Այսօր

Ինչպե՞ս սկսել բիզնես 3000 դրամով․ Լևոն Ստեփանյանը՝ Mybookstore -ի հիմնադրման, բիզնեսում հաջողելու և երազանքի ճանապարհով գնալու մասին

  08 Փետրվար 2021  260 դիտում
Ինչպե՞ս սկսել բիզնես 3000 դրամով․ Լևոն Ստեփանյանը՝ Mybookstore -ի հիմնադրման, բիզնեսում հաջողելու և երազանքի ճանապարհով գնալու մասին

Ծանոթացեք, Mybookstore-ն է՝ Հայաստանում առաջին առցանց գրախանութը, որն արդեն 5 տարեկան է։ Գրախանութի ֆեյսբուքյան էջին հետևում են շուրջ 40.000 գրքասերներ։ Հենց նրանց համար 2020-ի օգոստոսին գրախանութը ֆեյսբուքից տեղափոխվեց իրականություն՝ ք․ Հրազդան, Սպանդարյան 6 հասցե։ Erit.am-ը զրուցել է Mybookstore-ի հիմնադիր Լևոն Ստեփանյանի հետ։

-Ինչպե՞ս սկսվեց Mybookstore-ի ճանապարհը։

-2016 թվականի հունվարն էր, դեռ ուսանող էի, սովորում էի մագիստրատուրայի առաջին կուրսում: Մի բիզնես գիրք էր հրատարակվել՝ «100 բիզնես գաղտնիքներ»։ Հեղինակը ընկերս էր՝ Վահագը, ով իր էջում պարբերաբար տեղադրում էր, թե որքան վաճառք է ունեցել։ Սոցիալական ցանցերում մարդկանց ակտիվությունը, նոր գրքերի հանդեպ հետաքրքրվածությունը հուշում էին՝ գրքերի հանդեպ սերը քիչ-քիչ արթնանում է։

Մի առիթով  էլ քրոջս համար գիրք պետք է գնեի, գրախանութներից մեկում բավականին երկար հերթ կանգնեցի։ Այդ ժամանակ մի քանի տեղերում աշխատելու փորձ ունեի, այդ թվում՝ որպես առաքիչ, Երևանին լավ ծանոթ էի, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, կարելի է գրքերի առաքում իրականացնել։

Հետաքրքրվեցի, պարզեցի, որ Հայաստանում չկա առցանց կամ առաքում իրականացնող գրախանութ։ Սկսեցի հեղինակների ու հրատակիչների հետ կապի դուրս գալ, ձեռք բերել պայմանավորվածություններ՝ իրենց գրքերի առաքումներն իրականացնելու վերաբերյալ։ Այդպես էլ ծնվեց Mybookstore-ը։

-Ո՞ր գիրքն էր առաջին պատվերը։ Անձա՞մբ էիր իրականացնում առաքումները։

-Արդեն 5 տարեկան ենք, բայց հիմա էլ շատ առաքումներ ինքս եմ իրականացնում։ Սիրով եմ անում այդ աշխատանքը․ գրքասերների հետ շփվելն ինձ մեծ հաճույք է պատճառում։

Առաջին պատվերը Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպն էր։ Հունվարի 26-ն էր, դրսում՝ ցուրտ ձմեռ, իսկ ես մոտ մեկ ժամ փնտրում էի հասցեն, որը նշել էր հաճախորդը։ Ամաչում էի զանգել, հարցնել՝ շենքերից որն է, տեղը կբացատրեք և այլն։ Ի վերջո ստիպված զանգեցի։ Պարզվեց, որ հաճախորդը շփոթել է, նրբանցքը չի նշել, իսկ նման հասցե` առանց նրբանցքի, գոյություն չունի։ Առաջին առաքումն ինձ համար, կարծես, մարտահրավեր լիներ՝ կշարունակե՞մ, թե՞ կհիասթափվեմ առաջին դժվարությունից: Շարունակեցի։

-Առցանց գրախանութը հիմնադրելիս որքա՞ն գումար ուներ այն ժամանակ ուսանող Լևոն Ստեփանյանը։

-Օրավարձով որպես առաքիչ էի աշխատում։ Առցանց գրախանութի հիմնադրման օրն ունեի ընդամենը 12.000 դրամ։

Փետրվարի սկիզբն էր, պատվեր ունեի Էրեբունիում, առաքումն ավարտեցի, վերադառնալիս 46 համարի երթուղայինի մեջ գողացան դրամապանակս։ Բախտս բերել էր, որ Էրեբունու հաճախորդը պատվերի 3000 դրամը վճարել էր 500 դրամանոցներով, դրանք մնացել էին ինձ մոտ, քանի որ գրպանումս էին, ոչ դրամապանակում։ Համարում եմ, որ Mybookstore-ը հիմնադրվել է հենց այդ 3000 դրամով։

Այդ ժամանակի համար մեծ փորձություն էր․ առաքիչի իմ աշխատավարձի համեմատ 9000 դրամը, որ կորցրել էի, փոքր գումար չէր։

-Ի՞նչը, ովքե՞ր էին ոգեշնչում, երբ թվում էր՝ ոչինչ չի ստացվի։

-Իմ ոգեշնչման աղբյուրն ինքս եմ։ Մոտիվացիաներ եմ գտնում ցանկացած անհաջողության, թեթև ձախողման դեպքում, փորձում առաջ շարժվել։

Ամենասկզբում առցանց գրախանութ ունենալը երազանք էր թվում։ Ընկերներիս, քրոջս էի պատմում, տանեցիներին ասացի ու շատ լավ հիշում եմ մայրիկիս, տատիկիս արձագանքը, թե՝ քեզ տանջելու ես, մի ստաբիլ գործ գտիր, գնա, քեզ համար աշխատիր։

Ընկերներիցս շատերն էլ չէին հավատում, մի տեսակ խենթ միտք էր թվում, թե՝ Հայաստանում իբր գիրք կարդացող կա, մի հատ էլ օնլայն պատվիրողներ լինեն։ Ժամանակը ցույց գտվեց, որ, այո, կան Հայաստանում ընթերցողներ, կա գրքասերների մեծ բանակ, ու օր օրի իրենց թիվն ավելանում է մեր, հրատարակիչների և մյուս գրախանութների ջանքերի շնորհիվ։

-Ինչպե՞ս կարողացար շահել գրախանութների, հրատարակչությունների վստահությունը։

-Սկզբում, երբ մոտենում էի, ներկայացնում՝ ինչ նախաձեռնությամբ եմ հանդես գալիս, շատերը մտածում էին՝ տղա է, մեկ-երկու անգամ կառաքի, հավեսը կհանի և վերջ, հանրային տրանսպորտով ինչքան կարող է գիրք առաքել։

Իհարկե այդ մասին իմացա միայն հետո, երբ արդեն ընկերացել էի մեծ մասի հետ։ Հրատարակիչներից մեկն ասաց՝ մտածում էի՝ կօգնեմ քեզ, գրքերը զեղչով կտրամադրեմ, կվաճառես, գումար կաշխատես, բայց չէի հավատում, որ կպայքարես, առաջ կգնաս, մոտիվացիադ չես կորցնի, պարզապես չէի ուզում քեզ ասել այդ մասին։

-Բիզնես գիտելիքների պակաս զգացե՞լ ես, ինչպե՞ս ես այն լրացրել։

-Մեր վաճառած բիզնես գրքերն ընթերցելով, շատ բիզնեսմենների հետ շփվելով, հաջողակ բիզնեսմենների կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելով, այդպես եմ  ինքս ինձ համար գծել Mybookstore-ի ուղին։

Դեռևս 11-12 տարեկանում գնում էի սկավառակներ, հորեղբորս տղայի համակարգչով երգացանկ էի հավաքում, մուլտֆիլմեր կամ ֆիլմեր ձայնագրում, վաճառում։ Ամեն սկավառակի վաճառքից աշխատում էի 300 դրամ։

Երևան-Սևան մայրուղու վրա հորեղբայրս սննդի կետ ուներ, այդտեղ էի հաճախ լինում, վաճառքներ իրականացնում։ Փոքր տարիքից էլ «բիզնեսով» զբաղվել եմ։

-Երիտասարդներին բիզնեսում վստահու՞մ են, առաջ մղու՞մ, թե՞ մոտենում են թերահավատորեն։

-Մեր ծնողների սերունդը երբեմն թերահավատ է երիտասարդների նկատմամբ, բայց մենք ավելի շատ ենք հավատում և՛ մեզ, և՛ եկող սերնդին։ Ես ինքս, ցանկացած դեպքում, փորձում եմ օգնել, մոտիվացնել, տալ խորհուրդներ, իմ փորձով կիսվել։

Ամենակարևոր բանը երազելն է։ Եթե երազանքիդ ամբողջ ճանապարհը պատկերացնում ես, այն իրականանում է։ Պետք է հավատալ երիտասարդներին, որովհետև կյանքի, պետության շարժիչ ուժը երիտասարդներն են։

-Ովքե՞ր են Mybookstore-ի գնորդները։ Ավելի շատ առցա՞նց պատվերներ եք գրանցում, թե՞ վաճառքներ նորաբաց գրախանութում։

-Գրախանութ ունենք Հրազդան քաղաքում, որտեղ այն մի նոր մշակույթ է։ Նախքան այդ, Հրազդանում գրեթե չկային գրախանութներ, որտեղ գրքերի լայն տեսականի ներկայացված լիներ։  4-5 տարեկան երեխաներ կան, որ պարբերաբար գալիս են գրախանութ՝ իրենց գիրքն անձամբ ընտրելու։ Իսկ առհասարակ մեր գնորդները 13-70 տարեկան ընթերցասերներն են։

Եվ Հրազդանում ունենք վաճառքներ, և առցանց պատվերներ։ Առցանցն ավելի պահանջված է, քանի որ օգնում է մարդկանց ժամանակ խնայել։ Մարդիկ աշխատում են, աշխատանքից հետո հոգնած են լինում, խցանումներ են, մենք ստեղծում ենք հնարավորինս հարմարավետ տարբերակ՝ անվճար առաքում Հայաստանում՝ Երևանում առաքիչների, մարզերում՝ փոստային ծառայության միջոցով։

-Ինչպե՞ս են փոխվել ընթերցողների նախասիրությունները վերջին 5 տարում։

-Հիմնականում, մարդիկ ձգտում են մոտիվացիոն, բիզնես գրքեր, հաջողության պատմություններ ընթերցել, երևի թե դրա պակասը շատ կա մեր հասարակությունում։ Իհարկե դրա կողքին նաև համաշխարհային, դասական գրականություն, գեղարվեստական, պատմական և մանկական գրքեր են գնում։

Երբ հիշում եմ՝ 5 տարի առաջ և հիմա, մի քանի անգամ շատացել են ընթերցողները․ մարդիկ սկսել են միմյանց գիրք նվիրել, ինչպես նաև ավելի շատ ընթերցել, ինչն արժեհամակարգային լուրջ փոփոխություն է։

Գրքեր կան, որ թրենդային են, այդ գրքերի վաճառքն ավելի մեծ է լինում, բայց կան ընթերցողներ, որոնք գիտեն՝ ինչ են ուզում, իրենց պետք չէ, որ բեսթսելլեր հրատարակվի, որ իրենք դա կարդան։

-Ո՞ր գրքերն են ամենապահանջվածն ու վաճառվողը այս պահին։

-Այս շրջանում  Յուվալ Նոյ Հարարիի գրքերն են շատ պահանջված՝ «Sapiens», «Homo Deus», «21-րդ դարի 21 դասերը»։ Վերջին օրերին մեծ վաճառքներ ունենք նաև Սամվել Գևորգյանի «1 րոպե անց» գրքի։