Այսօր

Շրջակա միջավայրի վերաբերյալ մասնակցային որոշումների կայացման ԵՄ սկզբունքների ներդրման հնարավորություններն ու իրականացվող գործողությունները

  08 Փետրվար 2021  4 դիտում
Շրջակա միջավայրի վերաբերյալ մասնակցային որոշումների կայացման ԵՄ սկզբունքների ներդրման հնարավորություններն ու իրականացվող գործողությունները

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, հատկապես վերջին տարիերին նկատելի է շրջակա միջավայրի հարցերում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: Քաղաքացիներն ավելի ու ավելի են գիտակցում իրենց իսկ շրջակա միջավայրի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը, իրենց իրավունքը՝ մասնակցելու այն որոշումների կայացման գործընթացին, որոնք կարող են ազդել իրենց ու սերունդների կյանքի վրա: Այնուհանդերձ, «բնապահպանական ժողովրդավարությունը» Հայաստանում դեռևս լիովին հաստատված չէ: Դրա կարևորության գիտակցումը լոկ արձագանքն է անցյալում շրջակա միջավայրի, մարդկանց կենսամիջավայրի ու հատկապես առողջության վրա զգալի բացասական ներգործություն թողած նախագծերի, որոնք իրականացվել են՝ հաշվի չառնելով հանրության ու մասնագետների հիմնավոր առարկությունները:

Այս առումով կարևոր է «Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկությունների հասանելիության, որոշումների կայացման գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է դեռ 2001թ.-ին, և որը հիմնարար փաստաթուղթ է հանդիսանում ոլորտի մյուս կոնվենցիաների իրականացման համար:

Շրջակա միջավայրի առնչությամբ հանրության մասնակցության ապահովման մյուս կարևոր փաստաթուղթը «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիան է՝ իր «Շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման մասին» արձանագրությունով, որին կից հավելվածները պարունակում են/առաջարկում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) այն բազմակողմանի գործիքակազմն ու մեխանիզմները, որոնցից օգտվելով կարելի է ստեղծել ՇՄԱԳ ազգային մեթոդաբանությունը՝ առողջ և բարենպաստ միջավայրի իրավունքի իրացման և կայուն զարգացման ապահովման համար: Այս երկու պայմանագրերը մանրամասն ներկայացնում են այն ընթացակարգերը, որոնք հանրությանը հնարավորություն են տալիս տեղեկացված լինելու և արդյունավետ կերպով մասնակցելու այն որոշումների կայացման գործընթացին, որոնք կարող են ազդել իրենց կյանքի որակի ու անվտանգության վրա: Մինչդեռ մեր երկրում դեռևս անելիքներ կան այս կոնվենցիաներին օրենսդրության ներդաշնակեցման, առավել ևս՝ իրականացման առումով:

Ինչպես շրջակա միջավայրի վիճակին ու դրա փոփոխությանն առնչվող նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, այնպես էլ վերջնական որոշմանը հանրության ներգրավման օրենսդրական բարեփոխումներն ու դրանց կիրարկման մեխանիզմների ներդրումն ու կիրարկումը հրամայական են նաև Հայաստանի Հանրապետության (ՀՀ)` մի կողմից և Եվրոպական Միության (ԵՄ) և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ), այսուհետ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիր: Այս փաստաթղթից բխող օրենսդրական նույնականացման գործընթացի մի զգալի բաժին վերապահված է հենց շրջակա միջավայրի ոլորտին: Համաձայն ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ ՀՀ ոլորտային օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի, այդ թվում նշված ԵՄ ոլորտային հրահանգների դրույթներին: Ուստի այս աշխատանքը նախատեսում է վերհանել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցության խնդիրները, դիտարկել դրանք միջազգային կոնվենցիաների ու ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների և ԵՄ համապատասխան հրահանգների տեսանկյունից ու տալ դրանցից բխող իրագործելի լուծումների առաջարկություններ:

Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ հետազոտող Մարի Չաքրյանի հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:


Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ