Այսօր

Կրթության հավասար պայմաններ՝ բոլորի համար ․ Պատմություն երկու ուսուցիչների և նրանց առաքելության մասին

  19 Փետրվար 2021  329 դիտում
Կրթության հավասար պայմաններ՝ բոլորի համար ․ Պատմություն երկու ուսուցիչների և նրանց առաքելության մասին

«Դեռևս 2017 թվականին մենք մասնակցեցինք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի իրականացրած  «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացին, որտեղ մեզ սովորեցնում էին` ինչպես moodle համակարգում  դասընթաց ստեղծել: Իսկ արդեն 2018թ.  և 2019թ. ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում ինքներս ստեղծեցինք և վարեցինք դասընթացներ ուսուցիչների համար,  որոնց մասնակցում էին տարբեր մարզերի ուսուցիչներ:

 Իսկ մինչ այդ, 2013 թվականից ես և Լուսինեն ստեղծել և ԿՏԱԿ-ի Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարանում» տեղադրել էինք բազմաթիվ շնորհանդեսներ, որոնց կիրառումը հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և ինտերակտիվ: Մեր տեղադրած ցուցադրումները, բաց դասերի պլաները և այլ նյութեր օգտագործում են հանրապետության շատ ուսուցիչներ: Անհամեստ չհնչի, բայց մեզ բոլորը ճանաչում են՝ շնորհիվ մեր ստեղծած ուսումնական նյութերի, և տարբեր հանդիպումների ընթացքում ասում, որ օգտագործում են դրանք: ՏՀՏ գործիքներին տիրապետելու մեր օրինակը վարակիչ դարձավ՝ սկզբում մեր դպրոցներում, հետո ամբողջ հանրապետությունում: Այսինքն՝ մեր ձեռքը միշտ  եղել է նորարարության զարկերակի վրա»,– Erit.am-ի հետ զրույցում պատմում է «Արտակարգ իրավիճակներում (նոր կորոնավիրուսով պայմանավորված) աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը» ծրագրի համահեղինակ Գայանե Սիմոնյանը։

Ծրագրի հեղինակներ Գայանեն և Լուսինե Ավագյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Տարվա լավագույնները» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հավաքել են ամենաբարձր միավորը՝ արժանանալով հաղթողի կոչմանը։

Մրցույթին նրանք ներկայացրել են «Արտակարգ իրավիճակներում (նոր կորոնավիրուսով պայմանավորված) աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը» ծրագիրը, որը կազմված է ինչպես անհատական, այնպես էլ համատեղ հեռավար դասընթացներից։ Գայանեի վարած դասընթացներում Լուսինեն ներգրավվել է որպես դիտորդ-խորհրդատու ուսուցիչ և հակառակը։

Գայանե Սիմոնյանն աշխատում է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ, իսկ Լուսինե Ավագյանը՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում: Գայանեն պատմում է, որ երկու անգամ՝ 2014 և 2016 թթ.-ին մասնակցել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթին, որը, ըստ նրա, չուներ այս տարի առաջին անգամ անցկացված «Տարվա լավագույնները» մրցույթի թափանցիկությունը․

«Մեզ շատ դուր եկավ այս ձևաչափը, երբ անհատական կամ խմբային եղանակով ուսուցիչները ներկայացնում էին իրենց ծրագրերը: Այս մրցույթի ընթացքում դու ազատ էիր ու կախված չէիր, օրինակ, տնօրենի նախընտրություններից և մարզային վարչությունների կամայականությունից: Մրցութային հանձնաժողովը համեմատում էր ներկայացված բոլոր ծրագրերը և ընտրում լավագույնին, ինչը, համաձայնեք, հրաշալի է»,- մրցույթի մասին իր տպավորություններով կիսվում  է Գայանեն:

Լուսինեի խոսքով՝ ծրագրի միտքն առաջացել է COVID-19 համավարակի շրջանում, երբ հասկացել են, որ իրենց տեսադասերը և դասընթացնեը կարող են օգտագործել նաև աշակերտների համար․

 «2020 թ. մարտ-ապրիլ ամիսներին ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման համակարգում» ստեղծեել և վարել ենք դասընթացներ մեր տարբեր դասարանների աշակերտների համար: Այդ ընթացքում մենք հետևել և վերահսկել ենք մասնակիցներից յուրաքանչյուրի անհատական հաշվետվությունների էջը՝ ունենալով մշտական տեղեկատվություն նրա ակտիվության, գործունեության, դիտումների և առաջադրանքների կատարման վերաբերյալ։      Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունեցել մուտք գործել դասընթաց օրվա իրեն հարմար ժամանակահատվածում և ներկայացված նյութերի  ուսումնասիրությանն ու յուրացմանը տրամադրել այնքան ժամանակ, որքան իրեն անհրաժեշտ է»,- նշում է Լուսինեն և հավելում, որ այսպիսով՝ արտակարգ իրավիճակում սովորողների համար ապահովվել են կրթություն ստանալու հավասար պայմաններ: 
 
2020 թվականի օգոստոսին Գայանեն և Լուսինեն ԿՏԱԿ-ից առաջարկ ստացան «Հեռավար ուսուցման համակարգում» մշակել և իրականացնել հեռավար դասընթաց այն դպրոցների համար, որտեղ մաթեմատիկայի ուսուցիչ չկա: Այդ նպատակով Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի 5-6-րդ դասարանների «Մաթեմատիկա» առարկայի համար նրանք պատրաստել են ամբողջական հեռավար դասընթաց՝ ներառելով իրենց հեղինակած ցուցադրությունները, տեսադասերը և այլ լրացուցիչ ուսումանաօժանդակ էլեկտրոնային նյութեր ու իրականացրել և շարունակում են հեռավար ձևով դասավանդում։

Ուսուցիչները նախատեսում են մյուս ուստարվա ընթացքում ևս Անտառամեջի միջնակարգ դպրոցում շարունակել դասընթացը ու ստեղծել արդեն 7-8-րդ դասարանների «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների ամբողջական հեռավար դասընթացներ: Նրանք պնդում են, որ իրենց դասընթացների ժամանակ աշակերտներն ավելի մոտիվացված են լինում, քանի որ նյութը մատուցվում է ինտերակտիվ շնորհանդեսի միջոցով, մաթեմատիկական խնդիրներին լուծում է տրվում տարբեր հետաքրքիր եղանակներով․

«Հեռավար ուսուցումը արտակարգ իրավիճակներում կրթության շարունակականությունն ապահովող ներկայումս գոյություն ունեցող ամենաարդյունավետ միջոցն է: Այդպիսի եզրահանգման ենք եկել՝  հաշվի առնելով մեր սեփական դիտարկումները, սովորողների և ծնողների դրական արձագանքները, ինչպես նաև գործընկերների մասնագիտական կարծիքը: Համոզված ենք, որ ուսուցչի և աշակերտի՝ առցանց գործիքների ու ՏՀՏ միջոցների օգտագործումը շեշտակիորեն բարձրացնում են թեմայի յուրացման աստիճանը, ուսումնառությունը դարձնում ավելի հետաքրքիր և խթանում սովորողների ակտիվ գործունեությունը։ Հետևաբար, կարևորում ենք ուսուցիչների և սովորողների շրջանում համապատասխան հարթակներում ներգրավվածության ընդլայնումը, աշխատելու փորձի և հմտությունների ձեռք բերումը, ինչպես նաև այդ հարթակների առավելություններն արժևորելու և դրանցում գրագետ գործունեություն ծավալելու մշակույթի ձևավորումը»,- վստահեցնում են մեր զրուցակիցները:

Նրանց խոսքով՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու, առավել լայն շրջանակների ընդգրկելու և փորձի փոխանակման արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծվել են համագործակցային քարտեզներ, որոնք ներառում են դպրոցներ՝ ՀՀ տարբեր մարզերից, Արցախի Հանրապետությունից և եվրոպական տարբեր երկրներից։ Բացի այդ՝ ստեղծվել է էլեկտրոնային ռեսուրսների առցանց գրադարան, որում ներառված են 5-12-րդ դասարանների համար նախատեսված զանազան ռեսուրսներ․

«Ես գիտեմ, որ սա իմ աշխատանքն է, և բնավ նշանակություն չունի՝ որքան եմ վարձատրվում դրա դիմաց: Համոզված եմ՝ ուսուցիչն աշխատում է այնպես, ինչպես կարողանում է՝ իր ուժերի ներածին չափով: Շատ կցանկանայի, որ ուսուցիչների վերապատաստումները լինեին առավել նպատակային: Մեր օրերում շատերն են իրենց սեփական նախաձեռնությամբ մասնակցում տարբեր կազմակերպությունների կամ անհատների իրականացրած վերապատրաստումների, ստանում հավաստագրեր: Դա  շատ ողջունելի  է, սակայն ցանկալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը վերահսկի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացների որակը»,- ասում է Գայանեն:

Նշենք, որ «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել էր 53 հայտ, որից 35-ը անհատական, իսկ 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող էր ճանաչվել 33 ծրագիր, որի առաջին հորիզոնականում հենց տեղ էր գտել մեր հերոսների ներկայացրած ծրագիրը:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ