Այսօր

Մշակվում է երիտասարդության ոլորտի առաջիկա 5 տարիների ուղենշային փաստաթուղթը

  22 Փետրվար 2021  131 դիտում
Մշակվում է երիտասարդության ոլորտի  առաջիկա 5 տարիների ուղենշային փաստաթուղթը

Առաջիկայում հանրությանը կներկայացվի «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագիծը: Այդ նպատակով նախորդ տարի մասնակցային սկզբունքով ձևավորվել է նախագծի մշակման աշխատանքային խումբ, որի աշխատանքները սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով ժամանակավորապես առկախվել էին: Այդ ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը, աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում, մշակել է ռազմավարության նախագծի նախնական տարբերակ, որն աշխատանքային  խումբն առաջիկայում կլրամշակի՝ հանրային քննարկման ներկայացնելու համար:



Erit.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ գործընթացը ենթադրում է հանրային լայն մասնակցություն և բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հավաքագրում, ի դեմս՝ մարզային երիտասարդության, ուսանողական խորհուրդների և այլ շահառու խմբերի, որպեսզի բոլորի ձայնը լսելի լինի․

 «Այս փաստաթուղթը պետք է շարունակի անցնել հանրային մասնակցության մի քանի շրջափուլ՝ ներառելով արցախյան վերջին պատերազմով և համավարակի մարտահրավերներով պայմանավորված վերանայումներ, որոնք ներկայում դարձել են առաջնահերթություն: Երբ բոլոր առաջարկություններն ամբողջացնենք, նախագիծը կներկայացնենք հանրության դատին՝ ունենալով երիտասարդության ոլորտի առաջիկա 5 տարվա ուղենշային փաստաթուղթը:  Մեր նպատակն է մշակել այնպիսի հայեցակարգային փաստաթուղթ, որը կնպաստի երիտասարդական ոլորտի համակարգմանն ու զարգացմանը միտված թիրախային ծրագրերի իրականացմանը, կապահովի ոլորտային այլ ռազմավարություններում երիտասարդության շեշտադրումը և, վերջապես, կներառի այնպիսի գործողություններ, որոնք ՀՀ միջազգային և այլ պարտավորություններով արդեն իսկ ամրագրված են ռազմավարական փաստաթղթերում և նպաստելու են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության օրակարգերին»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը և հավելեց, որ փաստաթղթի մշակման գործընթացում անհրաժեշտ է շեշտադրել նաև միջպետական օրակարգերը՝ որքանո՞վ են դրանք կարևոր մեր ազգային շահի ներկայացման ու պահպանման, երիտասարդների զարգացման, նրանց ներուժի բացահայտման և իրացման, մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: