Մեղր
Համեղ, քաղցր, մածուցիկ և շատ առողջարար, եթե, իհարկե, չչարաշահեք և ուտեք օրական 1-2 թեյի գդալ։ Ի տարբերություն զտված շաքարի՝ մեղրը լիովին բնական է: Այն հարուստ է վիտամիններով, հակաօքսիդանտներով և օրգանական թթուներով։ Մեղրի մեջ 60 անգամ ավելի շատ վիտամին A կա, քան տավարի մսում: Մնում է միայն հիշել, որ մեղրը բավականին ուժեղ ալերգեն է, ուստի այն պետք է ուտել զգուշությամբ և չափավոր:

Մուգ շոկոլադ
Շոկոլադը շատերի սիրելի քաղցր «հաբն» է։ Ընդամենը մի կտորը փոխարինում է իրական հակադեպրեսանտին, բայց ի՞նչ կասեք դրանում առկա ճարպերի և անառողջ ածխաջրերի մասին: Հիշեք՝ դրանք առկա են կաթնային, բայց ոչ մուգ շոկոլադում։ Հետևաբար, եթե չեք պատկերացնում օրն առանց շոկոլադի, ընտրեք մուգ, դառը տեսակը։ Սննդաբանները կարծում են, որ օրական 30 գրամը միանգամայն ընդունելի չափաբաժին է։
Խուրմա
Չորացրած խուրման շատ քաղցր և առողջարար է։ Այն հարուստ է վիտամիններով, մանրաթելերով և հակաօքսիդանտներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Բացի այդ, խուրման ամրապնդում է իմունային համակարգը, նվազեցնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Այն կարող է ծառայել որպես այլընտրանք շաքարին: Ինչպե՞ս: Փորձեք դրանով մածուկ պատրաստել։ Մի բուռ առանց կորիզների արմավը ջրով մանրացրեք բլենդերի մեջ՝ մածուկը պատրաստ է։ Օգտագործեք այն որպես շաքարավազի փոխարինիչ ցանկացած բաղադրատոմսում: Շաքարավազի և արմավենու մածուկի հարաբերակցությունը 1:1 է:
Հապալաս, հաղարջ և այլ «կապույտ» հատապտուղներ
Հատապտուղները շաքարավազի հիանալի փոխարինող են և առողջ նախուտեստի տարբերակ: Դրանք ունեն օգտակար ազդեցությունների լայն շրջանակ․
- հակաօքսիդիչ ազդեցություն,
- ամրացնում են արյունատար անոթների և մազանոթների պատերը,
- բարենպաստ ազդեցություն ունեն տեսողության վրա։
Բացի այդ, կապույտ հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որն արագացնում է կոլագենի և սննդային մանրաթելերի սինթեզը:
Խնձոր
Այս միրգը կա բոլոր սեզոններին։ Այն ունի ցածր կալորիականություն՝ կարմիր խնձորում կա ընդամենը 40 կկալ, իսկ կանաչում՝ ավելի քիչ։ Միևնույն ժամանակ որքա՜ն օգտակար է այն: Հաշվեք ինքներդ.
- բջջանյութը, որով հարուստ է խնձորը, լավացնում է մարսողությունը և արագ հագեցնում քաղցը,
- պեկտինը նպաստում է օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը և բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը,
- ֆլավոնոիդներն ու ֆենոլները գործում են մաշկի գեղեցկության և երիտասարդության համար, ծառայում են որպես քաղցկեղի կանխարգելում,
- վիտամին C-ն բարձրացնում է իմունիտետը,
- բացի այդ, թարմ խնձորից պատրաստված թեյը նպաստում է լավ քնելուն։