Տարվա արդյունքների ձեռքբերումը նշանավորվեց դեկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում «Եվրաակումբ Օշական»-ի բացմամբ։ Ակումբը իրականություն է դարձել «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության, «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի և Օշականի մշակույթի պալատի համագործակցությամբ և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության օժանդակությամբ: ՀՀ -ում առաջին եվրաակումբի բացմանը ներկա էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Ներսիսյանը, Օշականի վարչական ղեկավար Գևորգ Հովսեփյանը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպանատների ներկայացուցիչներ, երիտասարդ եվրոպական դեսպաններ, քաղհասարակության, համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու համայնքի բնակիչներ:
Քանի որ առջևում Ամանորն է, բացման միջոցառման ընթացքում շեշտը դրված էր հայկական ծիսական Ամանորի ներկայացման վրա։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը օշականցի երիտասարդների հետ կտրեց ավանդական տարեհացը, միասին զարդարեցին տոնական կենաց ծառն ու պատրաստեցին Ամանորի ամենագեղեցիկ խորհրդանիշները՝ ասիլ-վասիլները։ Տոնական սեղանին նաև հայկական ավանդական ուտեստներ էին՝ ժինգյալով հաց, գուտապ, գաթա, օշականյան շուջուխ ու տնական գինի։ Ամանորն ազգային երաժշտության ուղեկցությամբ ներկայացրին ու երաժշտական իրենց գեղեցիկ կատարումներով հյուրերին ողջունեցին Օշականի մշակույթի պալատի ժողգործիքների համույթի սաները։
Եվրաակումբը կամավորական ծրագիր է, որը հնարավորություն է ստեղծելու իրականացնել երիտասարդական, կրթական և մշակութային բազմաբնույթ նախաձեռնություններ ԵՄ պատվիրակության և ԵՄ այլ դեսպանությունների օժանդակությամբ ու ներառմամբ։ «Եվրաակումբ Օշական»-ը նաև լավ հարթակ է հայկական մշակույթը եվրոպացի երիտասարդների, ԵՄ երկրների դեպանների շրջանում տարածելու համար։
Համայնքային զարգացման, երիտասարդների կարողությունների հզորացման և ամրապնդման համար սա արժեքավոր ձեռբերում է։