Այսօր

Ո՞վ և ինչպե՞ս կարող է այցելել Դադիվանք․ Ուղեցույց ուխտավորների համար

  15 Փետրվար 2021  31 դիտում
Ո՞վ և ինչպե՞ս կարող է այցելել Դադիվանք․ Ուղեցույց ուխտավորների համար

Նախորդ շաբաթ Դադիվանք հայ ուխտավորների մուտքի արգելքը բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Erit.am-ը զրուցել է Արցախի թեմի հոգևոր սպասավոր, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ և փոքրիկ ուղեցույց պատրաստել բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են այցելել Դադիվանք, սակայն չգիտեն՝ ինչպես դա անել։

«Ի սկզբանե, Վեհափառի ջանքերով Մոսկվայի հետ պայմանավորվածություն եղավ, որ տարածքների հանձնումից հետո գոնե Դադիվանքը պահենք՝ որպես մեր հոգևոր կենտրոն: Պայմանավորվածությունն այն էր, որ մենք պետք է այնտեղ մշտական հոգևոր ծառայություն ունենանք:  Մայր Աթոռից էլ, Արցախից էլ միաբաններ ուղարկվեցին ու այժմ էլ մշտական 6-7 հոգևորական մնում են տեղում»,– պատմում է Տեր Անդրեասը։

Ըստ նրա՝ հետագայում Արցախի թեմից Ռուստամ Մուրադովին նամակ է գրվել, որպեսզի ռուս խաղաղապահներն ապահովեն ուխտավորների ընթացքը դեպի Դադիվանք: Սկզբում ուխտագնացությունները երկու շաբաթը մեկ էին կազմակերպվում, հետո Մուրադովն ինքն է առաջարկել, որպեսզի դրանք ամեն կիրակի լինեն։

Ինչո՞ւ և ինչպե՞ս է փոխվել ուխտագնացության կարգը

Օրեր առաջ, երբ ադրբեջանական կողմը արգելեց հայերի մուտքը Դադիվանք, պարզվեց, որ ուխտագնացության կազմակերպման կարգը որոշակի փոփոխությունների ենթարկվել․

«Ադրբեջանցիները պայման են դրել, որ յուրաքանչյուր կիրակի Դադիվանք մեկնելու համար, մենք պետք է մինչև նախորդ երեքշաբթի երեկո կամ ամենաուշը՝ չորեքշաբթի առավոտյան, իրենց ներկայացնենք ուխտավորների ամբողջական ցանկ՝ անուն ազգանունով և անձնագրային տվյալներով:  Այդ տվյալները մենք փոխանցում ենք ռուսների միջոցով: Պահանջը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին։ Ամեն շաբաթ ուխտագնացությանը կարող է մասնակցել 25-ից 30 մարդ: Բայց, եթե ցանկացողներ շատ լինեն, կփորձենք հաջորդ եռամսյակի համար ավելացնել այդ թիվը»,– ասում է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Ադրբեջանի պահանջով՝ Դադիվանք մեկնել ցանկացողների ցանկում պետք է բացառվի լրագրողների և օտարերկրյա քաղաքացիների ներկայությունը:

Քահանան բացատրում է՝ մինչև Սուրբ Ծնունդ ամեն ինչ հարթ էր ընթանում: Հետո, երբ դեկտեմբերի 27-ին Դադիվանքում պսակադրություն տեղի ունեցավ՝ 30 մարդու փոխարեն շուրջ 100–ի մասնակցությամբ, «ադրբեջանցիները մի քիչ կատաղեցին»: Ըստ Տեր Անդրեասի՝ հենց սա է լարվածության պատճառ դարձել․

«Հաջորդ պատահարը եղավ Սուրբ Ծնունդին, երբ մենք որոշեցինք մոտ 75 հոգով այցելել: Դադիվանքում սուրբծննդյան պատարագին մասնակցել ցանկացողների թիվը շատ մեծ էր: Սա, սակայն, հենց տեղում՝ Ստեփանակերտի հրապարակում, ռուսներն արգելեցին, մեքենաները հետ ուղարկեցինք ու նախատեսված չորս ավտոբուսից մեզ հետ հազիվ երկուսը գնացին՝ տեղափոխելով 35 ուխտավորի»,– պատմում է նա:

Ինչպե՞ս մասնակցել կիրակնօրյա ուխտագնացությանը՝ դեպի Դադիվանք

Կիրակնօրյա ուխտագնացությանը մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել Ստեփանակերտի երկու եկեղեցիների քահանաներին՝ Տեր Մինասին կամ Տեր Ներսեսին: Դիմել պետք է ամենաուշը երկուշաբթի, քանի որ ուխտավորների վերջնական ցուցակները ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին են ներկայացվում արդեն երեքշաբթի երեկոյան:

«Կիրակի օրն առավոտյան հավաքվում ենք Ստեփանակերտի հրապարակում և քաղաքացիներին ավտոբուսներով տեղափոխում Դադիվանք: Այս ամենը տեղի է ունենում ռուսների ուղեկցությամբ: Ստուգումներ լինում են Չարեքտարից հետո եղած ադրբեջանական անցակետում: Նախկինում այդ ստուգումն էլ չկար, բայց հիմա կանգնեցնում են: Միակ կանգառը, որտեղ գնում ենք Դադիվանքն է: Երբ արդեն հասնում ենք Դադիվանք, այնտեղ պատարագ ենք անում: Ամեն կիրակի պարտադիր պատարագ է լինում: Ադրբեջանցիներ այդտեղ չեն լինում, Դադիվանքի ամբողջ տարածքը հսկում են ռուսները: Պատարագի ավարտից հետո հավաքվում ենք ու հետ գալիս: Նկարահանումներն այդ ընթացքում արգելված են: Կարող եք ձեր անձնական օգտագործման համար նկարվել եկեղեցու բակում կամ նկարել պատարագը, բայց ավելի մասսայական նկարահանումները չեն թույլատրվում: Առավել ևս՝ չի կարելի նկարել անցակետը»,– բացատրում է քահանան:

Հիշեցնենք, որ Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է։ Մատենագիտական աղբյուներում Դադիվանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։

Եկեղեցին գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին։

Նյութը՝ Յանա Շախրամանյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ