, շատ ոգևորեցին, իրենք էլ շատ ուրախ էին։ Թեև գիտեի, որ անհանգստությունս շատ կարճ է տևելու, սակայն ծնողներիս աջակցությունն ինձ շատ օգնեց։ Գիտեմ՝ կան մարդիկ, որ չեմ դիմում նման ծրագրերի, քանի որ ընտանիքի անդամները չեն խրախուսում։

Ինքնաթիռում

Մոսկվա-Լիսաբոն։ Երկու շաբաթ ուշացումը ինձ հնավարություն տվեց հոգեբանորեն պատրաստվելու, հստակ հասկանալու անելիքներս, քայլերիս հերթականությունը։ Ես արդեն պատրաստ էի՝ առանց վախի ու անհանգստության զգացումների։

Օտարության մեջ․ գտնել ու չկորցնել

Մինչև գալս գիտակցում էի, որ չեմ ունենալու ոչ ոքի։ Սկզբնական փուլում բարդ էր․ փողոցները, միջավայրը, մարդիկ, ապրելակերպը, լեզուն․ ամեն բան օտար է։ Անգամ չունես մեկին, ում հետ քո մայրենի լեզվով կարող ես խոսել դժվարություններիդ, խնդիրներիդ, մտահոգություններիդ մասին։ Չնայած այս ամենին՝ «մշակութային շոկը» մեծ չի եղել․ մարդիկ սրտաբաց են, ջերմ, պատրաստ են օգնելու։ Հատկապես առաջին երկու օրը՝ որևէ փողոց կամ խանութ փնտրելիս, դիմում էի տեղացիներին։ Նրանք չգիտեին անգլերեն, բայց հնարավոր բոլոր ձևերով օգնում էին․ տալիս էին հեռախոս, որ թարգմանեմ՝ ինչ եմ ուզում ասել, կամ միացնում իրենց հեռախոսի քարտեզը։ Կեցությանս քաղաքը՝ Բրագան, բավականին անվտանգ, հարմար ու խաղաղ է․ դրա համար առաջին իսկ օրվանից ինձ հանգիստ և ապահով եմ զգում։

Օտարության մեջ պիտի կարողանաս գտնել քեզ ու միաժամանակ չկորցնել քո ես-ը։ Շատ դժվար է․ մեր՝ հայերիս ավանդույթները, ապրելակերպը լրիվ այլ են, էստեղ՝ եվրոպայում՝ լրիվ այլ։ Պետք է պահել բալանսը։ 

Հիշիր, արտասահմանում սովորո՛ղ ուսանող, դու ես քո երկրի դեմքը։ Քո միջոցով է օտարը ճանաչում երկիրդ։