Այսօր

Տարվա լավագույնները. Էկոլաբորատորիաները` տարրական դասարաններում

  16 Փետրվար 2021  71 դիտում
Տարվա լավագույնները. Էկոլաբորատորիաները` տարրական դասարաններում

Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ և Հրազդանի թիվ 2  դպրոցների  դասվարներ Գայանե Լաչինյանը և Նազանի Հարությունյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից են: Նրանց ներկայացրած ծրագիրը՝ «Էկոլաբորատորիաները տարրական դասարաններում», տեղ է գտել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգի լավագույն տասնյակում:

Erit.am-ը զրուցել է ծրագրի հեղինակների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես հասունացավ նման նախագիծ մշակելու և մրցույթին ներկայացնելու գաղափարը:

Գայանե Լաչինյանը համոզված է՝ Հայաստանը էկոլոգիապես զարգացած երկիր դառնալու մեծ պոտենցիալ ունի․

«Վերջին շրջանում շատ դպրոցներում ստեղծվել են առարկայական լաբորատորիաներ, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն  բացահայտել իրենց ներուժը՝ արդեն այդ տարիքից դնելով ապագայի հաջողության հիմքերը: Նրանց համակել է սովորելու, նորը ճանաչելու և արարելու ցանկությունը: Եվ երկար տարիներ աշխատելով կրտսեր դպրոցում՝ հասկացանք, որ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում անհրաժեշտ է ունենալ ժամանակակից առարկայական լաբորատորիայի օրինակելի մոդել, որպեսզի բացի դասագրքից՝ սովորողները հնարավորություն ունենան գործնականում կիրառել  իրենց ստացած գիտելիքները»,-  ասում է Գայանեն:

Նազանի Հարությունյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում պատրաստվում են Բջնիի միջնակարգ և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցներում ստեղծել էկոլաբորատորիաներ․

«Ցանկանում ենք ձևավորել այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ դպրոցականները կկարողանան բացահայտել իրենց ներուժը՝ փորձարկումներ և փոքրիկ հետազոտություններ կատարելով: Այդ նպատակով նախ անհրաժեշտ է համապատասխան միջավայր՝ դասասենյակ, ինչպես նաև կահավորանք և ժամանակակից սարքավորումներ: Հաջորդ խնդիրն է՝ ապահովել սովորողների ներգրավածությունն արտադասարանական ժամերին և ծնողների շրջանում կազմակերպել սեմինարներ ու հարցումներ»,- ծրագրի մանրամասներն է պատմում Նազանին:

Մեր զրուցակիցները վստահ են՝ ծրագրի իրականացման դեպքում կրտսեր դպրոցում կստեղծվի առաջին էկոլաբորատորիայի մոդելը, որի շրջանակում սովորողները հաճույքով կմասնակցեն կազմակերպվող բոլոր միջոցառումներին, և կմեծանա հետաքրքրությունը բնապահպանության, հետազոտությունների նկատմամբ․

«Բացի այդ՝ կձևավորվի պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ,  որի կառուցվածքի հիմքը բնապահպանական գիտակցության զարգացումն է: Նպատակ ունենք լաբ-դասերը կազմակերպել և ուսուցանել խաղերով, մասնավորապես, էլեկտրոնային գրատախտակի վրա ցույց տալ  օգտագործվող նյութերը, բացատրել անվտանգության կանոնները, ապա, ըստ հրահանգների, կատարել ուսումնասիրություններ»,- ասում է Գայանեն և վստահեցնում, որ նման հետաքրքիր խաղ-դասերը կապահովեն երեխաների ներգրավածությունը լաբորատորիաներում:

Ծրագրի հեղինակների խոսքով՝ ծնողների շրջանում արդեն կատարել են հարցումներ, և ըստ դրա արդյունքների՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Այսպես՝ հարցման մասնակցած Հրազդանի թիվ 2 դպրոցի 60 ծնողից 35-ը, իսկ Բջնիի միջնակարգ դպրոցի 50 ծնողից 30-ը ողջունում են նման ծրագիր ունենալու հնարավորությունը․

«Մենք նաև նախատեսում ենք կազմակերպել արշավ-էքսկուրսիաներ դեպի Ծաղկաձոր, Հանքավան և Աղվերան, որպեսզի աշակերտներին ծանոթացնենք տվյալ տարածաշրջանում աճող էնդեմիկ բույսերին»,- պատմում է Նազանին:

Մեր զրուցակիցները վստահեցնում են, որ ծրագրի շարունակականության դեպքում՝ աշակերտները կրտսեր դպրոցում կսովորեն խնամել սենյակային բույսեր, կհետազոտեն բույսերի կառուցվածքը և տեսակները, միջին դպրոցում կկատարեն փորձեր ու հետազոտություններ, որի արդյունքում ավագ դպրոցում կձևավորվի տարածաշրջանը ճանաչող և էկոլոգիապես գրագետո մարդ:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջին անգամ է այս ձևաչափով անցկացնում «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ներկայացվել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Խմբային հայտի դեպքում կարող էին ներառվել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ըստ այդմ՝ մրցույթին ներկայացվել էր 53 հայտ, որից 35-ն անհատական, իսկ 18-ը՝ խմբային։

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ