Դեկտեմբերի 1-4-ը Աղվերանում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն բովանդակալի մասնակցության» խորագրով ծրագրի դասընթացը։
Դասընթացին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից ակտիվ երիտասարդներ, որոնք հնարավորություն ստացան ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդաբանության հիմքով մշակված ծրագրի միջոցով ձեռք բերել նոր և խորացված գիտելիքներ ժողովրդավարական ընթացակարգերի գործառնության արդյունավետության ցուցիչների, տեղական մակարդակում ժողովրդավարական և տեղական ինքնակառավարման մեխանիզմների գործարկման, տեղական ինքնակառավարմանը մասնակցության մեխանիզմների, ՏԻՄ-երիտասարդություն ակտիվ համագործակցության, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման, բովանդակալից մասնակցության հայեցակարգի (meaningful participation), ինչպես նաև մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ։
Դասընթացի արդյունքում երիտասարդները կատարելագործեցին իրենց քաղաքական և քաղաքացիական մասնակցային կարողությունները թե տեղական և թե ազգային մակարդակում, զարգացրին տեղեկատվական հոսքերը վերլուծելու հմտությունները, թե ինչպես տարբերակել և նույնականացնել ապատեղեկատվությունը, ատելության խոսքի դեմ պայքարի մեթոդաբանությանը և գործիքակազմին, առցանց հարթակում փաստարկված և կառուցողական բանավեճ, երկխոսություն վարելու գործիքակազմին, ինչպես նաև մեդիագրագիտության տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող քննադատական մտածողության, ոչ բռնի հաղորդակցության և լսելու հմտությունների հայեցակարգերին (critical thinking, non-violent communication and active listening)։
Դասընթացի ավարտին երիտասարդները մշակեցին տեղեկավական անվտանգության և մեդիագրագիտության թեմաներով պոստքարդեր, որոնք կտարածվեն մասնակից երիտասարդների համայնքներում և մարզերում։
Դեկտեմբերի 5-ին Աղվերանում անցկացվեց նաև «Երիտասարդները հանուն բովանդակալի մասնակցության» ծրագրի երիտասարդական ֆորումը։
Ֆորումը կայացավ հրավիրված բանախոսների մասնակցությամբ պանելային երեք ուղղություններով՝
- Ժողովրդավարություն․ ազգային և տեղական մակարդակներ
- Երիտասարդական քաղաքականություն և երիտասարդների բովանդակալից մասնակցություն
- Մեդիագրագիտություն և տեղեկատվական անվտանգություն
«ժողովրդավարություն՝ ազգային և տեղական մակարդակներ» թեմայի շուրջ ելույթ ունեցավ երիտասարդական աշխատող, «ՀԿ կենտրոն» ՔՀԶ Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Վահե Խաչիկյանը։ Պարոն Խաչիկյանը խոսեց տեղական ժողովրդավարության ու համայնքային ինքնակառավարման պրոցեսում երիտասարդների դերի, ինչպես նաև պետական մակարդակում երիտասարդական քաղաքականության ռազմավարական բացերի շուրջ։
«Երիտասարդական քաղաքականություն և երիտասարդների բովանդակալից մասնակցություն» թեմայի շուրջ խոսեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական վարչության պետ Զարա Ասլանյանը։ Տիկին Ասլանյանն անդրադարձավ տարվող աշխատանքների, երիտասարդական ծրագրերի և դրանց ունեցած ազդեցության մասին։
«Մեդիագրագիտություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայի շուրջ խոսեց Հանրային հեռուստաընկերության Լրատվական բաժնի միջազգային լուրերի գլխավոր խմբագիր Նարեկ Մինասյանը։ Պարոն Մինասյանն անդրադարձավ մեդիագրագիտության ռազմավարական կարևորությանը, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների դեմ պայքարելու մեթոդներին և գործիքներին։
Ֆորումի ընթացքում երիտասարդները հարցուպատասխանի հնարավորություն ունեցան, խորացված ոլորտային քննարկումների, փորձի փոխանակման շնորհիվ մշակեցին գաղափարներ, որոնք կիրագործեն ծրագրի ավարտական փուլում։
«Երիտասարդները հանուն բովանդակալի մասնակցության» խորագրով ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ «Ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպում ազգային մակարդակով՝ ներառելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
«Երիտասարդները հանուն բովանդակալի մասնակցության» խորագրով ծրագիրն այժմ ամփոփման փուլում է։ Երիտասարդական ֆորումի ընթացքում մշակված գաղափարներն իրականացվում են։
Ծրագրի մասնակիցներն իրականացրել են համայնքային միջոցառումներ՝ մեդիագրագիտության եւ տեղեկատվական անվտանգության թեմաներով։
Համալսարաններում և երիտասարդական կենտրոններում տեղի ունեցած քննարկումները, իրազեկման հանդիպումները, թեմատիկ դասընթացներն ընդգրկել են մեծ թվով մարզաբնակ երիտասարդների:
Համայնքային միջոցառումների շնորհիվ ծրագրի մասնակիցերն իրենց ստացած գիտելիքները ոչ միայն փոխանցել են երիտասարդներին՝ օգտագործելով ոչ ֆորմալ կրթության մեթոդները, որոնք ներկայացվել էին ծրագրի շրջանակներում, այլ նաև սովորեցրել են երիտասարդներին խաղալ «Մեդիամաստեր» մեդիագրագիտության մասին սեղանի ուսուցողական խաղը՝ կատարելագործելով մեդիագրագիտության մասին իրենց գիտելիքները: