Այսօր

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորները ծանոթացել են կինոոլորտի գաղտնիքներին

  13 Դեկտեմբեր 2021  114 դիտում
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորները ծանոթացել են կինոոլորտի գաղտնիքներին

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, ողջունելով ծրագրի մասնակից զինվորներին՝ նշել է, որ շատ ոգևորիչ է եղել դրամաշնորհային ծրագրերի փաթեթում նման նախագծի ներկայացումը: «Երբ բացահայտեցինք, որ նման ծրագիր կա ներկայացված, հանձնաժողովի բոլոր անդամներն այն միաձայն շատ բարձր գնահատեցին: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս արվեստի միջոցով մասնագիտական հմտություններ ձևավորել, ինչպես նաև աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց՝ արվեստի դրական ազդեցության շնորհիվ ավելի հեշտ և արագ վերադառնալ բնականոն կյանքի, որի կարիքն ունի և՛ հասարակությունը, և՛ զինվորները: Բոլորս հետևում ենք «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» կատարվող իրադարձություններին, թե մեր զինվորները գործունեության ինչպիսի հետաքրքիր տեսակներ են իրենց համար բացահայտում և ինչ դասընթացների մասնակցում»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքներն իրապես շատ ոգևորիչ են, և հետագայում այն վստահաբար կունենա շարունակություն:

«Երիտասարդների շրջանում պետք է մեծացնել նախաձեռնողականությունը և քաղաքացիական ակտիվությունը. կարևորն առաջին քայլն անելն է, որին անպայման կհետևի արդյունքը: Երիտասարդական քաղաքականության մեջ ամրագրված քաղաքացիական կրթության շրջանակում ոչ ֆորմալ ձևաչափով անցկացվող նման դասընթացները նպաստում են նոր հմտությունների ձևավորմանը»,-փաստել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը:

Երկամսյա ծրագիրն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, որի համահիմնադիր Գուժ Թադևոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ նշելով, որ այն ներառել է ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմի, անվանի արվեստագետների հետ և ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում: Նրա խոսքով՝ դասընթացի մասնակիցները հենց եղել են ֆիլմի հերոսները, քանի որ այն պատերազմի, կյանքի և սիրո մասին է: Ըստ Գուժ Թադևոսյանի՝ կինոդպրոցում ուսուցանվել են սցենարիստ, ռեժիսոր և մոնտաժի ռեժիսոր մասնագիտությունները, և մինչ դասընթացին միանալը մասնակիցներից մի քանիսն արդեն որոշակի գիտելիքների պաշար ունեին, հետևաբար ծրագիրն այդ առումով ավելի շատ ուղղված էր մասնագիտական կողմնորոշմանը և ոլորտի նկատմամբ լրացուցիչ հետաքրքություն առաջացնելուն: Այս համատեքստում մի քանի մասնակիցների հետ հետաքրքիր համագործակցություն է ծավալվել, և նրանք ներգրավվել են որոշ նախագծերում:

Գոհար Մամիկոնյանը զինվորներին խնդրել է կիսվել իրենց տպավորություններով, թե դասընթացի արդյունքում ինչ հմտություններ են բացահայտել և ապագա գործունեության մեջ արդյոք իրենց տեսնո՞ւմ են արվեստի ոլորտում:

Ծրագրի մասնակից Արտյոմը նշել է, որ տպավորված է դասընթացով, քանի որ մինչ այդ կինոոլորտի մասին իր տպավորություններն ու գիտելիքները մի քիչ այլ էին: Արտյոմն անհամբեր սպասում է մյուս դասընթացին՝ զարգացնելու ներկայում արդիական համարվող 3D մոդելավորման իր հմտությունները, այդ թվում՝ կինոմոնտաժի ոլորտում:

Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնի ուսանող Դավիթը հետաքրքրված է թատերական ոլորտի նախագծերով. Նարեկացի արվեստի  միությունում իր համակուրսեցիների հետ նրանք ցուցադրել են «Կարմիր գլխարկը» 10 րոպեանոց ներկայացումը: Ապագայում նախատեսում են բեմադրել «Մախրոտիկը»՝ այն համադրելով «Անբան Հուռիի» հետ, որի շրջանակում կլինեն այցելություններ ներառական կրթօջախներ: Դավիթը ներգրավված է նաև սոցիալական հոլովակների կոմերցիոն նախագծերում. նա հինգ սցենարի հեղինակ է:

Ծրագրի մյուս մասնակիցը՝ Էդմոնը, որը հաղորդավարի փորձ ունի, հաղթել է Առաջին ալիքի հայտարարած մեկանաբանների մրցույթում և 5 ամիս կմասնակցի համապատասխան դասընթացների, իսկ Յուրան հետաքրքրված է լուսանկարչական արվեստով. նրան արդեն ներկայացվել է մի քանի առաջարկ, որից պետք է ընտրություն կատարի:

ՄԵզ հետ զրույցում դասընթացի մասնակից Շիրազն ասում է, որ իրեն շատ գրավում է ռեժիսուրան, և տարիներ առաջ այդ աշխատանքի փորձ ունեցել է: Նրա խոսքով՝ ամեն մի դրվագի մեջ պետք է փորձես գտնել քո հերոսին և ինքնադրսևորվես:

Ավարտական ֆիլմի հերոսներից է նաև Լիլիթը, որը կամավորության սկզբունքով կենտրոնում անգլերենի դասընթացներ է անցկացնում զինվորների համար: Ի դեպ, այդ կադրն առկա է նաև ֆիլմում: Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ կրթության այս ձևաչափով ավելի մտերմիկ հարաբերություններ են ձևավորում դասընթացի մասնակիցների միջև, որն էլ իր հերթին հեշտացնում է նրանց ինտեգրումը:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքով՝ կենտրոնում իրականացված 604 կրթական ծրագրերը նպաստել են զինվորների նոր հմտությունների ձևավորմանը և խրախուսմանը: Նա նշել է, որ 2022 թվականին նախատեսվում են լրացուցիչ մասնագիտական հմտությունների ձևավորմանն ուղղված տարբեր ծրագրեր, և ցանկալի կլինի, որ պետությունը դրամաշնորհային ծրագրերի միջոցով դրանց աջակցի:

Այդ առումով Գոհար Մարտիրոսյանը պարզաբանել է, որ հաջորդ տարի նախարարությունը երիտասարդության ոլորտում նախատեսում է իրականացնել բավականին թվով ծրագրեր: Նրա խոսքով՝ այդ նպատակով կկազմակերպվեն նաև դրամաշնորհներին դիմելու համար հայտեր ներկայացնելու հմտությունների ձևավորմանն ուղղված իրազեկման աշխատանքներ, որին բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել: Ըստ Գոհար Մարտիրոսյանի՝ այդ հարցում ԿԳՄՍ նախարարությունը  պատրաստակամ է աջակցել բոլորին:

 

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ