Այսօր

Աշեր Լենդոլֆ. Իմ երևանյան կյանքը շքեղություն է՝ Մադրիդի համեմատ

  20 Դեկտեմբեր 2021  288 դիտում
Աշեր Լենդոլֆ. Իմ երևանյան կյանքը շքեղություն է՝ Մադրիդի համեմատ

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ուսանող Աշեր Լենդոլֆը Էրազմուս+ փոխանակման ծրագրի շրջանակում 2021-2022 ուստարում կրթությունը շարունակում է Երևանի պետական համալսարանում: Erit.am-ը զրուցել իսպանացի ուսանողի հետ՝ Հայաստանի և Իսպանիայի կրթական համակարգերի նմանությունների և տարբերությունների, ինչպես նաև մեր երկրից նրա ստացած տպավորությունների շուրջ:

- Ինչու՞ ընտեցիք Հայաստանը՝ շարժունակության ծրագրին մասնակցելու համար:

- Ես կարող էի ընտրել արևմտաեվրոպական մի քանի երկրների միջև, բայց ապրելով Իսպանիայում՝ այդ վայրերը կարելի է այցելել ցանկացած պահի: Բացի այդ՝ ես որոշ չափով արդեն իսկ ծանոթ էի այդ մշակույթներին: Հետևաբար, որոշեցի ավելի շատ հաշվի առնել էկզոտիկ տարբերակները: Իմ ունեցած սահմանափակ տարբերակներից Հայաստանն ամենից շատը հետաքրքիրեց. այն կատարյալ էր ինձ համար: Կովկասի տարածաշրջանը հրաշալի է, և հնարավորություն ունենալ ինքնուրույն ծանոթանալ դրա հետ՝ երազանք էր ինձ համար, որ իրականություն դարձավ: Այստեղ սովորելը նաև ինձ հնարավորություն տվեց ուսումնասիրել հետաքրքիր թեմաներ, ինչպիսին արևելագիտությունն է, որին Իսպանիայում կարելի է միայն մակերեսորեն մոտենալ:

 Նախապես գիտեի՞ք, թե ինչպիսի երկիր եք գալիս։ Ինչպե՞ս պատրաստվեցիք այդ այցին:

- Ես որոշ բաներ գիտեի Հայաստանի և հայերի մասին։ Իմ մտքում այն տպավորվել էր որպես արևելյան հնագույն ազգ: Ես նաև Հայաստանը պատկերացնում էի՝ որպես հետխորհրդային երկիր: Նախապատրաստական փուլում սկսեցի սովորել հայոց այբուբենը, քանի որ կարծում էի, որ կարդալու կարողությունն ինձ համար բացարձակապես անփոխարինելի օգուտ կբերի: Ես նաև սկսեցի ինքնուրույն սովորել հայոց լեզվի որոշ հիմնական և օգտակար արտահայտություններ: Իրականում չէի սպասում, որ կկարողանամ շփվել Հայաստանում շատ մարդկանց հետ՝ օգտագործելով անգլերենը:

Նկարագրեք Ձեր առաջին տպավորություններն այստեղ:

- Երևանն այնպիսինը չէր, ինչպիսին ես էի պատկերացնում. շատ բաներ ինձ հաճելիորեն զարմացրեցին: Ես ենթադրում էի, որ Հայաստանը նման չի լինի երբեմնի շքեղ թագավորությանը: Այնուամենայնիվ, այդ ամենի ոգին այստեղ պահպանվել է. քաղաքի կենտրոնի շենքերի նմանօրինակը ոչ մի այլ տեղ չես կարող տեսնել, այստեղ կա յուրահատուկ հայկական ոճ:

Իմ մյուս տպավորությունն այն էր, որ քաղաքն ավելի ժամանակակից, եվրոպական և արևմտյան է: Ընդհանրապես, կարծում եմ, որ հայերն իսկապես գիտեն, թե ինչպես համատեղել ավանդույթներն արդիականի հետ։ Գեղեցիկ պողոտաներում թարմ մրգային խմիչքներ ձեռք բերելու հնարավորությունը, շատրվաններն ու կրպակներն այն վերածում են հիանալի վայրի: Ի վերջո, այս ամենը քաղաքի էության մի մասն է, և պետք է ամբողջությամբ ընկղմվել դրա խառնաշփոթի մեջ:

Խոսենք մի փոքր Հայաստանի և Իսպանիայի կրթական համակարգերի տարբերությունների և նմանությունների մասին:

- Կարծում եմ, որ այսքան էլ տարբեր չեն երկու երկրների կրթական համակարգերը: Առաջին փաստը, որ զարմացրեց ինձ, այն էր, որ ժամանելուն պես ես ստիպված էի անձամբ կապ հաստատել՝ դասախոսությունները կազմակերպելու և իմ ժամանակացույցը սահմանելու համար: Հայերենից բացի՝ այլ լեզուներով դասախոսությունները հիմնականում իրականացվում են որպես հատուկ դասեր, իսկ իմ մայր համալսարանում մենք կարող ենք մի քանի առարկաների համար ընտրել հատուկ խումբ: Ինձ նաև զարմացրեց այստեղի առարկայական ցանկը: Օրինակ՝ տարօրինակ էի համարում, որ այստեղ ուսանողներն ունեն պարտադիր ֆիզիկական կրթություն, նրանք նույնն էին զգում՝ իմանալով, որ Իսպանիայում այդպես չէ:

Ի՞նչ դժվարությունների եք բախվել Հայաստանում:

- Հիմնական դժվարությունը, որ ես այստեղ բախվել եմ, հասարակական տրանսպորտն է: Այն այնքան զարգացած ու կանխատեսելի չէ, որին ես սովոր եմ, բացի այդ՝ այստեղի երթևեկությունը բավականին ծանրաբեռնված է: Ուղղակի որոշեցի չկենտրոնանալ դրա վրա և հիմա արդեն սովորել եմ, հատկապես երբ այլ տարբերակ չկա։Առաջին մշակութային ցնցումը, որը ես ունեցա, երթուղային տրանսպորտից օգտվելն էր. մարդիկ շարունակում էին մտնել մեքենայի մեջ, նույնիսկ եթե ավելի քիչ տեղ էր մնացել, և առանց որևէ պաշտպանության՝ Covid-ի համաճարակի դեմ: Ինձ համար մյուս դժվարությունն արժույթի փոխանակման գործընթացն էր: Ինձ համար դժվար է տարբերել մի քանի զրոներով դրամները, ուստի պետք է ուշադիր հաշվել զրոները՝ նախքան վճարելը։ Ամենանամեծ դժվարությունն ինձ համար, թերևս, լեզվական խոչընդոտն էր: Ես շատ դժվարությամբ եմ հարմարվում այն փաստին, որ այստեղ, հայերենից զատ, պատրաստ են տրամադրել ցանկացած տեղեկատվություն կամ օգնություն ռուսերեն և անգլերեն, բայց ոչ իսպաներեն լեզվով:

Նշեք փոխանակման ընթացքում տպավորված պահերից մի քանիսը:

- Առաջին օրերին ես հանդիպեցի մի քանի այլ միջազգային ուսանողների, և մենք միասին ուսումնասիրեցինք Երևանը: Դրանից հետո մի քանի օրով գնացինք մի զարմանալի ճանապարհորդության Տավուշի մարզ։ Հետագայում մենք շարունակեցինք բացահայտել Հայաստանը, և նույնիսկ հիմա, համալսարանում ավելի զբաղված լինելով հանդերձ, շարունակում ենք այդ ավանդույթները պահպանել: Հայաստանում ձանձրանալու ժամանակ չկա, շատ բաներ կան բացահայտելու:

Որտե՞ղ եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը Երևանում:

-Երևանում կան շատ վայրեր, որտեղ կարելի է հանգստանալ: Ես հաճույք եմ ստանում քաղաքի կենտրոնում զբոսնելիս, իսկ գիրք կարդալու նպատակով հիմնականում այցելում եմ Կապույտ մզկիթի այգի: Քաղաքի ներսում ինչ-որ արկածների համար ես կարող եմ այցելել Հաղթանակի զբոսայգու տոնավաճառ: Ես հաճախ իմ ընկերների հետ գնում եմ տարբեր սրճարաններ և ռեստորաններ կամ բոուլինգ ենք խաղում: Երևանը նաև հիանալի վայր է գնումներ կատարելու համար. այն լի է խանութներով, որտեղ կարելի է հարմար գներով շատ շքեղ հագուստ գնել: Օպերան նույնպես բավականին մատչելի է: Իմ երևանյան կյանքը շքեղություն է թվում՝ Մադրիդի համեմատ:

Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են սովորել Հայաստանում:

Առաջին խորհուրդս է՝ չկասկածել գալ-չգալու հարցում. Հայաստանը, անկասկած, լավագույն երկրներից է, և այստեղ ժամանակ անցկացնել իսկապես արժե: Մի վախեցեք այստեղ գալուց, քանի որ հաջողությունից վախենալու իրական պատճառ չկա:Նաև խորհուրդ կտամ, եթե հնարավոր է, մի քիչ ռուսերեն իմանալ և պատրաստ լինել հայերեն սովորելուն։ Դուք պիտի ոււսումնասիրեք այս երկիրը հնարավորինս շատ:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննինսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ