Այսօր

«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

  15 Փետրվար 2021  3 դիտում
«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելել են բուհ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկում: Նրանք շրջել են լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ծրագրի շրջանակում վերանորոգվել են, համալրվել անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով:

Նշվել է, որ «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված փուլերի համաձայն, և կարևոր է, որ բուհը հետևողական լինի սահմանված ժամկետները պահպանելու, ծրագրային գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու և ավարտին հասցնելու համար:

Բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմ: Նրա հավաստմամբ` ընթացքում է հայերենի լիարժեք գործառնության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների, գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման գործընթացը, որը կնպաստի նաև բուհի միջազգային տեսանելիության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում ընթանում են նաև համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

Նշենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ