
Հայաստանն աստիճանաբար իր տեղն է հաստատում դահուկային սպորտի համաշխարհային քարտեզում: Այս կարծիքին է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, ով վստահեցնում է՝ վերջերս կայացած դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Միքայել Միքայելյանի գրանցած արդյունքը բացառիկ է Հայաստանի համար:
Ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում Միքայել Միքայելյանը 36։17․10 արդյունքով գրավել է 8-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն դահուկային թոփ-պետությունների ներկայացուցիչների:
«Միքայելը գրավել է 8-րդ տեղը 30 երկրի 71 մարզիկի հետ պայքարում. տարիներ առաջ նման արդյունքի մասին անգամ երազելն էր ֆանտաստիկայի ժանրից: Միքայելին հաղթողներն աշխարհի գավաթի մասնակից լավագույն մարզիկներից են և ներկայացնում են այն պետությունները, որոնք միլիոնավոր եվրոներ են ծախսում նման արդյունքի համար: Մեզ մոտ դժվարությունները շատ են՝ մարզումային պայմաններից սկսած վերջացրած ֆինանսավորման խնդիրը, սակայն փոքր թիմով էլ մարզիչների տքնաջան աշխատանքի և Միքայելի տաղանդի շնորհիվ արդեն կարողանում ենք մեր տեղը գտնել դահուկային սպորտի համաշխարհային քարտեզում և այսօր թոփ-պետությունների հետ հավասար պայքար ենք մղում»,- Erit.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Սարգսյանը:
Անձամբ մարզիկը համոզված է՝ գործին նվիրվածության և աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկացած արդյունքի.
«Ելույթս գուցե բացառիկ է այն առումով, որ պայքարում ենք այնպիսի պետությունների հետ, որոնց միայն դահուկային բյուջեն գերազանցում է մեր երկրի բյուջեն, սակայն ցանկացած գործում անսպառ նվիրվածությունն ու տքնաջան աշխատանքը չի կարող չտալ իր արդյունքը: Կարծում եմ՝ մեր երկրում պետական աջակցության գումարների ճիշտ ուղղորդվածության պակաս կա. օրինակ՝ մեծ գումարով ֆինանսավորվում է այնպիսի մարզադպրոց, որը շատ մարզվողներ չունի և արդյունքներ չի գրանցում, ստացվում է՝ ներդրված գումարները չեն ծառայում իրենց իրական նպատակներին: Բացի դրանից, դրսում յուրաքանչյուր մարզիկի հետ աշխատում են 2-4 մասնագետ՝ տվյալ եղանակի համար համապատասխան դահուկներ և քսուքներ որոշողները, այդ դահուկները մշակողները, ինչպես նաև ֆիզիոթերապևտներ, մերսողներ: Այս աջակցությունը նպաստում է մարզիկի բարձր արդյունքին, իսկ մեզ մոտ ինքներս ենք այդ ամենով զբաղվում»,- Erit.am-ին պատմեց Միքայել Միքայելյանը:
Չնայած դժվարություններին՝ Միքայելը մեծ մոտիվացիայով և ոգևորությամբ այժմ պատրաստվում է փետրվարի 23-ից մարտի 7-ը Օբերստդորֆում (Գերմանիա) կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը.
«Առաջիկա գերնպատակս աշխարհի առաջնությունում լավագույնս ելույթ ունենալն է: Դրա համար ջանքեր չեմ խնայի»,- խոսքը եզրափակեց երիտասարդ մարզիկը:
Հավելենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են նաև Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը, Հրաչյա Փանոյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը: