Այսօր

Յան Բորիլ. սովորե՛ք բարձրանալ Հայաստանի լեռները

  14 Դեկտեմբեր 2021  317 դիտում
Յան Բորիլ. սովորե՛ք բարձրանալ Հայաստանի լեռները

Չեխիայի Հանրապետության Մասարիկ համալսարանի ուսանող Յան Բորիլը 2021-2022 ուստարվա Էրազմուս+ փոխանակման ծրագրի շրջանակում կրթություն է ստանում Երևանի պետական համալսարանում: Հայաստանում իր ուսումնառության և տպավորությունների շուրջ Erit.am-ը զրուցել է Յան Բորիլի հետ:

-Ինչու՞ ընտրեցիք Հայաստանը՝ Էրազմուս+ շարժունակության ծրագրին մասնակցելու համար:

- Ընդհանուր առմամբ ես սիրում եմ հետխորհրդային երկրները և մինչ իմ Հայաստան ժամանելը՝ եղել եմ Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Ղազախստանում և Վրաստանում: Այս ամենի հետ մեկտեղ՝ տարածաշրջանում միակ համալսարանը, որն աշխարհագրության հետ կապված ցանկացած դասընթաց անգլերեն լեզվով կարող էր ապահովել, Երևանի պետական համալսարանն էր։

-Նախօրոք գիտե՞իք՝ ինչպիսի՞ երկիր եք այցելում և նախապատրաստվե՞լ էիք այցին:

-Այն հիմնական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ էր իմանալ, այո՛, գիտեի, բայց մեկ-երկու հարյուր եվրո կանխիկից բացի՝ ուրիշ ոչինչ նախապես չէի պատրաստել։

 -Նկարագրեք Ձեր առաջին տպավորությունները Հայաստանում:

- Անկեղծ ասած՝ ինձ համար համարյա ամեն ինչ նորույթ էր Հայաստանում, բայց, մասնավորապես, կարող եմ առանձնացնել քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը, աննկարագրելի շոգն ու ռուսերենի իմացության անհրաժեշտությունը, որին, բարեբախտաբար, որոշակի չափով տիրապետում էի: Առաջին հայացքից ԵՊՀ-ում գործող գրանցման համակարգը նույնպես ինձ տարօրինակ թվաց, քանի որ բավականին տարբեր էր ինձ ուղարկող համալսարանից:

 -Ի՞նչ դժվարությունների եք բախվել Հայաստանում:

-Ինձ հանդիպած դժվարություններից կարող եմ նշել տարածաշրջանի սահմանափակ լինելը: Հանրակացարաններից համալսարանի հեռավորությունը նույնպես անհարմարության պատճառ է հանդիսանում: Ինձ համար նաև բավականին դժվար էր ընտելանալ հասարակական տրանսպորտին. ցավոք, քաղաքում հեծանիվով տեղաշարժվելու քիչ հնարավորություններ կան։

-Նշեք փոխանակման ընթացքում Ձեզ մոտ տպավորված պահերից մի քանիսը:

-Փոխանակման երկրորդ շաբաթվա ընթացքում ես որոշեցի բարձրանալ Արագած լեռան բոլոր չորս գագաթները, ինչն իսկապես հաճելի փորձ էր: Այդ ամենից հետո, ընդամենը մեկ շաբաթ անց, ես գնացի Թուրքիա՝ բարձրանալու Արարատ լեռը: Միանշանակ, Հայաստանից ամենահիշարժանն այդ հիշողությունն եմ տանելու ինձ հետ:

-Որտե՞ղ եք անցկացնում Ձեր ազատ ժամանակն այստեղ:

-Ժամանակիս մի հատվածը տանն եմ անցկացնում, բայց նաև սիրում եմ վազել ազատ ժամանակ: Ինձ հնարավոր է տեսնել, օրինակ` Հրազդան գետի հովտում կամ Ցեղասպանության թանգարանի զբոսայգում: Այստեղ եմ ես անցկացնում իմ ժամանակի մեծ մասը Հայաստանում:

–Ի՞նչ
խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են սովորել Հայաստանում:

-Ես խորհուրդ կտամ նվազագույնը որոշակի չափով տիրապետել ռուսերեն լեզվին. այն իսկապես օգտակար կլինի նախնական փուլում: Բացի այդ՝  պատրաստեք ձեզ փոփոխություններին, իսկ ամենակարևորը` սովորեք բարձրանալ Հայաստանի լեռները:

 

Նյութը պատաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ