Այսօր

Չինարենի գաղտնիքները` Հայաստանի ազգային գրադարանում

  15 Փետրվար 2021  84 դիտում
Չինարենի գաղտնիքները` Հայաստանի ազգային գրադարանում

Չինական Նոր տարվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր ցուցահանդես: Չինական յուրօրինակ մշակույթի ամենատարբեր ոլորտներին վերաբերող գրքերը, չինական հիերոգլիֆներով գեղանկարները զարդարել էին թամանյանական մասնաշենքի ցուցասրահը:

Գրադարանում հյուրընկալվել էին Բրյուսովի անվան պետական համալսարանի չինարեն-հայերեն թարգմանության բաժնի շրջանավարտ, հայ-չինական բարեկամության դպրոցի երիտասարդ ուսուցչուհի Գոհար Աթիկյանը և  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի չինացի ուսանող Ֆըն Յանմինը:  Գոհարն ու Ֆընն ունեն չինական պոեզիայի համատեղ թարգմանական շարքեր: 

Գոհարը ներկայացրեց չինացիների ամանորյա տոնակատարություններին առնչվող հետաքրքիր սովորույթներն ու ավանդույթները՝ նշելով, որ մեր մշակույթներն այդ առումով ունեն բազում ընդհանրություններ: Անդրադարձավ նաև չինարենի առանձնահատկություններին, հատկապես թարգմանչական գործում:

«Չինարենն առանձնահատուկ լեզու է, այն միակ լեզուն է աշխարհում, որում մինչ օրս գործածվում են հիերոգլիֆներ: Մեկ հիերոգլիֆը կարող է երկար արտահայտություն նշանակել, օրինակ՝ «ամբողջ գիշերն արթուն մնալ»,- չինարենի գաղտնիքներով կիսվեց Գոհարը:

Գոհարը ժպիտով հիշեց նաև մի զավեշտալի իրավիճակ, որում հայտնվել է ինքը. «Չինարենը նաև միակ տոնային լեզուն է, ահա թե ինչու մեկ բառը տարբեր իմաստներ կարող է ստանալ, եթե արտասանես տարբեր տոներով: Մի անգամ ես պատահաբար հայհոյել եմ՝ դասախոսիս ազգանունը երկրորդ տոնի փոխարեն չորրորդ տոնով արտասանելիս»: