Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Հարցազրույց

Դոպինգի պես է. հասուն տարիքում նոր մասնագիտություն յուրացնելու հաճույքը


17 Դեկտեմբեր 2021

«Մեր օրերում գիտելիք ստանալու, սովորելու հնարավորությունները շատ ընդլայնվել  են։ Եթե հետ գնանք 20 տարի, երբ ես պիտի ուսանող դառնայի, պետք է որոշեի՝ սովորո՞ւմ եմ, և եթե սովորում եմ, որտե՞ղ պիտի սովորեմ, ի՞նչ, որովհետև ընտությունը մեծ չէր։ Այդ հարցն ավելի խիստ ու սուր է դրվում, եթե դու մարզի բնակիչ ես։ Դա ընտանիքի համար էքստրեմալ  վիճակ է, երբ պետք է նաև երեխային կարողանալ  քաղաքում պահել։ Այսօր դու կարող ես գիտելիք ձեռք բերել  ցանկացած կետից, քեզ հարմար ժամերին, սրտիդ ուզած համալսարաններում...գիտելիքի հասանելիությունն է, որ փոխել է իրավիճակ մեր  կյանքում  և թույլ  է  տալիս գնալ  չիրականացած երազանքերի հետևից»,- ասում է Կարինեն։

- Երբևէ մտածե՞լ  էիր, որ համալսարանն ավարտելուց հետո, մասնագիտությամբ աշխատելուց հետո, մայր լինելուց հետո, միևնույն  է, այդ փնտրտուքի էքզիստենցիալ  ճգնաժամը կունենաս։ Թե՞ դա կապ չունի այդ ճգնաժամի հետ։
- Ես խենթի պես եմ սիրում իմ  հիմնական մասնագիտությունը ու երբ գալիս էի ընդունվելու, հստակ գիտեի՝ ուր էի գալիս, ինչու էի գալիս և ինչ էի ուզում։  Հայցաթերթիկումս միայն Լրագրության ֆակուլտետն էի նշել։ Ավարտելուց հետո շատ բարեհաջող մոտ 7 տարի աշխատել եմ, մեծ հետաքննական, հետազոտական նյութեր եմ արել, ռեպորտաժներ, ու երբեք չէի մտածի մասնագիտությունս  փոխելու մասին, եթե չլիներ մայր լինելուս հանգամանքը։ Լրագրությունն աշխարհի ամենահետաքրքիր, մոտիվացնող, ինքազարգացման մղող մասնագիտությունն է։ Երբ ունեցա բալիկներ ու համավարակի պայմաններում, կարելի է ասել,  փակված էի տանը՝ անհնար էր ակտիվ լրագրությամբ զբաղվել։ Ինձ զգում էի հավերժ դեկրետի մեջ, և սկսեցի ելքեր փնտրել։ Սուր հարց էր դրված՝ գտնել աշխատանք, որը  չստիպի դուրս գալ  տանից։ Պետք էր գտնել նոր մասնագիտություն, որին շուտ կընտելանամ  և որի համար ինձ պետք կլինի միայն համակարգիչ և ինտերնետ,որ  ցանկացած կետից, ցանկացած պահի, կարողանամ  աշխատել։ ՈՒ սկսեցի ուսումնասիրել դաշտը։ Սովորելու պրոցեսի սկիզբն եղավ  թվային մարքեթինգը՝ իր ենթատեսակներով՝ Online Marketing,  Content Marketing, SEO, SMM, Email Marketing, հասկանալու համար, թե որն է ինձ ավելի հոգեհարազատ։ Տարբեր մարդկանց համար անում էի SMM։ Սկսեցի խորանալ, հետո հասկացա, որ իմը չէ, լուրջ չէ մի տեսակ։  Ինչու լուրջ չէ, որովհետև բևեռի  հակառակ կողմի մարդիկ չեն գիտակցում քո արած աշխատանքի կարևորությունը, չգիտեն ինչ բարդ, մանրակրկիտ աշխատանք ես տանում, հիմանականում, քեզ  դիտում են որպես լայք հավաքող։ Հետո որոշեցի գիտելիքս օգտագործել  ինքս ինձ համար՝ օնլայն խանութ բացեցի։ Արդեն  սկսել  էի գիտակցել, որ ամենապահանջված գիտելիքը այսօր վաճառել  իմանալն է, օնլայն շոփի գործերն էլ հունի մեջ էին ընկել, երբ նորից շեղվեցի ուղուց։ Պատահաբար տեսա  ԲՏԱ  նախարարության  հայտարարությունը՝ հնարավորության մասին։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված  դասընթացներ էին պատրաստում բարձր պահանջարկ ունեցող IT  մասնագիտություների համար։ Մեկը մեկի հետևից սկսեցի սովորել  դրանք։ Եկել  էր մի պահ, որ մի քանի բան  էի միագամից սովորում, հարազատներս արդեն կարծում  էին՝ հետս մի բան այն չէ, որ լինելով հասուն կին, ունենալով ընտանիք, երեխաներ՝ ամեն ինչ մոռացած սովորում էի։ Բայց ես վստահ էի իմ քայլերում, որովհետև գիտեի, որ մի լավ տեղ տանելու է, որովհետև  չէի հեռացել  իմ գլխավոր նպատակից՝ գտնել  մի աշխատանք, որը հնարավոր լիներ անել  ցանկացած կետից, իսկ սրանք դեպի այդ դուռը տանող բանալիերն էին։ Առաջին դասընթացը  ծրագրավորման լեզու էր C++, որը  կիսատ թողեցի, որովհետև շատ բարդ էր, ամբողջովին պիտի կլանվես դրանով, տրվես ու մոռանաս ամեն ինչ այդ թվերից բացի։  Ժամանակին կարողացա ինքս ինձ խոստովանել, որ իմ խելքի բանը չէ։ Հետո SMM, SEO, դրանց զուգահեռ Project Manegment, դրանից հետո UI/UX Design։ Project Management-ը շատ հետաքրքիր էր, բաց և շատ բարդ և մտքումս հրաժարվել  էի դրանով զբաղվելու մտքից,  դրան հակառակ մինչև սրտիս վերջին պիքսելը սիրահարվել էի  UI/UX Design -ին և մտածում էի դրանով կզբաղվեմ։ Այստեղ կա և ստեծագործելու տեղ, և վերլուծության, և գույների, և ճաշակի։ Սստացվեց այնպես, որ ընկերներիցս մեկին պետք էր աշխատող, ով գիտեր և՛ UI/UX Design և՛ Project Manegment։ Առաջարկեցին ինձ դառնալ  իրենց Project Manegեր-ը։ Սկզբում վախեցա, մերժեցի, բայց ընկերուհիս, որ առաջարկել  էր սա, ձեռքս բռնած, սահուն քայլերով տարավ, հետս քայլեց այնքան մինչև ամրացա և ցույց տվեց ինձ, որ կարող եմ կատարել այդ աշխատանքը։ Այդպես էլ  մտա ՏՏ աշխարհ։



- Ի՞նչ ես կարծում, անընդհատ նոր բան ես ուզում սովորել, որ ավելի լավ աշխատանք գտնես, թե՞ քոնը չես կարողանում գտնել, թե՞ դրանք փոխլրացնում են  միմյանց, իսկ գուցե կա ուղղակի վախ՝ հետ մնալ  տենդեցներից՝ անընդհատ զարգացող աշխարհում։
- Երկուսից էլ մեջս կար. վախը, որովհետև լայն գիտելիքներ հավաքելը նաև շատ սթրեսային կարող է լինել, որովհետև ես արդեն 18  տարեկան չէի, և վախենում  էի չկարողանալ  սովորել։ Նաև ափսոսում էի, որ կյանքս առջևում չի, այնպես չլինի սովորելու վրա էլ ժամանակ ծախսեմ՝ չստացվի կիրառել։ Եվ, իհարկե, լավ աշխատանք գտնելու մոտիվացիան էլ կար, որ ինձ բավարարող աշխատանք գտնեմ, որին իմ կյանքի որակը կբարձրացնի ոչ միայն ֆինանսական, այլ նաև մնացած առումներով ևս։ Ու պիտի նկատեմ, որ գիտակից, հասուն տարիքում սովորելը ուրիշ հաճույք է։ Ինձ համար դոպինգի պես բան է, որովհետև, օրինակ, ես բուռն աշխատանքային օրվանից հետո, տնային հոգսերից հետո, երբ բոլոր գործերը հազիվ վերջացրել եմ, որ պիտի նստեմ մի բաժակ թեյ խմեմ, ֆիլմ  նայեմ, մեխանիկորեն բացում եմ ու նայում՝ էլ  ինչ կարող եմ սովորել։



- Արդյոք, այդ սովորելու բուռն ցանկությանը  նպաստո՞ւմ  է  պետության կողմից համաֆինանսավորվող դասերի առկայությունը։
- Իհարկե, նպաստում է, ասեմ ավելին՝ ինձ ՏՏ աշխարհ հենց այս համաֆինանսավորումը բերեց։ Որովհետև գուցե ռիսկի չգնայի ծախսել այդքան փող՝ լինելով տանը նստած, չիմանալով  հետ կբերեմ արդյոք այդ գումարները, թե ոչ... բայց դրանց հասանելիությունը ազարտի մեջ գցեց, որից մինչ օրս դուրս չեմ գալիս։ Դա նաև նպաստում է  ՏՏ համայնքի զարգացմանը, ինչը շատ կարևոր է պետության զարգացման համար։ Մեզ պես ռեսուրսներ չունեցող, բոլոր կողմերից թշնամիներ ու սահմանափակումներ ունեցող երկրի համար, ՏՏ-ն կրիտիկական նշանակություն ունի։ Պետք է կարողանանք մեր կրթական համակարգը թափ տալ, որ համապատասխանի ՏՏ ոլորտի պահանջներին։ Հենց ՏՏ-ով կկարողանանք ցեխից հանել  մեր պետության տնտեսությունը, եթե, իհարկե, գործի լծվենք հենց այսօր, այս պահին։ Պետությունը պիտի վեր հանի մասնավոր հատվածի կարիքները և գնա կրթություն ապահովողներին  ասի՝ երկարաժակետ ու կարճաժամկետ պլաններդ այնպես կառուցի, որ համապատասխանես այս  կարիքներին։ Պետությունը կշահի նրանով, որ կունենա արդյունք գեներացնող, հարկեր վճարող, դեպի երկիր ֆինանսկան հոսքեր բերող ընկերություններ։

- Այսինքն՝ դեպի  դուալ  կրթությո՞ւն։
- Այո, սա ամենակարևորն է, որ պիտի լինի մեր կրթական օրակարգում։ Պետություն-կրթություն-մասնավոր օղակ կապը ապահովված չէ։ Պետությունը պիտի պատրաստի մասնագետներ, որոնց կարիքը այսօր իր աշխատաշուկայում կա։

-Եթե դպրոցդ նոր ավարտված լինեիր, ինչպե՞ս կփորձեիր կողմնորոշվել  մասնագիտության ընտրության հարցում։
-Իմ Վաղաշեն գյուղում, եթե իմ ավարտելու ժամանակ իմանայինք  Ծրագրավորում մասնագիտության մասին, հաստատ կգնայի այդ ուղղությաբ։ Ինձ այստեղ ամենաշատը գրավում է տարածքով սահմանափակված չլինելու հնարավորությունը։ Ուզում ես 3 ամիս գնա ապրի Բալիում ու այնտեղից աշխատի, 6 ամիս Հիմալայներից, Աֆրիկայից և այլն...աշխատանք, որտեղ առանձնապես կարևոր չէ, թե համակարգիչդ ու սեղանդ որտեղ են։ Դու ազատ թռչուն ես։

- Իսկ աշխատանքային առաջարկների մեջ, ինչի՞ն ես առաջինը նայում։
- Աշխատանքային առաջարկների մեջ ինձ համար շատ կարևոր է, որ գործատուն աշխատողին որպես ռոբոտ, մեխանիզմ, արդյունք գեներացնող  չդիտարկի, որպես մարդ ընկալի, որ աշխատողը ստիպված չլինի հիշեցնել իր իրավունքների մասին։ Հիմա Հայաստանում շատ կան գործատուներ, որ արգելում են իրենց աշխատակցին  5 րոպե նստել, պարտադիր  հանգստի օր չեն տրամադրում և այլն։