Այսօր

Արաքս Չերչեան. Ինչո՞ւ այլ երկրում սերմերը գցենք, եթե կարող ենք մեր երկրում դա անել

  13 Դեկտեմբեր 2021  549 դիտում
Արաքս Չերչեան. Ինչո՞ւ այլ երկրում սերմերը գցենք, եթե կարող ենք մեր երկրում դա անել

Հինգ ամիս առաջ Արաքս Չերչեանը Բեյրութից եկավ Հայաստան։ Նպատակը մեկն էր՝ բնակություն հաստատել հայրենիքում և իր գիտելիքները ծառայեցնել երկրի զարգացմանը։ Արաքսը ծնվել և մեծացել է Բեյրութում, սովորել է հայկական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Հայկազյան վարժարանում՝ ստանալով մենեջմենթի մասնագիտություն։ Փոքրուց զբաղվել է պարով, գրեթե 14 տարի պարել է Լիբանանի հայկական պարի անսամբլում։ Վերջին տասը տարիներին պարախումբն իր համար հատուկ նշանակություն ունի, քանի որ այն կրում է իր վաղամեռիկ քրոջ անունը՝ Արին։ Ուսմանը, պարին զուգահեռ նա եղել է սկաուտական խմբի խմբապետուհի, ամառային դպրոցի ուսուցչուհի և այլն։

Լիբանանից՝ Հայաստան

Արաքսը երազում էր ապրել Հայաստանում, որի իրականացմանը երկար չսպասեց: Հայրենիքի հետ կապն ամուր էր, ամեն տարի ամռանը ընտանիքով գալիս էին Հայաստան, ծանոթ էր երկրին, միջավայրին։ Երբ ծնողներին հայտնում է հայրենիքում հաստատվելու մասին, նրանց զարմացնում է դստեր այդ որոշումը։ Մտածում են, թե ինչպե՞ս պետք է երիտասարդ աղջիկը մենակ ապրի, դժվարությունները միայնակ հաղթահարի, սակայն դուստրն անդրդվելի էր. ծնողները խոչընդոտ չեն հանդիսանում։

Արաքսը խոստովանում է, որ իր համար էլ անսովոր էր մենակ ապրելը, բայց իր ապագան տեսնում է հայրենիքում, ուզում է իր ներուժն օգտագործել Հայաստանում։

Այնքան  հաճելի է, երբ քայլում ես և ամեն քայլափոխի հայերեն լսում

Ամռանը եկա Հայաստան, պետք է խոստովանեմ, որ հեշտ ինտեգրվեցի։ Միգուցե հարցնեք, թե ինչու Հայաստան, այլ ոչ եվրոպական երկրներ, ԱՄՆ, պատասխանը մեկն է՝ Հայաստանն իմ հայրենիքն է, ես ուզում եմ իմ երկրի մի մասը դառնալ։ Գիտեք ինչու, որովհետև այստեղ հայեր են ապրում և բոլորը խոսում են հայերեն։ Միգուցե ձեզ տարօրինակ թվա, բայց ինձ համար դա շատ կարևոր է, որ ես քայլում եմ, աշխատում եմ, գնում եմ սրճարան կամ այլ վայրեր ու բոլորն իմ մայրենի լեզվով են խոսում։ Օտար երկրում մեծացած մարդն իմ զգացումներն ավելի լավ կհասկանա։ Այնքան հաճելի է...

Իրականում այստեղ ինձ համար հեշտ է,  ի վերջո հարազատ միջավայրում եմ։ Ես փորձում եմ Հայաստանի մի մասնիկը դառնալ։ Ինչու այլ երկրում սերմերը գցենք, եթե կարող ենք մեր երկրում դա անել։ Այո, սփյուռքահայերի սիրտը երկու մասի է բաժանված, իմ մի մասը Լիբանանում է, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ ընտանիքս է,  մի մասը՝ Հայաստանում։

Նոր կյանք, նոր աշխատանք տանից հեռու հարազատ միջավայրում

Օգոստոսին վերադառնալով Հայաստան՝ սկսեցի աշխատանք փնտրել, սեպտեմբերից արդեն սկսեցի աշխատել։ Մինչև Հայաստան տեղափոխվելը՝ դեռ 2019 թ․-ին, հնարավորություն ունեցա գնալ Նյու Յորք և այնտեղ երեք ամիս աշխատել Orion Worldwide Innovations-ի հետ, որի հիմնադիրն է Էմմա Առաքելյանը։ Երեք ամիս աշխատելուց հետո վերադարձա Լիբանան։ 2020 թվականին Հայաստանում բացվեց Orion Worldwide Innovations Armenia-ն։ Երբ փոխադրվեցի այստեղ, աշխատանքի անցա հենց այդ ընկերությունում՝ որպես ընկերության ֆինանսական և M&A (միաձուլումների ու ձեռքբերումների)  վերլուծաբան։

Կարճ ժամանակահատվածում հնարավորություն ունեցա ծանոթանալ հայկական նոր ստարտափների հետ։ Վերլուծում եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժն ու բացահայտում դրանք։ ՀՀ ստարտափ էկոհամակարգը լի է պայծառ գաղափարներով, ունի 1500-ից ավելի ստարտափեր և վերլուծում ենք, թե ինչպես կարող ենք հզորացնել այն։ Որպես վերլուծաբան աշխատում եմ հետաքրքիր զեկույցների վրա։ Իրականում ամեն օր նոր բան եմ սովորում, չափից դուրս հետաքրքիր աշխատանք է, ոգևորված եմ, որ մաս եմ կազմում նման ընկերության, որի նպատակն է նպաստել հայկական ստարտափների զարգացմանը։  

Դրան զուգահեռ համագործակցում եմ նաև BAJ Accelerator ընկերության հետ։ Պատկերացնում եք, ես ամեն օր նոր բան եմ սովորում, քանի որ բարձր որակավորում ունեցող մարդկանց հետ եմ շփվում։ Էմմա Առաքելյանը և BAJ Accelerator-ի հիմնադիր Արմեն Խերլոփյանն այնպիսի մասնագետներ են, որոնցից պետք է անընդհատ սովորել։

Ես ուզում եմ ավելի աճել, քանի որ տեխնոլոգիական ոլորտն աշխարհի ապագան է։ Հայաստանում ևս այն արագ զարգանում է։

Իհարկե դժվարություններ էլ կան ինչպես բոլոր այլ ասպարեզներում, բայց կյանքը սովորեցնում է, իսկ մենք պետք է խելացի լինենք, կարողանանք դասեր քաղենք և վերցնենք դրականը։

Ես պարզապես շատ չեմ մտածում՝ «ի՞նչ կլինի, եթե չստացվի» թեմայի շուրջ։ Մեծ ոգևորությամբ, պատասխանատվությամբ եմ մոտենում գործին, իսկ արդյունքն ուշացնել չի տալիս։

Արտերկրում աշխատելու առաջարկներ կան, բայց ...

Անկեղծ պետք է ասեմ, որ արտերկրում աշխատելու առաջարկներ ստացել եմ, սակայն մերժել եմ։ Իհարկե, ԱՄՆ-ում, Եվրոպայում աշխատելով ավելի առաջ կգնամ։ Երբեք չեմ կարող մոռանալ ԱՄՆ-ում անցած փորձաշրջանս։ Ոչ միայն սովորեցի, այլև ավելի վստահ սկսեցի ինձ զգալ, ինքնավստահություն ձեռք բերեցի, բայց չկարողացա երկար այնտեղ մնալ, քանի որ միջավայրը տարբեր էր և որոշեցի վերադառնալ ընտանիքիս մոտ։ Ի վերջո, երբեք չպետք է վախենալ դժվարություններից, միշտ պետք է հավատալ սեփական ուժերին ու առաջ գնալ։

Գիտեք նաև ինչու եմ Հայաստանը սիրում։ Ընտանիքս ապրում է Բեյրութում, և ցանկացած ժամանակ կարող են ընդամենը երկու ժամում գալ ինձ մոտ կամ հակառակը՝ ես կարող եմ գնալ։

Հայաստանում ապրելն ավելի հեշտ է, այն ինձ համար օտար երկիր չէ։

Անել մի բան, որն օգտակար կլինի Հայաստանին

Ես ունեմ երազանք՝ իրականացնել մի այնպիսի նախագիծ, որը կկապի Հայաստանին այլ երկրների հետ։ Առայժմ մտածում եմ, մտքումս մշակում եմ, բայց մի օր դա կանեմ։ Երբեք չպետք է հետ կանգնել երազանքներից։

Իմ նման երիտասարդ սփյուռքահայերին խորհուրդ կտամ գալ Հայաստան և երբեք չմտածեն, որ աշխատանք չեն ունենա։ Եկեք հայրենիք և այստեղ ձեռք-ձեռքի տալով երկիրը զարգացնենք։

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բավականին զարգացած է, սակայն մեր խնդիրն այն է, որ չենք կարողանում մեզ ներկայացնել դրսում։ Մեծ երկրները պետք է մեզ ճանաչեն, քանի որ մենք այստեղ իսկապես մեծ աշխատանք ենք իրականացնում, լավ և կարևոր գործեր ենք անում, փայլուն մասնագետներ ունենք, որոնք կարող են մրցունակ լինել արտերկրում։ Դրա համար պետք է միավորել ուժերը, միայն այդ դեպքում կկարողանանք հաջողության հասնել։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ