Այսօր

«Ես էլ եմ պարտվալ․ իմ տունը պարտվալ եմ, իմ տեղը պարտվալ եմ, բայց հիմա պարտավոր եմ առաջ նայել»․ Արցախցի ընկեր Սարիբեկը

  12 Փետրվար 2021  111 դիտում
«Ես էլ եմ պարտվալ․ իմ տունը պարտվալ եմ, իմ տեղը պարտվալ եմ, բայց հիմա պարտավոր եմ առաջ նայել»․ Արցախցի ընկեր Սարիբեկը

31–ամյա Սարիբեկ Միրզոյանը քիմիայի ու կենսաբանության ուսուցիչ է, ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղից։ Մինչև պատերազմը կնոջ ու երեք երեխաների հետ ապրել է Իշխանաձորում, հիմա բնակարան է վարձում Աբովյանում։ Նրա հետ ծանոթանում եմ աշխատանքի բերումով՝ կիսում ենք նույն աշխատասենյակը: Սարիբեկը քիմիայի հեռավար դասի է պատրաստվում ու ներողություն խնդրում, եթե իր դասով մեզ խանգարի։ «Երեխաներ, ինձ ասեք ընկեր Միրզոյան, կամ ուղղակի՝ ընկեր Սարիբեկ», - ասում է ուսուցիչն ու ես հետևում եմ` ինչ ոգևորությամբ է իր բնականոն կյանքը կորցրած տղամարդն աշակերտներին քիմիական միացություններ բացատրում։ Հաջորդ օրն առաջարկում եմ զրուցել:

«Այսպես էր մինչև պատերազմը»

Մասնագիտությամբ կենսաբան եմ, 2015 թվականից նաև որակավորված քիմիայի մասնագետ։ Որպես ուսուցիչ աշխատում եմ մոտ 9 տարի։ Սկսել եմ դասավանդել իմ ծննդավայրի՝ Մարիամաձորի դպրոցում, այդ դպրոցում ինձ ինչպես մարդ դարձրին, այնպես էլ՝ ուսուցիչ (ժպտում է – հեղ

2018 թ․–ին կնոջս ու երեխաներիս հետ վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել եմ Քաշաթաղի շրջան՝ Իշխանաձոր։ Ունեմ 5 տարեկան մին տղա, 3 տարեկան աղջիկ և 1 տարեկան տղա։

Իշխանաձորում երիտասարդ ընտանիքի համար շատ հնարավորություններ կային։  Բնակարանով էին ապահովել, հողատարածք ունեի։ Տեղի դպրոցում աշխատում էի որպես քիմիայի ուսուցիչ ու տնօրենի տեղակալ։ Այսպես էր մինչև պատերազմը։



«Ընտանիքիս մոտ վերադարձա նոյեմբերի 12-ին»

Իշխանաձորը սահմանից հեռու է, ու սեպտեմբերի 27–ին մեզ մոտ ոչ մի ձայն չի լսվել։ Եղբայրս զանգեց Մարիամաձորից, հարցրեց՝ «տեղ ի՞նչ կա»։ Այնտեղ՝ Հադրութի վրա, արդեն «Սմերչ» էին գցել ու մարդիկ հասկանում էին՝ սա սովորական լարվածություն չէ։

Հետո արդեն ինձ զանգեց Իշխանաձորի գյուղապետը, դպրոցի տնօրենը. պետք էր անհրաժեշտության դեպքում մարդկանց կողքին լինել, նրանց հանդարտեցնել։

Երբ պարզ եղավ, որ սկսվածը պատերազմ է, կնոջս հորեղբայրը եկավ ու ընտանիքիս տեղափոխեց Մասիս։ Նրանց մոտ ես վերադարձա նոյեմբերի 12–ին՝ պատերազմից։

Երբ պատերազմը հասավ Իշխանաձոր

Արցախցիների մոտ կամավորություն, որպես այդպիսին, չկա։ Ես պարտադիր զինվորական ծառայությունս անցկացրել էի որպես տանկիստ, ինչից հետո միշտ մասնակցել եմ դասերի նույն զորամասում։ Արցախում ՄՈԲ–ը, հիմնականում, մարտունակ բանակ է։ Կարող էին ուղղակի դպրոցից ուսումնական տագնապով կանչել՝ հասկանալու համար որքան ժամանակում կհասնես քո գունդ։ Այդպես եղավ նաև սեպտեմբերի 27–ին։ Ժամը 3–ին արդեն գնդում էի։

Կարող ենք երկար քննարկել՝ ինչու այսպես եղավ, բայց, ընդհանրապես, իրանք ուժեղ են իլալ, մանավանդ՝ օդից։ Իսկ օդի գերակայությունը փոխում է պատերազմի արդյունքն, արդեն պրակտիկայից գիտենք՝ դեպի ուր։ Մեր օդը շատ անպաշտպան էր։

Իսկ ե՞րբ պատերազմը հասավ Իշխանաձոր։ Հետաքրքիր մի բան կա, ամբողջ ընթացքում կապվում էի եղբորս հետ ու ասում, եթե հայրական տանս՝ Մարիամաձորում, որը մինչպատերազմյան առաջնագծից ընդամենը 10 կմ է հեռու, ապահով չէ, թող տեղափոխվեն Իշխանաձոր՝ մեր տուն։ Բայց ստացվեց այնպես, որ Իշխանաձորն ավելի շուտ ընկավ, քան Մարիամաձորը։

Ու մի բան էլ, ադրբեջանցիների կողմից Խուդաֆերենի ջրամբարը վերցնելուց հետո Իշխանաձորը որոշվեց տարհանել։ Գյուղում մնացին մի քանի կին: Մեկն 90–ականներից ազատամարտիկ էր, մյուսը՝ գյուղապետի կինը․ մնացին իրենց ամուսների կողքին ու սկզբունքորեն չէին գնում մինչև վերջ։

Կառուցած տունը, տնկած ծառն ու որդին

Իշխանաձորում նորատունկ նռան այգի ունեի, տան բակում՝ ծառեր։ Մի տարի առաջ տնկածս դեղձենիներն ու խնձորենիները սկսել էին բերք տալ։

Դեղձը 4 հատիկ էր բռնել. երկուսն ընկան ծառից, մեկն աղջիկս պոկեց, մյուսը՝ տղաս, երբ հայրս մեր տանն էր․ ոգևորված պատմեց պապիկին, գնացին միասին պոկեցին (ժպտում է– հեղ)

Մի հատ էլ խնձոր կար, դա էլ ես պոկեցի։ Հասցրեցի, սեպտեմբերն էր արդեն։

Նաև խաղող էի աճեցնում, ձմերուկ։