Այսօր

«Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով»․ Ինչպես համավարակը գաղափար ծնեց

  10 Փետրվար 2021  193 դիտում
«Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով»․ Ինչպես համավարակը գաղափար ծնեց

Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից մեկն է: Մրցույթն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը:

Ուսուցիչների ընտանիքում ծնված Հասմիկն ավարտել է ԵՊՀ-ի «Մաթեմատիկա» ֆակուլտետը և 1990 թվականից առ այսօր աշխատում է Ջրաշենի միջնակարգ դպրոցում:

Հասմիկը մրցույթին ներկայացրել է «Ուսուցիչ՝ 24/7 ձևաչափով» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է դպրոցական յուրահատուկ հարթակ, որտեղ տեղադրվում են առարկայի թեմատիկ պլանին համապատասխան տեսանյութեր, թեստեր և առաջադրանքներ՝ իրենց լուծումներով, ինչպես նաև հետաքրքրաշարժ, ակտիվացնող նյութեր։  Հարթակը նպատակ ունի օգնել 5-12–րդ դասարանների աշակերտներին՝ դառնալով հեռավար ուսուցման այլընտրանքային տարբերակ, որը թույլ կտա ցանկացած պահի ունենալ հասանելիություն այս կամ այն թեմային։

Erit.am-ի հետ զրույցում Հասմիկը պատմում է, որ նախագծի միտքն առաջացել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում փորձել է տեղադրել կամ գտնել անհրաժեշտ նյութեր․

«Կոնկրետ այս նախագծի գաղափարը ձևավորվեց համավարակի ընթացքում, երբ ստիպված էինք անցնել հեռավար ուսուցման: Որոշեցի elearning.armedu.am կայքի միջոցով հեռավար դասընթաց անցկացնել 7-րդ դասարանի աշակերտների հետ, սակայն երբեմն դժվարություններ էին առաջ գալիս, և հնարավոր չէր լինում դասընթացն արդյունավետ անցկացնել: Ավելին՝ երբ աշակերտներիս ուղղորդում էի սահիկաշարեր դիտել, նրանք դժվարանում էին դրանք գտնել: Այդ պատճառով ստեղծեցի տեսանյութեր, թեստեր, առաջադրանքներ և գործնական աշխատանքներ ու դրանք տեղադրեցի մեր դպրոցի կայքում, որտեղից աշակերտներն ըստ թեմաների կարողանում էին գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այսինքն՝ դասապրոցեսից զատ աշակերտները հնարավորություն ստացան մեկ անգամ ևս լսել ու տեսնել ուսուցչի բացատրությունը, վերանայել խնդիրների լուծման եղանակները, կատարել ինքնագնահատվող թեստ և ստուգել տեսական գիտելիքները: Արդյունքում՝ ձևավորվեց ևս մեկ միջավայր, որտեղ աշակերտը կարող է գտնել իր հարցերի պատասխանները, և հենց նրանց կարծիքը հաշվի առնելով՝ որոշեցի ծրագիրս ներկայացնել մրցույթին: Չէ՞ որ ամենակարևոր գնահատական տվողն աշակերտն է»,- ասում է Հասմիկը:

Նրա խոսքով՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս խնայել ժամանակը դասապրոցեսում և ակտիվացնել ճանաչողական գործունեությունը․

«Հաճախ աշակերտները բացակայում են, և, ցավոք, ուսուցիչը ժամանակ չի գտնում՝ մեկ անգամ ևս դասը մանրամասն բացատրել և խնդիրները լուծել: Եվ այս առումով հարթակը կարող է օգնել ուսուցչին, և ինչու չէ նաև ծնողին՝ վերջինիս ազատելով ավելորդ հոգսից»,- ասում է Հասմիկը և հավելում, որ հարթակի մյուս նպատակն է՝ համախմբել ուսուցիչներին ու միասնական ուժերով ստեղծել կարգավորված պաշարների շտեմարան, որտեղից օգտվելը կլինի առավել դյուրին։

«Հարթակում կլինի աշակերտին անհրաժեշտ նյութերի ամբողջական փաթեթ՝ ըստ առարկաների և դասարանների, որը կհամապատասխանի թեմատիկ պլաններին։ Պակասող նյութերը կարող է լրացվել ուսուցիչների ստեղծած նոր նյութերով, հետևաբար՝ այն մրցակցություն կառաջացնի ուսուցիչների շրջանում, որից կշահի կրթությունը»,- իր ծրագրի մասին պատմում է Հասմիկը:

Հարթակը կունենա նաև տարբեր առարկաների մասնագետներից կազմված խումբ: Յուրաքանչյուր առարկայի  համար կնախատեսվի առանձին էջ, որը կբաժանվի ըստ դասարանների: Բացի այդ, կամավոր սկզբունքներով կկազմավորվեն մասնագիտական խմբեր, որոնք կստեղծեն տեսանյութեր, առցանց թեստեր և իրենց լուծումներով առաջադրանքներ:

«Աշակերտների հետաքրքրության մեծացմանը զուգահեռ նախագիծն անընդհատ կթարմացվի, կհարստացվի ու կկատարելագործվի՝ կապված ծրագրային և չափորոշչային պահանջների, դասագրքերի և ուսումնական պլանների փոփոխությունների հետ։ Հարթակի գործարկումից հետո ավելի շատ ուսուցիչներ կցանկանան մասնակցել ուսուցման գործընթացի բարելավմանը՝ ունենալով իրենց ներդրումը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հարթակը ուսուցչի աշխատանքը գնահատելու և խրախուսելու շարունակական գործընթաց կլինի, որն անշուշտ կբարձրացնի ուսուցչի պատասխանատվությունը և նրան կմղի լուրջ մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ