«Այսօր՝ հանուն վաղվա» մշակութային բարեգործական երիտասարդական նախաձեռնությունը Արցախ կատարած
առաջին այցից հետո ս.թ. դեկտեմբերի 10-ին կրկին մեկնել էր Արցախ՝ արցախցի երիտասարդների հետ և նրանց համար մշակութային միջոցառումներ կազմակերպելու, այս դժվարին իրավիճակում արցախցուն գոտեպնդելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակվելուց հետո նույնպես հայտնվել է շրջափակման մեջ, և փաստացի ոչ կազմակերպիչները, ոչ էլ նրանց հետ Արցախ մեկնած մշակույթի ոլորտի ներկայացուցիչները չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
Այս պահին էլ նրանք հավասար պայքարում են՝ առանց ընկճվելու և սպասում, թե երբ կբացվի կյանքի ճանապարհը։
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, բայց «Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի մասնակիցներն իրենց առաքելությունը չեն մոռացել, թե ինչ նպատակով էին մեկնել Արցախ և շարունակում են իրենց այցելությունները Արցախի տարբեր քաղաքներ՝ մշակութային վարպետաց դասեր, հանդիպումներ, գրական երեկոներ կազմակերպելու արցախցի երիտասարդների համար։
Վանք, Մարտակերտ, Ստեփանակերտ, Ասկերան,Կարմիր Շուկա այցերի ընթացքում նախագծի թիմը ազգային ավանդական ռազմահայրենասիրական պարերի վարպետաց դասեր է իրականացրեց տեղի 3-ից 20 տարեկան երեխաների և երիտասարդների համար, այցելել ժամկետային զինծառայողներին և բուժհաստատություններում գտնվող զինվոր եղբայրներին։
«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Կարեն Արղամանյանը erit.am-ի հետ զրույցում նշել է, որ Արցախի շրջափակման այս օրերը իր կյանքի ամենատպավորիչ, ամենազգացական և երջանիկ օրերն են։ «Այստեղ է, որ զգում եմ կյանքը ,ես զգում եմ հայ հողի ադամանդից էլ թանկ գինը։ Նախագծի շրջանակներում մեր թիմը շրջում է Ստեփանակերտում, ծանոթանում, ժպտում և սեր նվիրում մեր հայրենակիցներին» ասել է Կա. Արղամանյանը։
Նրա դիտարկմամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը որևէ ազդեցություն չկարողացավ ունենալ հայերի քարից էլ ամուր ոգու, ուժի և կամքի վրա, թերեւս միակ ազդեցությունը այն եղավ, որ այստեղ մենք՝ հայ ազգը, Արցախը ևս մեկ անգամ ապացուցեցինք բոլորին, որ հայի տեսակն ուրիշ է, հոգին՝ տոկուն, սիրտը՝ բարի, կամքը՝ պողպատից էլ ամուր։