Այսօր

Ազգային գրադարանում օրը թումանյանական էր. նշվել է նաև Գիրք նվիրելու օրը

  22 Փետրվար 2021  47 դիտում
Ազգային գրադարանում օրը թումանյանական էր. նշվել է նաև Գիրք նվիրելու օրը

Հայաստանի ազգային գրադարանը Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա շրջանակում կազմակերպել էր մի շարք միջոցառումներ:

Գրադարանի դահլիճում կայացել է օրվա խորհրդին նվիրված հանդիպում-միջոցառում, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընթերցողներ, աշխատակիցներ: Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով ընթերցանության համաշխարհային միտումները և գիրք նվիրելու խորհուրդը։ Նա գրքեր է նվիրել գրադարանի 5 լավագույն ընթերցողներին, որոնք ընտրվել էին՝ հաշվի առնելով տարվա ընթացքում պատվիրած գրքերի քանակը և գրադարան այցելելու հաճախականությունը:

Տոնական օրվա առթիվ գրադարանի ընթերցողները, աշխատակիցներն ու քաղաքացիները հնարավորություն են ունեցել թափանիվի դարակներից ընտրելու իրենց նախընտրած գիրքն ու նվեր ստանալու այն:

Գրադարանը, սակայն, այս անգամ առաջարկել է կարդալուց հետո ոչ թե տանը պահել գիրքը, այլ ուղարկել «Գրքապտույտի»: Ընթերցասերներին ներկայացվել է գրանցման կարգը և տրամադրվել գրադարանի պատրաստած այն պիտակները, որոնք հարկավոր է փակցնել գրքին՝ այն «ճամփորդության ուղարկելուց առաջ»: Նախաձեռնությամբ հետաքրքրված մարդկանց հատկապես գրավել է այն միտքը, որ գիրքը «Գրքապտույտի» ուղարկելիս յուրաքանչյուր հաջորդ ընթերցող կայքում կարող է գտնել այն անձի անունն ու կոնտակտային տվյալները, որի շնորհիվ գտել է գիրքն ու ընթերցելու հնարավորություն ստացել, ինչպես նաև կարող է հետևել գրքի հետագա ճակատագրին։

Կայացել է նաև Ազգային գրադարանի հրատարակած «Հովհաննես Թումանյան. կենսամատենագիտություն (2001-2020)» գրքի շնորհանդեսը: Կենսամատենագիտության մեջ ներառված մատենագիտական նկարագրություններն արտացոլում են բանաստեղծի՝ 2001-2020 թթ. տպագրված ստեղծագործությունները, փոխադրությունները, թարգմանությունները, նամակներն ու գրաքննադատական հոդվածները, ինչպես նաև նրա կյանքին և գործունեությանը նվիրված հրապարակումները՝ հայերեն և ռուսերեն: