Այսօր

Էներգիայի կորստի 13 պատճառ

  19 Փետրվար 2021  47 դիտում
Էներգիայի կորստի 13 պատճառ

Չնայած սպորտով զբաղվելուն, քնի նորմալ ռեժիմին՝ էներգիայի պակաս եք զգում: Երեկոյան ո՛չ ընտանիքի, ո՛չ ձեզ համար ուժ չի մնում: Այս երևույթն ունի իր պատճառները: Առաջարկում ենք փորձարկում, որի միջոցով կպարզեք էներգիայի կորստի պառճառները. պարզապես մի քանի օր հետևեք, թե ինչի վրա եք ծախսում ժամանակը, ինչն է ձեզ ուրախացնում և տխրեցնում, ապա համեմատեք ձեր նկատառումները ստորև ներկայացված ցանկի հետ: 

Ի՞նչն է խլում ձեր էներգիան 

Բամբասանք, դժգոհություններ, քննադատություններ

Եթե դուք բամբասում եք, քննարկում ինչ-որ մեկին կամ ձեզ ներքաշում են նման խոսակցությունների մեջ, դրանով իսկ խլում են ձեր էներգիան: Նման զրույցներից հետո առաջանում է հոգնածություն և դատարկության զգացում: Ձեզ պե՞տք է նման շփումը, այն երջանկացնո՞ւմ է: Տոքսիկ շփումները փոխարինեք արդյունավետ քննարկումներով, թույլ մի տվեք ձեզ ներքաշեն նման խոսակցություններում կամ պարզապես փոխեք թեման և կնկատեք, թե որքան շատ էնեգիա ունեք, որը կարող եք օգտագործել սեփական անձի զարգացման համար: Անդադար դժգոհությունների փոխարեն մտածեք, թե ինչպես կարելի է լուծել եղած խնդիրները, չէ՞ որ կենտրոնանալով բացառապես խնդրի վրա, դուք միայն մեծացնում եք դրա մասշտաբները: 

Այլոց խնդիրները լուծելը, բացասական իրադարձությունների մաս դառնալը

Անձնական տարածության սահմանների խախտումը, ներաշխարհի ներդաշնակությունը չպահպանելը բացասաբար են ազդում ձեր էմոցիոնալ վիճակի վրա և նպաստում էներգիայի կորստին: Ընդունված է ապրումակցել փորձության մեջ հայտնված, օգնության կարիք ունեցող մարդկանց: Դա նորմալ է, սակայն մեզ հաճախ չեն սովորեցնում՝ ինչպես ճիշտ ապրումակցել և չվնասել սեփական անձը: Չգիտես ինչու, ընդունված է, որ գլխով ուրիշի խնդրի մեջ մտնելը և համատեղ տառապելը հենց ապրումակցում ու հոգատարություն է: Բայց եթե շուրջբոլորը տառապեն, արդյո՞ք դրանից օգնության կարիք ունեցողն իրեն ավելի լավ կզգա: Շատ ավելի կարևոր է ներքին հավասարակշռությունը, ներդաշնակությունը պահպանելը և լիարժեքության պայմաններում օգնություն ցուցաբերելը: Այդպես դուք ավելի շատ օգուտ կտաք մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը և չեք վնասի ձեզ: Սովորեք ճիշտ պահի կանգ առնել և չընկղմվել այլոց խնդիրների մեջ: 

Խնդրի վրա կենտրոնացվածությունը  

Դուք պարբերաբար նո՞ւյն խնդիրներ ենք ունենում, անընդհատ մտածո՞ւմ եք՝ արդյոք ճիշտ եք խոսել կամ գործել: Այդ ամենը վերածվում է մտավոր մաստակի և խլում ձեր էներգիան: Շատերը կարծում են, որ հենց խնդրի մասին շատ մտածելով՝ հեշտ կլինի լուծում գտնել, բայց նման մտքերն ավելի են խորացնում այն, բացասաբար ազդում ձեր զգացողությունների վրա: 

Ինչ-որ բանի դիմադրելը, ընդդիմանալը

Ցանկացած դիմադրություն էներգիա է խլում: Երբ որևէ կարևոր գործ ունեք, բայց չեք ցանկանում անել այն՝ այդպիսով ընդդիմանալով, ավելի շատ անիմաստ էներգիա եք վատնում, իսկ կարևոր գործերն այդպես էլ մնում են: Եվ ահա դուք առանց էներգիայի ու արդեն նաև տհաճությամբ պետք է անցեք գործի: Մտաբերեք, թե ինչն է ձեզ մոտ դիմադրություն առաջացնում, ինչո՞ւ չեք հասնում ցանկալի արդյունքի: Դիմադրությունը միշտ ներքին կոնֆլիկտ է՝ ձեր ես-ի մի մասն ընդդիմանում է ձեր որոշմանը: Փորձեք հասկանալ՝ ինչո՞ւ:

Անընդհատ նույն բանի մասին մտածելը

Մտավոր աշխատանքն էներգիա է պահանջում: Եթե չեք կառավարում այդ գործընթացը, ապա չզարմանաք, եթե ձեզ սպառված զգաք: Դուք կարող եք ընդհանրապես չկատարել ֆիզիկական աշխատանք, բայց հոգնել մտածելուց: Ինչ խոսք, դժվար է կառավարել, թե ինչ մտքեր հայտնվեն ձեր գլխում, բայց դուք կարող եք որոշել՝ ո՞ր մտքերին ասել՝ «STOP»: Թողեք միայն դրական, ձեզ երջանկացնող և արդյունավետ դարձնող մտքերը:

Էմոցիաները չարտահայտելը

Շատերն են գիտակցում, որ պետք չէ սեփական բացասական էմոցիաները փոխանցել մյուսներին և այդ պատճառով չեն արտահայտում դրանք: Թվում է՝ խնդիրը լուծված է՝ դուք ձեզ իբր հանգիստ և ամենակարևորը բարեկիրթ եք զգում, բայց չէ՞ որ այդ էմոցիաները չեն կորչում: Ձեր ներսում փոթորիկ է, որը խլում է ուժերը և կարող է հանգեցնել հիվանդությունների: Այնպես որ՝ սովորեք ազատվել էմոցիաներից՝ ընդ որում, ինչպես բացասական, այնպես էլ դրական: Գիտակցեք՝ դուք ունեք դրանք արտահայտելու իրավունք: 

Ամբոխի (հատկապես բացասաբար տրամադրված) մեջ գտնվելը

Շատերս զգում ենք դիմացինի վատ տրամադրությունը, իսկ եթե մեր առջև ոչ թե մեկ անձ է, ամբո՞խ... Էներգետիկ քաոսը կարող է հունից հանել, եթե չգիտեք՝ ինչպես պաշտպանվել: Երբեմն հավաքների մասնակցելուց, խաղադաշտից ֆուտբոլ դիտալուց, պարզապես ամբոխի մեջ գտնվելուց հետո դժվար է ուշքի գալ: Էներգիայի կորուստը կարող է ուղեկցվել գլխացավով, անհանգստությամբ: Ծանոթացեք և փորձեք կիրառել էներգետիկ դաշտի պաշտպանությանն ուղղված վարժություններ: 

«Հավերժ զոհերի», մանիպուլյատորների, լացկանների հետ շփումը

Որոշ մարդկանց հետ շփումից հետո մենք պարզապես ուժասպառ ենք լինում: Դուք՝ որպես հասուն և գիտակից անձնավորություն, ինքներդ պետք է որոշեք՝ ում հետ շփվել և ինչ թեմաների շուրջ: Նվազագույնի հասցրեք վերոնշյալ անձանց հետ հաղորդակցությունը, սովորեք ինքներդ կառավարել զրույցները և շրջանցել անցանկալի թեմաները: 

Նեղացկոտությունը

Նեղացած մարդու մտքերը մեծապես վիրավորանքի օբյեկտի շուրջ են պտտվում: Արդյունքում մենք կրկին և կրկին վերապրում ենք նույն իրավիճակը՝ չկարողանալով կենտրոնանալ առօրյա խնդիրների վրա: Կարելի է երկար խոսել, թե ինչ վնասակար է նեղացկոտությունը և ինչ «օգուտ» է այն բերում, բայց մեր նյութն էներգիայի կորստի պատճառների մասին է, ուստի եթե ձեզ համար կարևոր է պահպանել էներգիան, ապա ներելու ուժ հաստատ կգտնվի:

Անավարտ հարաբերություններ, գործեր

Անցյալից մնացած և այդպես էլ չավարտած հարաբերությունները և իրադարձությունները խլում են ներկայի էներգիան, ձեր ուշադրությունը կենտրոնացնում են ոչ թե այս պահի, այլ անցյալի վրա: Ուժ գտեք և անցյալը թողեք անցյալում, նայեք ճշմարտության աչքերին՝ հրաժարվելով պատրանքներից: Իսկ եթե ամեն դեպքում կարծում եք, որ որևէ բան վերականգնելու հնարավորություն կա, քայլ արեք: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այդ փորձը՝ այն կօգնի նոր փուլ սկսել կամ վերջնականապես ավարտել հարաբերությունները: Ցանկացած դեպքում դադարեք ապրել անցյալով կամ ապագայի հույսերով: Այդպիսով, դուք կվերադարձնեք ձեր էներգիայի առյուծի բաժինը և այն կուղղեք իրական նպատակների կայացմանը: 

Սեփական գործերով չզբաղվելը

Երբ չկա սեփական նպատակ, առաջնահերթություն, մեզ մանիպուլյացիայի ենթարկելը հեշտանում է: Շուրջբոլորն անընդհատ խնդրում են տարբեր գործերով օգնել: Արդյունքում մենք էներգիա ենք վատնում տարատեսակ մանր գործերի վրա: Եվ եթե անգամ ժամանակ մնում է, ապա արդեն էներգիա չի մնում մտածելու՝ ինչ է պետք հենց մեզ: Շատերը միտումնավոր են այդպես վարվում, քանի որ չունեն վճռականություն սեփական խնդիրների լուծման և հարմավետության գոտուց դուրս գալու համար: Եթե շարադրվածը ձեր մասին է՝ կանգ առեք և մտածեք՝ ի՞նչ եք ուզում այս կյանքից: Մի՞թե ձեր երազանքը եղել է մշտապես այլոց գործերով և հոգսերով զբաղվելը: Իսկ ձեր երազանքնե՞րը:

Հեռուստատեսություն, համացանց

Համացանցն ու հեռուստատեսությունը ոչ միայն իսկական գող են ժամանակ, այլև էներգիա խլելու տեսանկյունից՝ իհարկե, եթե չեք կարողանում ճիշտ պահին կանգ առնել: Անկեղծ, որքա՞ն ժամանակ եք վատնում համացանցում: Մեկ րոպեով մտնում ես և հանկարծ նկատում՝ անցել է ժամից ավելի: Փոքրիկ փորձարկում կատարեք՝ գրառեք, թե օրվա ընթացքում որքան ժամանակ եք անցկացնում համացանցում և որքան եք դիտում հեռուստացույց: Վստահեցնում ենք՝ այդ թիվը ձեզ կզարմացնի: Բնականաբար, պետք չէ մեզ զրկել 21-րդ դարի ընձեռած հնարավորություններից, սակայն փորձեք կառավարել ձեր ժամանակն ու արդյունքում խնայել էներգիան: 

Վեճերը, կոնֆլիկտային իրավիճակները

Դիմացինի նկատմամբ չարությունն ու ատելությունը ոչ թե պարզապես էներգիա են խլում, այլ քայքայում են մեզ, բացասաբար ազդում առողջության վրա: Դադարեք ձեր էնեգիան օգտագործել վիճելու, չարանալու համար, խոհեմություն և իմաստնություն ցուցաբերեք: Եթե անգամ դիմացինի մոտ թողնենք թույլ մարդու տպավորություն, փոխարենը կխնայեք ձեզ:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ