Այսօր

Գիրք նվիրելու օր․ Ի՞նչ են գնում Երևանի գրախանութներում

  19 Փետրվար 2021  51 դիտում
Գիրք նվիրելու օր․ Ի՞նչ են գնում Երևանի գրախանութներում

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ երևանյան գրախանութները սովորաբար մարդաշատ են լինում։

Erit.am-ը զրուցել է «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ՝ պարզելու, թե ինչ գրականություն են գնում այս օրերին։


«Ամենավաճառվողները միանշանակ Ռոբին Շարմայի երկու գրքերն են՝ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» և «Առաջնորդ՝ առանց պաշտոնի»։ Միայն երեկ մեր գրախաութներում վաճառվել է «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»»  գրքի 107 օրինակ։ Սա ռեկորդային է», – պատմեց Խաչիկ Վարդանյանը։

Վաճառքի թվով ռեկորդային երկրորդ տեղում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը։ Նախօրեին այս գրքի 100 օրինակ է վաճառվել։
«Բուկինիստի» տնօրենի խոսքով՝ լավ է վաճառվում նաև Մարկ Արենի մյուս՝ «Սուրբծննդյան հրեշտակը» գիրքը։

«Այնուհետև գալիս է երեխաների համար 16 գրքից կազմված «Գիտելիքների աշխարհում» մատենաշարը, շատ հարմար գնով՝ յուրաքանչյուր գիրքը 990 դրամով։ Այս շարքում կան այսպիսի գրքեր՝ «Աշխարհում ամեն ինչի մասին», «Ի՞նչ, որտե՞ղ, ինչո՞ւ», «Հետաքրքիր հարցեր ու պատասխանենր», «Զարմանալի փաստեր»», – ներկայացրեց Խաչիկ Վարդանյանը։

Շատ են գնում նաև Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններն ու քառյակները՝ հավանաբար, չմոռանալով, որ Գրքի տոնը սահմանվել է փետրվարի 19–ին հենց ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվա կապակցությամբ։

«Բավականին շատ վաճառվում է նաև Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» գիրքը, «Newmag»-ի հրատարակած «Սիրո հինգ լեզուները», մեր հրատարակած «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» գիրքը,Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ»–ը», – նշեց Խաչիկ Վարդանյանը։

Գրախանութների ցանցի տնօրենի խոսքով՝ հայալեզու գրականությունը հիմա մեծ պահանջարկ է վայելում։ Եթե տարիներ առաջ ռուսական գրականությունը ծավալով գերակշռում էր, իսկ անցյալ 2–3 տարիներին հավասարվել էր հայերենով տպագրված գրականությանը, ապա վերջին օրերի վաճառքները փաստում են, որ մարդիկ ավելի շատ հենց հայերենով են կարդում․

«Վերջին օրերի տվյալներով՝ հայկական գրականության վաճառքը կազմում է 32,3 %, ռուսալեզուն՝ Ռուսաստանից ներմուծված գրականությանը՝ 9,4 %», – ասաց Խաչիկ Վարդանյանը։  

Նրա դիտարկմամբ՝ Գիրք նվիրելու օրը տարեցտարի ավելի սիրելի տոն է դառնում հասարակության համար․

«Նախատոնական այս օրերին ակտիվությունը մեր գրախանութներում անհամեմատելի է։ Սովորական օրերից մի քանի անգամ ավելի վաճառք է լինում և տարեցտարի այդ թիվն աճում է», – ասաց «Բուկինիստի» տնօրենը՝ շնորհավորելով Գրքի տոնի առթիվ․

«Մեզ բոլորիս ցանկանում եմ առողջություն և բարի, հաճելի ընթերցում»։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ