Այսօր

Հանգստի 7 տեսակ, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին

  19 Փետրվար 2021  28 դիտում
Հանգստի 7 տեսակ, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին

Երբևէ փորձե՞լ եք էներգիայի պակասը լրացնել երկարատև քնի միջոցով: Դրանից հետո ինչպե՞ս եք զգացել ձեզ: Ավելի՞ հոգնած: Քունն ու հանգիստը նույնը չեն՝ չնայած մեզանից շատերը նույնացնում են դրանք: Մենք մտածում ենք՝ եթե մի լավ քնենք` կհանգստանանք, իսկ իրականում աչքաթող ենք անում հանգստի այն տեսակները, որոնք իսկապես անհրաժեշտ են յուրաքանչյուրիս: Որպես արդյունք՝ ունենք գերարդյունավետ, բայց մշտապես հոգնած հասարակություն: Գոյություն ունի հանգստի 7 տեսակ, որն անհրաժեշտություն է յուրաքանչյուրին: Եվ այսպես.

Մտավոր հանգիստ

Ունե՞ք ծանոթներ, ովքեր աշխատանքային օրը պարտադիր սկսում են մի մեծ գավաթ սուրճով, իսկ գուցե ինքներդ եք այդպես վարվում: Սովորաբար այս մարդիկ դյուրագրգիռ են և մոռացկոտ, նրանք դժվարությամբ են կենտրոնանում, իսկ երբ գիշերը պառկում են քնելու, չեն կարողանում «անջատել» ուղեղը՝ անընդհատ մտածելով օրվա ընթացքում տեղի ունեցածի մասին: Նրանք կարող են քնել 7-8 ժամ, բայց արթնանալ այնպես, կարծես, երբևէ չեն քնել: Նման մարդիկ հենց մտավոր հանգստի կարիք ունեն: Դա ուղղելու համար պետք չէ ազատվել աշխատանքից և երկարատև հանգստի մեկնել. պարզապես աշխատանքային օրվա ընթացքում 2 ժամվա պարբերականությամբ մի քանի րոպեանոց ընդմիջումներ կազմակերպեք և շեղվեք գործերից: 

Ֆիզիկական հանգիստ

Հանգստի հաջորդ տեսակը, որի կարիքն ունենք բոլորս, ֆիզիկականն է: Այն կարող է լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ: Պասիվ ֆիզիկական հանգիստը կարող է ներառել քունը և նիհրը, իսկ ակտիվը՝ յոգան, մերսումը, ֆիզիկական վարժությունները, որոնք նպաստում են արյան շրջանառության բարելավմանը և մարմնի ճկունությանը:

Սենսորային հանգիստ 

Վառ լույս, համակարգչային էկրաններ, աղմուկ. այդ ամենն ազդում է մեր զգայական օրգանների վրա: Սենսորային հանգիստ կազմակերպելու համար հրաժարվեք երեկոյան օգտագործել համակարգչային սարքավորումներ, օրվա ընթացքում պարբերաբար մեկ րոպեով փակեք աչքերը:

Ստեղծագործական հանգիստ

Հանգստի այս տեսակը կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ լուծելու կամ նոր գաղափարներ գեներացնելու կարիք ունեն: Դուք հիշո՞ւմ եք, թե երբ եք առաջին անգամ ծով կամ ջրվեժ տեսնել: Ինքներդ ձեզ թույլ տվեք վայելել բնության գեղեցկությունը՝ թեկուզ քաղաքային այգում կամ ձեր բակում: Ստեղծագործական հանգիստը միայն բնությունը վայելելը չէ, այն ներառում է նաև արվեստով զբաղվելը (թեկուզ սիրողական) կամ պարզապես հիանալը: Ձեր աշխատանքային տարածքը վերածեք վայրի, որը ոգեշնչում է. օրինակ՝ փակցրեք սիրելի տեսարանների նկարները: Դուք չեք կարող շաբաթվա ընթացքում 40 ժամ նայել աշխատանքային խառնաշփոթին և ոգեշնչում ակնկալել: 

Էմոցիոնալ հանգիստ

Ունե՞ք ծանոթներ, որոնց բոլորը համարում են հաճելի անձնավորություններ, որոնցից կախված է ամեն ինչ և դուք անհրաժեշտության դեպքում կարող եք հանգիստ զանգել նրանց՝ համոզված լինելով, որ կլսեք՝ «այո»: Այդ մարդկանց հաճախ կարող է թվալ, որ իրենց օգտագործում են, և հենց նրանք ժամանակ առ ժամանակ էմոցիոնալ հանգստի կարիք են զգում. գուցե պարզապես այնպիսի ժամանակի և տարածության, որոնցում ազատորեն կարտահայտեն իրենց էմոցիաները և կդադարեն օգնել մյուսներին: Էմոցիոնալ հանգիստը նաև ճշմարտությունն ասելու, անկեղծ լինելու ուժ է պահանջում: Էմոցիոնալ առումով հանգստացած մարդը կարող է «Ինչպե՞ս են գործերը» հարցին պատասխանել «Ոչ այնքան լավ», իսկ հետո ներկայացնել, թե ինչու:

Սոցիալական հանգիստ

Եթե դուք էմոցիոնալ հանգստի կարիք ունեք, հավանաբար կունենաք նաև սոցիալական հանգստի կարիք: Այս հանգիստն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ում հետ հարաբերություններն են մեզ թարմացնում և ովքեր են էներգիա խլում: Որակյալ սոցիալական հանգիստ ունենալու կամ դրա կարիքն առհասարակ չունենալու համար, փորձեք շրջապատել ձեզ դրական մարդկանցով: 

Հոգևոր հանգիստ

Հանգստի այս տեսակը թույլ է տալիս կտրվել ֆիզիկական և մտավոր սահմաններից, զգալ սեր, լցվել երախտագիտության զգացումով: Առօրյա կյանք ավելացրեք աղոթքը, մեդիտացիան, ձեր գոյության և ունեցածի համար շնորհակալ լինելու սովորույթը կամ պարզապես օգնեք որևէ մեկին: 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ