Այսօր

Իսպանուհի Թերեզա. Հայաստանը իմ կյանքի լավագույն ընտրություններից մեկն է

  17 Դեկտեմբեր 2021  352 դիտում
Իսպանուհի Թերեզա. Հայաստանը իմ կյանքի լավագույն ընտրություններից մեկն է

Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանողուհի Թերեզա Պեդրիդո Ֆերնանդեսը Էրազմուս+ փոխանակման ծրագրի շրջանակում 2021-22 ուստարում կրթություն է ստանում Երևանի պետական բժշկական համալսարանում: Erit.am-ը զրուցել իսպանացի ուսանողուհու հետ՝ Հայաստանի և Իսպանիայի կրթական համակարգերի նմանությունների և տարբերությունների, ինչպես նաև մեր երկրից նրա ստացած տպավորությունների շուրջ:

-Ինչո՞ւ ընտեցիք Հայաստանը՝ շարժունակության ծրագրին մասնակցելու համար:

-Անկեղծ ասած՝ սա իմ առաջին հնարավորությունը չէր: Հյուսիսային Ամերիկան, հատկապես Մեքսիկան, մտապահել էի այն պահից սկսած, երբ սկսեցի հետաքրքրվել իմ մայր բուհի առաջակած փոխանակման ծրագրրերի ուղղություններով: Դա պայմանավորված էր իմ ընտանիքի՝ այնտեղ բնակվելու փաստով, բացի այդ՝ ես միշտ համարել եմ ինձ շատ մոտ նրանց մշակույթին և երկրին: Ցավոք, համավարակի պատճառով այդ փոխանակման ծրագիրը չեղարկվեց, և ես նոր հայտ ներկայացրեցի։ Այդժամ Հայաստանը մտավ իմ կյանք, և ես սկսեցի տեղեկություններ փնտրել այդ երկրի մասին ոչ միայն համացանցում, այլև նաև այն մարդկանցից, որոնք փոխանակման ծրագրով եղել էին այնտեղ, քանի որ գաղափար չունեի՝ ինչպիսի պետության է այն: Այս ամենի հետ մեկտեղ՝ ես նաև մտածում էի գնալ Եվրոպայից հեռու, այլ մշակույթ ունեցող երկիր. հարմարավետության գոտուց դուրս գալն ինձ հնարավորություն կընձեռեր աճել և լինել ավելի լայնախոհ: Այսպիսով, իմ ընտրությունը պայմանավորված էր պատահականության, ինչպես նաև նոր զգացողություններ փնտրելու և  մարտահրավերների դիմակայելու անհրաժեշտությամբ:

-Նախապես գիտեի՞ք՝ ինչպիսի երկիր է Հայաստանը, և նախապատրաստվու՞մ էիք այցին:

-Իմ համալսարանի համակարգողը տրամադրեց Հայաստանում իրենց փոխանակումները կատարած մարդկանց տվյալները: Նրանք ինձ նախապես ներկայացրեցին, թե ինչպիսին է այստեղ առօրյա կյանքը, մշակույթը, կրթական համակարգը: Եվ, իհարկե, չեմ կարող չշեշտել Հայաստանում Էրազմուս ուսանողական ցանցի մասին, որի հետ ես կապ հաստատեցի սոցիալական էջերի միջոցով: Այս կազմակերպությունը ստեղծվել է ուսանողների կողմից՝ Հայաստանում սովորող միջազգային ուսանողներին օգնելու նպատակով: Նրանք անում են ամեն բան, որպեսզի հեշտացնեն մեր կյանքը ոչ միայն այն ժամանակ, երբ արդեն Հայաստանում ենք, այլ նաև նախապատրաստական շրջանում:

-Նկարագրեք Ձեր առաջին տպավորությունները:

-Այստեղ առաջին օրը ես հասկացա, որ Հայաստանը, հատկապես Երևանը, հակադրությունների վայր է: Առաջին անգամ հայտվելով մայրաքաղաքի կենտրոնում՝ մտածում էի, որ այն շատ նման է եվրոպական այլ քաղաքներին՝ բազմաթիվ սրճարաններով, մեծ ու ժամանակակից շենքերով, ռեստորաններով, մարդաշատ փողոցներով և այլն, բայց երբ սկսեցի կենտրոնից դուրս գալ, նկատեցի այլ տեսակի շինություններ: Օրինակ, փոքր սեփական տներ կամ մեծ խորհրդային թաղամասեր. կա հսկայական տարբերություն կենտրոնի ժամանակակից ճարտարապետության համեմատ: Ես նաև բավականին  տպավորված էի օտարերկրացիների նկատմամբ հայերի ջերմ և հյուրընկալ վերաբերմունքից: Նույնիսկ եթե նրանք չեն տիրապետում անգլերեն լեզվին, պատրաստակամ են օգնել ձեզ, առաջարկել ուտելիք և խմիչք: Այս ամենը կիսվելու ունակության մասին է` այս ազգի արժեհամակարգի հիմնակետերից մեկը:

 -Խոսենք մի փոքր Հայաստանի և Իսպանիայի կրթական  համակարգերի տարբերությունների և նմանությունների մասին:

-Ես այժմ սովորում եմ բժշկության բաժնի բակալավրիատում, և համալսարանում միշտ տեսական և գործնական դասախոսություններ ենք ունենում: Իմ մայր և հայկական համալսարանների միջև կան որոշ տարբերություններ՝ տեսական դասախոսությունների առումով: Նախ՝ իմ մայր բուհում դասախոսություններին մասնակցում է նվազագույնը 80 ուսանող, իսկ այստեղ՝ առավելագույնը 12։ Այդ պատճառով ես այստեղ  դասերն ավելի դինամիկ եմ համարում, պրոֆեսորի համար ավելի հեշտ է բացատրել թեմաները, ինչպես նաև ինձ համար` հարց ու պատասխանն ավելի արդյունավետ է իրականացվում: Բացի այդ՝ ավելի հեշտ է ճանաչել բոլոր համակուրսընկերներին: Գործնական գիտելիքների մասին, նկատի ունեմ բժշկական կենտրոնում պրակտիկաները, ես դեռ չեմ սկսել, ուստի չեմ կարող խոսել այս մասին։ Նմանություններից թերևս կարող եմ նշել գնահատման համակարգը. վերջնական գնահատականները ստանում ենք քննությունների արդյունքում:

-Համալսարանում շա՞տ է օտարերկրյա ուսանողների թիվը:

-Այո՛, Երևանի պետական բժշկական համալսարանում կան բազմաթիվ միջազգային ուսանողներ, որոնք գալիս են Հայաստան՝ բակալավրի կոչում ստանալու համար: Ուսանողների մեծ մասը Հնդկաստանից, Հորդանանից, Շրի Լանկայից և Իրանից են:

-Ի՞նչ դժվարությունների եք բախվել Հայաստանում:

-Իմ կարծիքով հիմնական դժվարությունը լեզուն է։ Երիտասարդների հետ հեշտ է շփվել, քանի որ նրանցից շատերը գիտեն անգլերեն խոսել, սակայն տարիքով մեծերի հետ շփում հաստատելու համար կան լեզվական խոչընդոտներ: Նրանք հիմնականում խոսում են միայն հայերեն, առավելագույնը` ռուսերեն: Մեկ այլ խոչընդոտ կապված է հասարակական տրանսպորտի՝ հատկապես ավտոբուսների հետ: Կենտրոնի շրջակայքում հիմնականում երթևեկությունը ծանրաբեռնված է, և եթե դուք ապրում եք կենտրոնից հեռու, ստիպված եք ավելի երկար ժամանակ ծախսել ճանապարհների վրա: Այս ամենին ես սովոր չեմ նաև այն պատճառով, որ փոքր քաղաքից եմ, որտեղ կարող եմ ցանկացած տեղ հասնել քայլելով:

-Նշեք փոխանակման ընթացքում տպավորված պահերից մի քանիսը:

-Հիշողությանս մեջ պահպանվել է Հայաստանում իմ կատարած առաջին ճամփորդությունը։ Մեր միջազգային ուսանողների խմբով որոշեցինք գնալ Սևանա լիճ՝ այնտեղ մի քանի օր անցկացնելու նպատակով։ Մենք լողափի կողքին տնակ էինք վարձել և այդ ողջ ընթացքը նվիրեցինք միմյանց ավելի լավ ճանաչելուն. յուրահատուկ ժամանակահատված էր ինձ համար: Մյուսը Հայաստանում առաջին ընթրիքն է, որ կազմակերպվել էր Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան թիմի հետ։ Մենք այցելել էինք հայկական ավանդական ռեստորան. համեղ ուտեստներ, գինի, ծանոթություն նոր մարդկանց հետ: Այդ ամենին հաջորդեց դեպի Կասկադ մեր զբոսանքը. վայլում էինք այնտեղի տեսարանը` խոսելով մեր տպավորությունների մասին։

-Որտե՞ղ եք անցկացնում Ձեր ազատ ժամանակն այստեղ:

-Ես տեսակով միշտապես նոր արկածներ փնտրող եմ, ուստի յուրաքանչյուր օրս լի է տարատեսակ նորույթներով: Ինձ դուր է գալիս արվեստը. ես հաճույք եմ ստանում թանգարաններ այցելելուց, կենդանի երաժշտության, շոուների մեծ երկրպագու եմ, միշտ նոր վայրեր եմ փնտրում համերգներին մասնակցելու համար: Ես նաև բավականություն եմ ստանում` գնալով կինոթատրոն, վարելով հեծանիվ, փորձելով բազմատեսակ ուտեստներ նոր ռեստորաններում, հանդիպելով ընկերներիս: Եվս մեկ ավելացում՝ ես սիրում եմ Երևանի մայրամուտը. սովորաբար գնում եմ Հաղթանակի զբոսայգի՝ քաղաքի տեսարանը և Արարատը վայելելու համար։

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են սովորել Հայաստանում:

-Հայաստանը` որպես կրթական ճակատագիր ընտրելու մասին մտածողներին, իմ լավագույն խորհուրդը կլինի այստեղ բաց մտքով գալը: Իմ դեպքում ես այնքան էլ վստահ չէի՝ արդյոք կգտնեմ Հայաստանում այն, ինչ փնտրում եմ կամ ինչպես կզգամ ինձ այստեղ, բայց հիմա կարող եմ վստահաբար պնդել, որ Հայաստանը իմ կյանքի լավագույն ընտրություններից մեկն է։ Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր կյանքում հայտնված յուրաքանչյուր հնարավորություն: Հավատացած եղեք` այս երկիրն իր ժողովուրդի հետ միասին ձեզ կտա լիաթող ապրելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն:

 

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ