Այսօր

Հետազոտություն. Ճգնաժամային պայմաններում կանայք ավելի լավ առաջնորդներ են

  12 Փետրվար 2021  19 դիտում
Հետազոտություն. Ճգնաժամային պայմաններում  կանայք ավելի լավ առաջնորդներ են

Բազմիցս խոսվել է այն մասին, որ կանայք Covid-19 ճգնաժամի պայմաններում իրենց դրսևորել են որպես ավելի լավ առաջնորդներ, քան տղամարդիկ: 2020 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում անցկացված համապարփակ գնահատման վերլուծության համաձայն՝ կանայք իրենց գործընկերների կողմից գնահատվել են որպես ավելի արդյունավետ աշխատողներ։ Համավարակի պայմաններում տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը ավելի մեծ է, քան նախկինում, ինչը, թերևս, ցույց է տալիս, որ կանայք, որպես կանոն, ավելի արդյունավետ են գործում ճգնաժամի ժամանակ։

Ըստ այդմ, կանայք ավելի բարձր են գնահատվել 19 կարողություններից 13-ում, որոնք ըստ Harvard Business Review-ի  հեղինակների, հիմնականում բնորոշում են առաջնորդության ընդհանուր արդյունավետությունը։

Կին առաջնորդների կարիերան քննարկելիս՝ կա մի երևույթ, որը կոչվում է «ապակե ժայռ»։ Դա «ապակե առաստաղ» հասկացության նմանությամբ ստեղծված եզրույթ է, որը նկարագրում է առաջընթացի անտեսանելի խոչընդոտները, որոնց հետ կանայք հաճախ առնչվում են, երբ կազմակերպության բարձր մակարդակներում առաջընթաց են նախատեսում: «Ապակե ժայռը» վերաբերում է իրավիճակին, երբ կազմակերպությունում առաջացած դժվարությունների ժամանակ պատասխանատու է նշանակվում կին առաջնորդ՝ կազմակերպությանը դժվարին կացությունից հանելու համար։ Երբ կանանց վերջապես հնարավորություն է տրվում իրենց դրսևորել ղեկավար պաշտոնում, նրանց, սովորաբար, տրվում է այն, ինչն արդեն կոտրված է, և որտեղ ձախողման հավանականությունը մեծ է:

Ըստ հետազոտողների՝ դա բավական հաճախ է տեղի ունենում, և դա ստիպում է մեզ մտածել, թե գուցե կանայք, իսկապե՞ս, ավելի արդյունավետ են  ղեկավարում ճգնաժամի պայմաններում։ Գուցե հենց այդ պատճառո՞վ է, որ դժվարին ժամանակներում նրանց են հանձնում կառավարման ղեկը։

Covid-19 ճգնաժամի ժամանակ աշխարհն ականատես եղավ, որ կին առաջնորդներն իրենց աշխատանքն ավելի լավ են կատարում, և այս հետազոտությունը հաստատում է դա։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Covid-19-ին առնչվող արդյունքները, ներառյալ հիվանդության և մահացության ցուցանիշները, պարբերաբար ավելի լավ են եղել կանանց կողմից ղեկավարվող երկրներում: Մեկ այլ հետազոտությունից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի այն նահանգները, որոնց ղեկավարները կանայք են եղել, մահացության առավել ցածր ցուցանիշներ են գրանցել: Harvard Business Review-ի  հեղինակները որոշել են դիտարկել համապարփակ գնահատման գլոբալ տվյալների բազան՝ տեսնելու, թե արդյոք որևէ օրինաչափություն կա նրանում, թե ինչպես են տղամարդ և կին առաջնորդները կազմակերպությունների ներսում արձագանքում և հակազդում ճգնաժամերին:

Ո՞վ է համարվում ճգնաժամային իրավիճակում ավելի փորձառու առաջնորդ

Անցյալ տարի Harvard Business Review-ն գրել էր այն մասին, թե ինչպես են կանայք իրենց հետ աշխատողների կողմից գնահատվել որպես առավել լավ առաջնորդներ՝ տղամարդկանց համեմատ։ Վերլուծության տվյալները վերցված են ավելի քան 60 000 առաջնորդների գնահատականներից (22 603 կին և 40 187 տղամարդ): Այս անգամ ուսումնասիրվել են Covid-19 համավարակի առաջին փուլի ընթացքում հավաքագրված նմանատիպ տվյալները՝ տեսնելու, թե արդյոք այս վարկանիշները փոխվել են։

Այս տարվա մարտից հունիս ընկած ժամանակահատվածում 454 տղամարդ և 366 կին գնահատվել են իրենց առաջնորդության արդյունավետության տեսանկյունից: Նախահամաճարակային վերլուծության համաձայն՝ պարզվել է, որ կանայք զգալիորեն ավելի բարձր են գնահատվել, քան տղամարդիկ։ Համավարակի պայմաններում տարբերությունն ավելի զգալի է եղել: Տղամարդիկ առավել բարձր են գնահատվել միայն մեկ չափորոշիչով՝ տեխնիկական  կարողությունների համար, սակայն տարբերությունը վիճակագրական առումով նշանակալի չի եղել։

Ինչո՞ւ են կին առաջնորդները համարվում ավելի արդյունավետ

Յուրաքանչյուր ղեկավար, որը ներգրավված է եղել հետազոտության մեջ, գնահատվել է նաև իր աշխատողների կողմից։ Գնահատականը հիմնվել է նրանց պատասխանների վրա, որոնք վերաբերել են նրանց գոհունակության և աշխատանքներում ներգրավվածության աստիճանին։ Տղամարդ առաջնորդների հետ աշխատողների ներգրավվածության մակարդակը ցածր է եղել միջինից՝ 49.2 %, իսկ կին առաջնորդների անմիջական ղեկավարությամբ աշխատողների նույն ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր են եղել 55.2 %:

Հասկանալու համար, թե որն է ներգրավվածության մակարդակի տարբերության պատճառը, հետազոտողները դիտարկել են այն հատկությունները, որոնք հարցվողները համարել են ամենակարևորը՝ ճգնաժամի ընթացքում։ Հատկանշական է, որ հարցվողներն ավելի մեծ նշանակություն են տվել անձնային հմտություններին, ինչպիսիք են «ներշնչող և մոտիվացնող լինելը», «հաղորդակցման հրաշալի հմտությունները», «համագործակցություն/թիմային աշխատանքը» և «հարաբերությունների կառուցումը»։ Այս բոլոր ցուցանիշներով կանայք ավելի բարձր են գնահատվել: Վերլուծությունը հաստատել է այն, ինչ հետազոտողները վեր էին հանել ԱՄՆ նահանգապետերի վերաբերյալ համանման ուսումնասիության արդյունքում․ կին առաջնորդներն ավելի շատ էին տեղյակ իրենց աշխատակիցների վախերի, բարեկեցության վերաբերյալ մտահոգությունների և իրենց ծրագրերի հանդեպ վստահության մասին:

Ամենաարժեքավոր բանը, թերևս, որ հետազոտողները հավաքագրել են ճգնաժամի ողջ ընթացքում, հազարավոր հարցվածների կարծիքն է այն մասին, թե ինչն են նրանք այժմ գնահատում և ինչ են ակնկալում առաջորդներից: Ըստ այդմ, նրանք ցանկանում են այնպիսի առաջնորդներ ունենալ, որոնք ունակ են առանցքային և նոր հմտություններ սովորելու, ովքեր կարևորում են աշխատողների շարունակական զարգացումը նույնիսկ դժվարին ժամանակներում, ովքեր ցուցաբերում են ազնվություն և միասնականություն, և ովքեր զգայուն են և ըմբռնող սթրեսի, անհանգստության և հիասթափության նկատմամբ, որոնք մարդիկ զգում են:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հատկություններ են, որոնք ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ։ Բայց, քանի որ ճգնաժամը շարունակվում է և ահագնանում շատ վայրերում, բոլոր առաջնորդները՝ անկախ սեռից, պետք է ձգտեն բավարարել այդ պահանջները։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ