Այսօր

«Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում» ․ Ալավերդու դպրոցի հոգեբան Նարինեն կօգնի դա անել

  12 Փետրվար 2021  188 դիտում
«Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում» ․  Ալավերդու դպրոցի հոգեբան Նարինեն կօգնի դա անել

Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոցի հոգեբան Նարինե Մուրադյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից մեկն է: Նարինեն մրցույթին ներկայացրել է «Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում» ծրագիրը։ Նարինեն վերապատրաստում է անցել Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում, որից հետո իր նախաձեռնությամբ մեկ տարի շարունակ մասնագիտական կողմնորոշման արտադասարանական խմբակ է վարել Չարենցավանի ավագ դպրոցում։

Erit.am-ի հետ զրույցում Նարինեն պատմում է, որ նման ծրագիր ներկայացնելու միտքը հղացել է COVID-19 համավարակի շրջանում, երբ հարկ եղավ վերանայել կյանքի բոլոր ոլորտները և շատ նախագծեր տեղափոխել առցանց տիրույթ։ Բացի այդ՝ այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցելու հնարավորություն էին ստացել նաև հոգեբանները, ինչը, ծրագրի հեղինակի կարծիքով, շատ կարևոր փոփոխություն էր․

 «Քանի որ սահմանված կարգով դպրոցի հոգեբանները չեն կարող մասնակցել որակավորման տարակարգի բարձրացման ծրագրերին, և գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորությունները խիստ սահմանափակ են, շատ կարևոր էր այս նախագծին մասնակցությունը»,- ասում է հեղինակը։

Ծրագիրը կազմակերպվել է 2020 թվականի մայիս-հունիս և այս տարվա  փետրվար ամիսներին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում» համակարգում (http://elearning.armedu.am), որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 38 աշակերտ:

Նարինեի խոսքով՝ ծրագիրը նպաստում է մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը և ինքնաճանաչման հմտությունների զարգացմանը․

«Ծրագրի շրջանակում աշակերտներին տրամադրում ենք մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ տեսական նյութեր, քննարկում և վերլուծում ենք տարբեր ոլորտի մասնագետների հաջողության պատմությունները, զարգացնում մասնակիցների ինքնաճանաչման հմտությունները, մասնագիտական հակումները և հնարավորությունները: Բացի այդ՝ նրանց սովորեցնում ենք մասնագիտության ընտրության և աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ գործնական հմտություններ»,- նախագծի մասին պատմում է Նարինեն։

Նա ընդգծում է, որ ծրագրի արդյունքում մասնակիցները հնարավորություն են ստանում բացահայտել իրենց ուժեղ և թույլ կողմերը, հայտնաբերել իրենց առավել համապատասխան մասնագիտական ոլորտը և յուրացնել մասնագիտության ճիշտ ընտրության ու աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ գործնական հմտություններ: Օրինակ՝ դասընթացում անդրադարձ է կատարվում որոշումների կայացման, նպատակների սահմանման արդյունավետ տեխնիկաներին, քննարկվում են գրագետ CV, մոտիվացիոն նամակ գրելու, աշխատանքային հարցազրույցի ներկայանալու առանձնահատկությունները։

Նարինեն պատմում է նաև է, որ այս և նմանատիպ թեմաներին դեռևս դպրոցական տարիքից ծանոթ լինելը մեծապես կհեշտացնի մասնագիտության ընտրության և հետագայում աշխատաշուկա մուտք գործելու գործընթացը։ Որպես ծրագրի առավելություն՝ Նարինեն մատնանշում է միևնույն թեմայով հետաքրքրված պատանիների համախմբման, ինչպես նաև Հայաստանից և Արցախից մասնակիցների ներգրավման գործոնը․

«Ծրագրի ուժեղ կողմերից է նաև  աշակերտի ինքնաճանաչման հմտությունների զարգացումը և  տարբեր ՏՀՏ գործիքների կիրառումը: Ցավոք, ծրագիրն ունի նաև որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, դասընթացն անցկացվում է բացառապես հեռավար տարբերակով, որի արդյունքում աշակերտները չեն ունենում առերես շփվելու և ուսումնաճանաչողական այցեր կատարելու հնարավորություն»,-ասում է հոգեբան Նարինեն:

Նրա խոսքով՝ ծրագրում կիրառվում են մի շարք մեթոդներ, այն է՝ ինքնուրույն ուսումնառություն, մտավոր փորձ, համագործակցային ուսումնառություն, փոխակերպում և օրինակներով բացատրություններ․

«Ծրագրում ներառել ենք տարբեր ուսումնական ռեսուրսներ՝ տեսական նյութ, ֆորումներ, առցանց ՏՀՏ գործիքներով կազմված խաղեր և վարժություններ, ինչպես նաև հիմնական հասկացությունների բառարան: Բացի այդ՝ աշակերտին յուրաքանչյուր շաբաթ տրվում են առաջադրանքներ և հոգեբանական թեստեր: Ընդ որում, մասնակիցներին հնարավորություն է տրվում ինքնուրույն ընտրել առաջադրանքի ներկայացման ձևաչափը՝ կարևորելով ոչ ստանդարտ, ստեղծարար մոտեցումը։ Ծրագրի ավարտին նա լրացնում է ամփոփիչ հարցաշարը և հետադարձ կապի թերթիկը»,- ասում է մեր զրուցակիցը:

Նարինեի հավաստմամբ՝ ծրագրի ընթացքում դասընթացի մասնակիցների հետ գոյություն ունի մշտական կապ. քննարկվում են ընթացիկ բոլոր հարցերը․

«Մենք պարբերաբար իրականացնում ենք դասընթացի ընթացիկ գնահատում և ըստ անհրաժեշտության՝ ռեսուրսների վերանայում։ Ծրագրի ավարտից հետո կատարում ենք համապատասխան վերլուծություն, որի ընթացքում փորձում ենք բացահայտել  չիրականացված նպատակների պատճառները, ամրապնդում ծրագրի ուժեղ կողմերը և իրականացնում թույլ կողմերի վերացմանն ուղղված քայլեր, գնահատում ուսումնական ռեսուրսների մատչելիության և ժամանակի բաշխման համապատասխանության խնդիրները: Բացի այդ՝ ամփոփում ենք մասնակիցների տված հետադարձ կապը և հստակեցնում ծրագրի շարունակականության ապահովմանն ուղղված քայլերը»,- փաստում է Նարինեն։

Նա նաև նշում է, որ մտադրություններ կան հետագայում ծրագիրն ընդլայնելու և ավելի շատ մասնակիցների ներգրավելու։

Նշենք, որ «Տարվա լավագույններ» մրցույթն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ