Այսօր

«Գիրք նվիրելու օր»․ ու՞ր գնալ և ի՞նչ անել

  16 Փետրվար 2021  76 դիտում
«Գիրք նվիրելու օր»․ ու՞ր գնալ և ի՞նչ անել

Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

Արդեն 13 տարի՝ օրը կրկնակի տոն է ընթերցասերների համար։ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2008 թվականին փետրվարի 19-ը հռչակվեց որպես «Գիրք նվիրելու օր»։

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Գիրք նվիրելու օրը կազմակերպվում են բազմաթիվ գրական միջոցառումներ՝ շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, հանրային ընթերցումներ, մրցույթներ և այլն։

Erit.am-ն առանձնացրել է 2021-ի՝ Գիրք նվիրելու օրվա միջոցառումները։ Եթե դեռ չեք որոշել՝ որտեղ և ինչպես անցկացնել օրը, ապա այս ցանկը հենց ձեզ համար է։

 Կանգառ 1. Հովհաննես Թումանյանի թանգարան

Գրքի շնորհանդես, ցուցահանդես, ֆիլմի պրեմիերա․ ամենայն հայոց բանաստեղծի անունը կրող երևանյան թանգարանում տոնը նշելու են բազմաժանր ծրագրով, ինչպես ամեն տարի։

Արի խաղանք «Շունն ու կատուն»

Ամենափոքրիկ այցելուների համար թանգարանն իր դռները կբացի 10։30-ին։ Մինչև ժամը 16։00-ն երեխաները հնարավորություն կունենան կառուցել, նկարազարդել, ընթերցել ու բեմականացնել «Շունն ու կատուն» բալլադի տարբեր տեսարաններ, ընկերանալ ինչպես Քեռի Քուչիի և Ոսւտայի փիսոյի, այնպես էլ միմյանց հետ։ Իսկ նրանք, ովքեր կցանկանան «Շունն ու կատուն» խաղալ նաև տանը, կկարողանան թանգարանից գնել խաղի իրենց օրինակը։

Արի դիտենք մի նոր ֆիլմ

Թումանյանի մանկական բանաստեղծություններին փոքրիկները կարող են ծանոթանալ ոչ միայն ընթերցելով, այլեւ դրանց հիման վրա նկարահանված ֆիլմեր դիտելով։

Փետրվարի 19-ին թանգարանի մուլտսրահում պրեմիերայով կներկայացվի 16 անիմացիոն ֆիլմ։

Արի բացահայտենք մեկ այլ Թումանյանի

Քչերը գիտեն, որ Ամենայն հայոց բանաստեղծը նաև կոլեկցիոներ է եղել։ Թումանյանի ուշադրությունից չեն վրիպել գեղեցիկ իրերը։ Արվեստի այդ նմուշներն իրենց հետաքրքրիր պատմություններով թանգարանում ներկայացվեն առաջին անգամ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը։

Արի կարդանք

Թանգարանի ընթերցասեր այցելուներին անակնկալ է սպասվում՝ երկու նոր գիրք Թումանյանից։

 «Հովհաննես Թումանյան. Երկերի լիակատար ժողովածուի» 4-րդ և «Թումանյանը  ժամանակակիցների հուշերում» գրքի 2-րդ հատորների շնորհանդեսը նույնպես կազմակերպվելու է փետրվարի 19-ին։

Կանգառ 2. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Գրքատոնի երեկոն կարող եք անցկացնել նաև Կոմիտաս Վարդապետի անունը կրող թանգարանում՝ մասնակցելով վերջերս հրատարակված «Հարսանեկան երգեր» (մաս Ա) և «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերի շնորհանդեսին։

Միջոցառման ավարտին կամփոփվեն թանգարան-ինստիտուտի կազմակերպած ամենամյա հարցախաղի արդյունքները։ Հաղթողները որպես նվեր կստանան թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակված գրքեր։

Կանգառ 3 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան


Ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել առաջ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, «1 րոպե անց» գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը ՀՊՏՀ ուսանողների հետ կկիսվի բիզնես գաղտնիքներով՝ ցույց տալով 1 րոպեի կարևորությունը ինքդ քեզ ճանաչելու, առաջ գնալու, մեծ գործերի և աշխարհը քեզանով անելուն պատրաստվելու գործում։

Պատրաստեց՝ Աննա Կարապետյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ